[ARM]     [RUS]     [ENG]

ՍԿՍՎԵԼ Է ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Ավանդական դարձած ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ սկսվել է ապրիլի 1-ից և կշարունակվի մինչև 30-ը, ավանդական շաբաթօրյակն էլ հայտարարված է ապրիլի 25-ին: Այդ կապակցությամբ ստեղծված է համապատասխան հանձնաժողով` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ։ 
Քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանի տղեկատվությամբ` մշակվել և հաստատվել է միամսյակի, շաբաթօրյակի անցկացման ծրագիր, որը պատշաճ մակարդակով իրականացնելու համար իրենց մասնակցությունը կբերեն մայրաքաղաքի բոլոր պետական մարմինները, հիմնարկ-ձեռնարկությունները, կազմակերպությունները` անկախ սեփականության ձևից: Բոլոր այդ հաստատությունների ղեկավարությանը հանձնարարված է ընդգրկել թե՜ մարդկային, թե՜ եղած տեխնիկայի ողջ ներուժը, որպեսզի մեծագույնս իրականացվի դրված նպատակը` կարևորելով գալիք իրադարձությունների հիշատակման օրերը: Ըստ Ա. Հակոբյանի՝ քաղաքապետի կողմից կան համապատասխան հանձնարարականներ, համաձայն որոնց մինչև բուն շաբաթօրյակը յուրաքանչյուր շաբաթ օր քաղաքապետարանին ենթակա հիմնարկ-ձեռնարկությունների կողմից կկազմակերպվեն սանիտարական մաքրման աշխատանքներ: Նա նշեց, որ միամսյակի շրջանակներում մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեծ քանակությամբ ծաղկի սածիլներ կտնկվեն: Շաբաթօրյակին նախատեսված է իրականացնել զանգվածային ծառատունկ` այս տարի այն հիմնականում տեղի կունենա Նոր Արեշ թաղամասում, ավելի քիչ քանակով` Համալիրի շրջակայքում:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ