Հասարակության և ոստիկանության միջև պետք է լինի փոխադարձ վստահություն

Անի Մանգասարյան

 ՙԱզատ Արցախ՚-ի հարցերին պատասխանում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում գրանցվում են մարդու դեմ ուղղված հանցագործություններ, որոնք, թերևս, աննախադեպ են մինչ պատերազմն ընկած ժամանակահատվածի համեմատ։ Ըստ ոստիկանության տվյալների՝ ինչպիսի՞ն է վիճակագրությունը։ Որտե՞ղ փնտրել այդ հանցագործությունների պատճառները։
-Սպանությունների վիճակագրությունը աննախադեպ որակելու ձևակերպումը, որպես այդպիսին, սխալ կլինի, այլ հարց է՝ համեմատել նախորդ տարիների որոշակի ժամանակահատվածի հետ։ Նման դեպքեր, ցավոք, միշտ են եղել Արցախում։ Պարզապես հետպատերազմյան իրադարձությունների ֆոնին այս ամենն արդեն այլ կերպ է ընկալվում։ Այսինքն, մեր վերաբերմունքն է փոխվել այս արատավոր երևույթի շուրջ։ Ըստ ոստիկանության վիճակագրական տվյալների, այո, 2020 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ սպանության և սպանության փորձի դեպքերն այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մեկական դեպքով։ Մնացած դեպքերի գերակշռող մասը ծեծի և մարդու դեմ ուղղված այլ հանցագործություններ են։
-Կային ժամանակներ, երբ մենք ամենուր հպարտանում էինք ներքին անվտանգությամբ, տարաբնույթ հանցագործությունների անընդհատ նվազող թվերով։ Ի՞նչ է փոխվել։ Ըստ Ձեզ, արցախցու հոգեբանության վրա պատերազմի ազդեցության հետևա՞նք է, թե՞...
-Ինչպես հետպատերազմյան բոլոր երկրներում, մեզ մոտ էլ, այո, պատերազմն իր հետքն է թողել։ Փոփոխությունն առաջին հերթին մեր հոգեբանության մեջ է. մարդկային ու տարածքային կորուստներ, տեղահանված և ունեզրկված հայրենակիցներ, հեղհեղուկ խաղաղություն։ Սա է, ըստ իս, այն գլխավոր պատճառը, որ հանգիստ չի տալիս բոլորիս։ Անկախ ամեն ինչից, այսօր մենք ցանկացած բնույթի հանցագործություն բացառելու ուղղությամբ կոնկրետ ու գործնական քայլեր ենք կատարում։
-Ի՞նչ է արվում նմանաբնույթ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։
-Ոստիկանության համակարգի բոլոր ստորաբաժանումների առջև դրված խնդիրներն այսօր մեր ծառայողները կատարում են ամենայն պատասխանատվությամբ։ Նույնիսկ ավելին, քան պատերազմից առաջ էր։ Պատերազմը մեր ընկալումներում շատ բան է փոխել, նաև ծառայության որակն ու իրավապահների՝ ծառայության հանդեպ մոտեցումը։ Դա, կարծում եմ, ունի իր պատճառը։ Ցանկացած բնույթի հանցագործության կանխարգելման ուղղությամբ համակարգի քաղաքային ու շրջանային բաժինների ծառայողների կողմից իրականացվում է համապատասխան աշխատանք։ Այժմ մեր խնդիրն է՝ նման դեպքերը հասցնել նվազագույնի։

-Ըստ վիճակագրական տվյալների՝ հասարակական կարգի խախտումների, այդ թվում նաև զենքի օգտագործման, համեմատաբար ակտիվություն է նկատվում Մարտունու և Մարտակերտի շրջաններում։ Ինչո՞վ է պայմանավորված նման բացասական առանձնահատկությունը։
-Նախ նշեմ, որ զինամթերքի կամովի հանձնման դեպքերը վերջին 2 ամիսների ընթացքում շատացել են։ Երբ ոստիկանները բացատրական աշխատանք էին կատարում զենքի հանձնման վերաբերյալ, շատերը դժգոհում էին, թե պատերազմող երկրում զինաթափում են մարդկանց։ Բայց դա առաջին հերթին նրա համար էր, որ բացառեինք զենքի օգտագործման եղանակով հանցագործությունները։ Այսինքն, մեր նպատակն է, որպեսզի զինադադարից հետո բոլոր ապօրինի զենք կրողները դրանք հանձնեն ինքնակամ, նոր սպառնալիքներից խուսափելու համար։ Արցախում օրինախախտներ ու հանցագործներ միշտ էլ եղել են և կան, իսկ նրանց դեմ պայքարում մենք անզիջում ենք։
-Ոստիկանության կադրային ներկայիս քաղաքականությունն ունի՞ նոր մոտեցումներ։ Ոստիկանների երիտասարդ սերունդը բերու՞մ է ակնկալվող մոտեցումներ, և որո՞նք են դրանք։
-Սերնդափոխությունը կարևոր երևույթ է եղել մեզանում։ Իհարկե, ավագներից սովորելը և այդ փորձը գործնականում կիրառելը պակաս կարևոր չէ։ Այսօր Արցախի ոստիկանությունն իր ամբողջ ներուժով, ծառայողների պատրաստակամությամբ ու պատրաստվածությամբ կարողանում է իր առջև դրված խնդիրը լուծել։ Այո, թերություններ ու բացթողումներ ևս ունենք, որոնց վերացման ուղղությամբ քայլեր ենք կատարում։
-Կարծում եմ, ոստիկանության աշխատանքի հաջողությունը պայմանավորված է նաև հասարակության աջակցությամբ ու կառույցի կողքին կանգնելու պատրաստակամությամբ։ Այդ առումով դրական և բացասական ինչպիսի՞ տեղաշարժեր են նկատելի և ի՞նչ պետք է արվի և՜՜ հասարակության, և՜ ոստիկանության կողմից։
-Այդպես է ոչ միայն ոստիկանության, այլև, վստահ եմ, բոլոր կառույցներում։ Հասարակության և ոստիկանության միջև նախ պետք է լինի փոխադարձ վստահություն։ Ստեփանակերտում գուցե սա այնքան նկատելի չէ, բայց սահմանամերձ բնակավայրերում հասարակությունը մեր ծառայողների հետ միասին լծված է ներքին անվտանգության ապահովման գործին։ Թեպետ փոխօգնության և վստահության առումով՝ անելիքներ դեռևս ունենք։
-Լրատվամիջոցներն օգնողի՞ դերում են, թե՞ խանգարողի։
-Մենք միշտ կողմնակից ենք մեր կառույցի աշխատանքը մեծ լսարաններում ներկայացնելուն։ Պատրաստ ենք միշտ համագործակցել բոլոր լրատվամիջոցների հետ։ Շնորհակալ եմ և Ձեզ՝ այս հարցազրույցի համար։