[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Մայիսի 9-ի միջոցառումների կազմակերպման ու համակարգման նպատակով Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր հրավիրված մամլո ասուլիսին պարզաբանումներով հանդես եկան ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, փոխնախարար Գայանե Գրիգորյանը, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Ներսես քահանա Ասրյանը:

ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանի բնորոշմամբ, մենք ապրում ենք ծանր ու դժվար ժամանակներ, սակայն կորուստներով ու տառապանքներով հանդերձ, մենք պարտավոր ենք դիմակայել և համազգային, պետական, հեռահար նպատակներով, ճշգրտված ծրագրերով ընթանալ առաջ: Այս է պատգամում մեզ մայիսի 9-ը, և այս են պատգամում մեր նահատակ տղաները: Ըստ տիկին Ղարախանյանի, մենք ունեցանք մայիսի 9-ը մեր ժողովրդի ուժերի գերլարումով, և հայրենիքի փրկության միահամուռ գիտակցված կամքով հասանք մեր պատմական հայրենիքի ու ինքնության պահպանման հաջողված հաղթանակի, և այսօր դրանից չենք հրաժարվում: Գնում ենք առաջ և ապրում ենք նահատակների հրամաններով ու պատգամներով: Ապա ԿԳՄՍ նախարարը հրապարակեց նախատեսված հիմնական միջոցառումների ծրագիրը, ըստ որի` նախատեսվում են այցելություններ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտում զոհված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների, պահեստազորայինների ու կամավորականների ընտանիքներ: Դպրոցականների միջև անց են կացվելու հայրենասիրական թեմայով շարադրությունների մրցույթ,  ՚՚Ննջեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակվում է ՚՚ երիտասարդական-հայրենասիրական ակցիա:

ՊԲ զորամասերում պետական համույթների ներգրավմամբ կազմակերպվելու են համերգներ ու ազգային-ավանդական ռազմախաղերի մրցույթ: Նախատեսվում են դպրոցականների շրջանում անցկացնել  ՚՚Պատանի հրաձիգ ՚՚  մրցույթ, երիտասարդական արշավներ, ուխտագնացություններ տարբեր ուղղություններով: Հանրապետության ուսումնական հաստատություններում արդեն մեկնարկել են Արիության դասերը:

 ՚՚ Հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում մեզ համար ուղենշային են եղել ոչ թե պարտությունները, այլև հաղթանակները, որով դաստիարակվել են սերունդները… Ճիշտ է, այս տարի վիրավոր սրտով ենք մոտենում մայիսյան հաղթանակներին, սակայն ոչինչ չի կարող ստվերել այդ հաղթանակները, մեր հերոսների կատարած գերմարդկային սխրանքները: Պիտի կարողանանք այս փուլում կրած անհաջողություններից դասեր քաղել և առաջ շարժվել…՚՚,- ասաց  Տեր-Ներսես քահանա Ասրյանն ու ներկաներին իրազեկեց, որ մայիսի 8-ին բոլոր եկեղեցիներում՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտի նահատակ հերոսների, կատարվելու է Ոգեկոչման կարգ /հոգեհանգիստ/: Նույն օրը ժամը 18:00-ին կկայանա Խաչերթ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուց՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սբ. Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ՝ դեպի Հուշահամալիր: Մայիսի 9-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմատուցվի սուրբ Պատարագ ու Հանրապետական մաղթանք:

Նույն օրը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում տեղի կունենա բաց դաս՝ ՚՚Նաղաշ ՚՚ մշակութաժամանցային ծրագրի շրջանակներում, ասմունք, պլենարային նկարչություն, ցուցահանդես-տոնավաճառ, բոդի արտ և այլն:

Ավարտին ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը, փոխնախարար Գ. Գրիգորյանն ու Տեր-Ներսես քահանա Ասրյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: