ԿՈՆՔԱԶԴՐԱՅԻՆ 5 ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով հունիսի 13-14-ը Հանրապետական բժշկական կենտրոնում Երևանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և արթրոսկոպիկ վիրաբուժության բաժնի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Վիգեն Մարգարյանը տեղի մասնագետների հետ կատարեց 5 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումներ։
Վիրահատություններն իրականացվել են պետպատվերի շրջանակներում՝ անվճար, անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից։
ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ
Կարեն Ղուկասյանի պարզաբանմամբ՝ նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ձեռք են բերվել ՙԳրուպս Բիսիմպիանտե՚ իտալական ընկերության 5 թանկարժեք պրոթեզներ՝ նախապես խորհրդատվություն անցած և ընտրված համապատասխան հիվանդների վիրահատման համար։ Նշենք, որ մեկ էնդոպրոթեզի գինն ավելի քան 2 հազար եվրո է։ Պետպատվերի շրջանակներում կատարվող կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումները շարունակական են լինելու, հերթագրված են շատ հիվանդներ։ Առաջնահերթությունը որոշվում է բժշկական ցուցումներով, այսինքն հաշվի են առնվում տվյալ հիվանդի կոնքազդրային հոդի մաշվածության աստիճանը և զուտ բժշկական այլ չափանիշներ։

Էնդոպրոթեզները ձեռք են բերվել ՀՀ-ում իտալական նշյալ ընկերության ներկայացուցիչ ՙՆաստա-մեդ՚ ՍՊԸ-ի համագործակցության արդյունքում։ Կ. Ղուկասյանի խոսքով՝ նախատեսվում է նույն ընկերության հետ կնքել հետագա համագործակցության պայմանագիր։
Իտալական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Վիգեն Ներսիսյանի պարզաբանմամբ՝ ՀՀ-ում նրանք գործում են արդեն 8 տարի և աշխատում Երևանի գրեթե բոլոր հիվանդանոցների հետ։
Այս անգամ Ստեփանակերտում կազմակերպեցին ծրագիր, որը ֆինանսավորվեց պետպատվերով։ Իսկ թե ինչու է նախարարությունն ընտրել տվյալ ընկերության հետ համագործակցությունը, Վ. Ներսիսյանը նշեց, որ որակի առումով մյուս ընկերություններն էլ չեն զիջում, պարզապես նպաստեցին աշխատաոճը, արագությունն ու մատչելի գնային քաղաքականությունը։


Տեղադրված կոնքազդրային հոդի էնդոպրոթեզները փոխում են հիվանդների կյանքի որակը։ Հիվանդներն այլևս ցավեր չեն ունենում, և որոշակի վերականգնողական բուժումից հետո նրանց կյանքն էապես փոխվում է։ Մասնագետները հավաստում են, որ էնդոպրոթեզները համապատասախանում են եվրոչափանիշներին, և իրականում ոչ մի տարբերություն չկա՝ դրանք իտալակա՞ն են, գերմանակա՞ն, թե՞ ֆրանսիական, պարզապես մենեջմենթի մեջ է տարբերությունը։ Տեղացի բոլոր բժիշկներն ընդգրկվել են վիրահատություններին, նրանք իրականացնելու են 24-60 տարեկան հինգ վիրահատվածների ամբուլատոր և հետագա վերականգնողական բուժումն ու հսկողությունը։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ