ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿՈՎ

Նոր ավանդույթների այս շարքը շարունակվեց հունիսի 2-ին՝ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում. տեղի ունեցավ Խնոցու փառատոնը: Թե ինչպես է ընթանում խնոցու հարման ողջ գործընթացը, եկել էին ականատես լինելու ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք, բարերարներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից, արտերկրից: Նախագահ Սահակյանը նման միջոցառումները համարեց ազգային ավանդույթների պահպանման և տարածման կարևոր միջոցներից մեկը` շեշտելով, որ դրանք պետք է դառնան ավանդական:

ՙՅըղըթաթախ պարիլյուս ու մըզնըթաթախ պարի օր՚,- այս հոգեհարազատ արցախյան բարբառով ողջույնով մեկնարկեց փառատոնը, որը մինչև վերջ տարան վարող Աշոտ Սարգսյանն ու արցախյան Այան (տատիկը): ՙԱյսօր մենք այստեղ ենք,- ազդարարեցին նրանք,- երկրպագելու արցախցու աշխատանքն ու իմաստնությունը, ճանաչելու ու վայելելու մեր պապերի ավանդածը ու նորեն հաստատելու, որ մենք տերն ենք մեր յըղըպըտառեն՝ մեր պատմությանը, նախնյաց ավանդներին: Թող միշտ խնոցին կախ լինի օճորքից, թոնիրը՝ վառ, ու թոնրահացի տաք շնչից հալվող յըղըպատառն արարումի օրհնանքը լինի՚։ 



Եվ այսպես, մի քանի տաղավարներում տեղադրված խնոցիներով կանայք սկսեցին հարման պրոցեսը: Բոլորի աչքի առաջ ստացված կաթնամթերքը` յուղը, շոռը, թանը, մատուցվեց ավանդական ձևով: Ամենամեծ վայելքն այցելուներն ստացան արցախյան լավագույն, ցավոք, մոռացված ուտեստներից մեկից` քյըլընգյոշից, որի բուրմունքը հեռվից կանչում էր այցելուներին: Անշուշտ, էլ ի՛նչ քյըլընգյոշ` առանց սոխարածի և խաշիլի: Ինչպես նկատեցին այցելուներից շատերը, հարյուր տարի է, ինչ քյըլընգյոշ չենք կերել: ՙԱպրին, ծլին, ծաղկին կազմակերպիչները՚,- սրտաբուխ մաղթանքով ավարտեցին խոսքը նրանք: Անկասկած, խնոցուց ստացած մթերքների ավելցուկն էլ, ինչպես և նախօրոք պատրաստած պանիրն ու մածունը, վաճառվեցին շուկայում եղածից բավական ցածր գներով: Կարծում եմ, կռահեցիք՝ վերջում վաճառելու մթերք գրեթե չմնաց:


Այս ամենն ավարտվեց առատ հյուրասիրությամբ։ Եվ դա խոսում է այն մասին, որ ավարտին տրվող հացկերույթը նույնպես դառնում է ավանդական։ Նշենք, որ այս անգամ դա հնարավոր դարձավ Շուշիի շրջվարչակազմի և Հին Շեն գյուղական համայնքի ղեկավարության մեծ աջակցության շնորհիվ։
Բոլոր այս փառատոների նպատակն է, կարևորեց նախարար Նարինե Աղաբալյանը՝ ամփոփելով միջոցառումը, արցախյան ոչ նյութական մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումը, ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումը:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ