[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊԱՀՈՎԵՆՔ ԱՌՈՂՋ ՔՈՒՆ

3969436.jpgՄարդն իր ապրած կյանքի մեկ քառորդ մասը  անցկացնում է քնած։ Սա նշանակում է, որ քունը մեզ համար կարևոր կենսաբանական և կյանքի համար խիստ անհրաժեշտ  գործընթաց է։ Այսպես, բոլոր երկարակյացներն իրենց ապրած տարիներին միշտ ունեցել են առողջ քուն։ Ընդհանրապես, ամեն օր պետք է քնել 7-8 ժամ՝ բացի նորածիններից, որոնք օրվա մեջ շատ են քնում։ 
Քունը կարևոր ֆիզիոլոգիական գործընթաց է, պարտադիր վիճակ։ Քնի ժամանակ իջնում է մկանների լարվածությունը, թուլանում  շնչառությունը (ցերեկը մեկ րոպեում շնչում ենք 14, իսկ քնած ժամանակ՝ 12 անգամ)։ Նվազում է նաև սրտի ռիթմը (ցերեկը մեր սիրտը 1 րոպեում կծկվում է 70-80 անգամ, իսկ գիշերը դրա հաճախականությունը կարող է իջնել մինչև 60 հարված)։ Պարզ է, քնած վիճակում մեր օրգանիզմը հանգստանում է, կենսապրոցեսները դանդաղ են ընթանում, և մեր օրգանները կարող են ավելի երկար դիմանալ։ Ուստի առողջ ու լիարժեք քուն ունեցողները երկար են ապրում։ Այսպիսով, քունը մարդու և կենդանիների շատ տեսակների համար գլխուղեղի և օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակ է, որն արտաքինից դրսևորվում է նշանակալի անշարժությամբ և արտաքին գրգռիչների նկատմամբ  արտաքուստ նկատելի ռեակցիաների բացակայությամբ։
ՙՔունը գլխուղեղում տարածուն արգելակման պրոցես է՚,- գրել է Ի. Պավլովը։ Ներկայումս քունը բնորոշվում է որպես ուղեղի ամբողջական գործունեության  արդյունք, որի ժամանակ կատարվում է արթուն վիճակում ստացած ինֆորմացիայի  մշակում, գնահատում և ընտրված ինֆորմացիայի փոխադրում երկարատև հիշողության։ 
Տարբերում են քնի մի քանի տեսակներ. ամենօրյա պարբերական քուն, պարբերական սեզոնային քուն, հիպնոսային քուն, անզգայացման քուն և այլն։ 
Քանի որ ներկա լարված ժամանակաշրջանում շատերն են բողոքում ամենօրյա քնի խանգարումից,  խորհուրդներս վերաբերում են քնի այդ տեսակին։ Բայց նաև հիշենք, որ ամենօրյա պարբերական քունը խանգարվում է նաև մի շարք հիվանդությունների  (արյան շրջանառության, շնչառության, մարսողության, արտաթորական և այլ հիվանդություններ) ժամանակ։ Բժիշկն այդ  հիվանդությունները բուժելու հետ մեկտեղ վերականգնում է հիվանդի խանգարված քունը։ 
Հաճախ մեր ամենօրյա պարբերական քունը խանգարվում է մեր իսկ մեղքով՝ խոր, առողջ և լիարժեք քունն ապահովող պայմանները չիմանալու պատճառով։ Քիչ չեն դեպքերը, երբ ժամը 23-ից հետո (քնելու ամենալավ ժամը) մենք սկսում ենք որևէ աշխատանք կատարել, գիրք կարդալ, հեռուստացույց դիտել, կարևոր հարց լուծել... Այսքանից հետո պառկում ենք քնելու, բայց ոչ մի կերպ դա մեզ չի էլ հաջողվում. քնելու բնական ռիթմը խանգարված է։ Անցնում են գիշերային քնելու ժամերը, լույսը բացվում է... Արթնանում ենք անտրամադիր, անհանգիստ, անաշխատունակ վիճակում։ Դժբախտ պատահարների մեծ մասն էլ անքնության պատճառով է լինում։ 
Լիարժեք քուն ապահովելու համար ընթերցողներին առաջարկվում են հետևյալ խորհուրդները։
Ամենաառողջարար քունը լինում է մինչև  կեսգիշեր՝ ժամը 23-ից ոչ ուշ։ Պետք է քնել օդափոխված սենյակում, պատուհանի փեղկը կիսով չափ բաց։ Անկողինը պետք է հարմար և տաք լինի, հեռու տաքացուցիչներից։ Երեկոյան ճարպոտ ու դժվարամարս սնունդ, ինչպես նաև թեյ, սուրճ, շոկոլադ՝ կոֆեին պարունակելու պատճառով չպետք է օգտագործել, դրանք կարող են խաթարել քունը։ 
Քնելուց առաջ կարդալը և հեռուստացույց դիտելը կարող են առաջացնել և՜ դրական, և՜ բացասական հույզեր ու խանգարել քունը։ 
Լիարժեք քնելու համար կարևոր է նաև թեթև գիշերային հագուստը, սիրտն ավելի լավ է աշխատում ցածր բարձի վրա քնելիս։ Անքնության ժամանակ շատ չպետք է դիմել քնաբեր դեղերի օգնությանը, քանի որ կհարմարվեք դրանց ու հետագայում առանց այդ դեղերի չեք կարողանա քնել։ Ավելի լավ է քնելուց առաջ խմել մի բաժակ տաք կաթ՝ մեկ գդալ մեղրը հետը խառնած։ 
Շատ լավ քնաբեր միջոց է գայլուկի (ւՎպսՖ) թեյը։ Մեր բարբառում այդ բույսն ունի  շըրմըշուղ անվանումը։  Գայլուկ-շըրմըշուղի դալար ընձյուղները փնջերով վաճառում են  շուկայում։ Սովորաբար այն եփելուց հետո տապակում են և օգտագործում որպես բանջարեղեն։ Բացի դրանից, գայլուկն ունի օգտագործման այլ կարևոր եղանակներ։ Նրա  կանաչադեղնավուն կոներն օգտագործում են գարեջուր պատրաստելիս։ Գարեջրի հաճելի համը գայլուկից է առաջանում։ Կոներից ստացված եփուկը (թուրմը) օգտագործում են մածուն պատրաստելիս,  Հայաստանում գայլուկի թուրմից պանիր են պատրաստում։
Գայլուկի չորացրած ու մանրացրած կոներից 1,5 ճաշի գդալ լցնում ենք մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, հինգ րոպե պահելուց հետո քամում, թեթև քաղցրացնում ու խմում։ Շատ քիչ ժամանակից կունենանք առողջ քուն։ 
Գայլուկը մեզ մոտ տարածված բույս է։ Այն աճում է գետերի, առուների ափերին, բլուրների խոնավ լանջերին՝ ցածր ծառերի ու թփերի արանքներում։ Սեպտեմբերին ծաղկում է և առաջացնում սկզբում կանաչադեղնավուն, հետո՝ սպիտակադեղնավուն կոներ։ Դրանց բաղադրամասերն ունեն նաև հանգստացնող, քնաբեր հատկություն։ 
Խորհուրդ է տրվում հոկտեմբեր ամսում մթերել գայլուկի կոները, չորացնել և օգտագործել ամենից առաջ որպես քնաբեր։ 
Քնաբեր են նաև անանուխի (մեր բարբառով՝ նանա (ՎÿՑՈ), կատվախոտի (ՉՈսպՐՌՈվՈ) թուրմերը։ Թուրմ պատրաստելու համար 200գ ջրի հետ 15 րոպե  հանգստացնող բույսի տերևներից եռացնում են 15 գ, օգտագործում հացի գդալով՝  օրական երեք անգամ։ 
Երեկոյան օգտակար են հաճելի զրույցները, հետաքրքիր հիշողությունները։ Քնելուց առաջ պետք է կես ժամ զբոսնել մաքուր օդում, դիտել  աստղաշատ տիեզերքը։ Համոզված եղեք՝ այսքանից հետո ձեր քունը կլինի առողջ և խոր։ 
 
Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կենսաբան