[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎ ՆՐԱ ԿԵՆՏՐՈՆ ՇՈՒՇԻՆ ՄԻՆՉԵՎ 1917թ. ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Աբրահամ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ

 (Հատվածներ Աբրահամ Կիսիբեկյանի ՙՀուշեր՚ գրքից)

1.ՇՈւՇԻ


Ես ցան­կա­նում եմ այս փոք­րիկ ակ­նար­կով ըն­թեր­ցո­ղին ի­րա­զեկ դարձ­նել, թե մինչև փետր­վա­րյան հե­ղա­փո­խու­թյունն ի­րե­նից ինչ էր ներ­կա­յաց­նում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը՝ իր կենտ­րոն Շու­շի քա­ղա­քով։
Շու­շին, ինչ­պես ղա­րա­բաղ­ցին է ան­վա­նում՝ ՙՇուշ­վա ղա­լան՚, բազ­մա­թիվ տա­րի­նե­րի փա­ռա­հեղ, կուլ­տու­րա­կան կյանք ու­նե­ցող այդ դրախ­տա­վայ­րը հան­դի­սա­ցել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կենտ­րոն-մայ­րա­քա­ղա­քը, նրա գլ­խա­վոր զար­կե­րա­կը, նրա վար­չա­կան, մտա­վոր ու կուլ­տու­րա­կան կենտ­րո­նը, նրա հրա­շա­լի ու ան­զու­գա­կան զար­դը։
Այդ վայ­րը մոտ գտն­վե­լով Շո­շու գյու­ղին, ան­ցյա­լում ծա­ռա­յել է նրան որ­պես ա­րո­տա­տե­ղի, ու այն­տեղ են գտն­վել նրա բի­նա­նե­րը։
Պատ­մա­կան տվյալ­նե­րը վկա­յում են, որ Վա­րան­դա­յի Մե­լիք Շահ­նա­զա­րյա­նը, դա­վա­ճա­նե­լով Ղա­րա­բա­ղի հայ ժո­ղովր­դին՝ Փա­նահ խա­նի պես ո­խե­րիմ թշ­նա­մու հետ դաշ­նակ­ցե­լով ու ա­ջակ­ցե­լով նրան, տեղ տվավ այդ բար­ձուն­քի վրա՝ կա­ռու­ցե­լու Շուշ­վա բեր­դը։
Մե­լիք Շահ­նա­զարն իր այդ քայ­լով Ղա­րա­բա­ղի հայ ժո­ղովր­դի հան­դեպ կա­տա­րեց սոս­կա­լի ոճ­րա­գոր­ծու­թյուն, ո­րի հա­մար պատ­մու­թյու­նը նրա սև ճա­կա­տին դա­վա­ճա­նի ա­նուն դրոշ­մեց, և մեր սե­րունդ­նե­րը, նրան հի­շե­լով, միշտ ա­նի­ծում են և կա­նի­ծեն որ­պես հայ­րե­նի­քի դա­վա­ճա­նի, ո­րի շնոր­հիվ օ­ձը բուն դրեց Ղա­րա­բա­ղի սր­տում։
Շու­շին, ամ­րու­թյան տե­սա­կե­տից խո­ցե­լի լի­նե­լով միայն արևե­լյան կող­մից, նրանք այդ­տեղ էլ կա­ռու­ցե­ցին բեր­դը՝ շր­ջա­պա­տե­լով թե՜ բեր­դը և թե՜ քա­ղա­քը պա­րիսպ­նե­րով ու բուր­գե­րով։ Թե՜ բեր­դը և թե՜ պա­րիսպ­նե­րը կա­ռու­ցել են Մե­լիք Շահ­նա­զարն ու Փա­նահ խա­նը միա­սին` հայ վար­պետ­նե­րի ու բան­վոր­նե­րի ձեռ­քով։
Շու­շին գտն­վում է խոր­դու­բորդ մի լան­ջի վրա, ո­րի արևե­լյան ստո­րին ծայ­րա­մա­սից՝ ներ­քին դար­պա­սից, աս­տի­ճա­նա­բար բարձ­րա­նա­լով՝ հաս­նում է նրա արևմտյան ծայ­րա­մա­սի բարձ­րա­գույն գա­գա­թին՝ Քեր­ծին գլ­խին, ո­րը ներ­քին դար­պա­սից բարձր է մոտ 300-350 մ։
Քա­ղա­քի հա­րա­վա­յին, արևմտյան և հյու­սիս-արևե­լյան կող­մե­րը շր­ջա­պատ­ված են լեռ­նե­րով և ան­դն­դա­խոր ձո­րե­րով և ան­խո­ցե­լի են։
Հա­րավ-արևե­լյան (Սան­գա­րի) կող­մից շր­ջա­պատ­ված պա­րիսպ­նե­րը և բուր­գե­րը, ո­րոնք այ­սօր ծվատ­ված հս­կա­յի տեսք ու­նեն, հան­դի­սա­նում են որ­պես վա­ղուց ան­ցած տխուր օ­րե­րի դժ­բախտ հու­շար­ձան­ներ։
Փա­նահ խանն իր ձեռ­քով հիմք դնե­լով բեր­դին, իր հրա­մա­նով բեր­դը կոչ­վեց ՙՓա­նա­հա­բադ՚, սա­կայն շու­տով կո­րավ այդ տհաճ ա­նու­նը և կոչ­վեց ՙՇուշ­վա ղա­լա՚։
Բեր­դի հիմ­նադ­րու­մը կա­տար­վեց 1752-1754թթ.։ Այս­պի­սով Շու­շին գե­րեզ­ման դար­ձավ Ղա­րա­բա­ղում մե­լի­քա­կան կազ­մա­կեր­պու­թյան։
Րաֆ­ֆին ՙՂա­րա­բա­ղի աստ­ղա­գետ՚ իր վի­պա­կում ա­սում է. ՙՇու­շին պտուղ էր հայ մե­լիք­նե­րի ան­միա­բա­նու­թյան, և կոր­ծա­նեց ա­ռաջ ու ա­ռաջ հայ մե­լիք­նե­րին՚։
Այս­պես թե այն­պես, Շուշ­վա բեր­դը և նրա պա­րիսպ­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ ժո­ղովր­դի դա­րա­վոր տա­ռա­պանք­նե­րի ու հե­րո­սա­կան սխ­րանք­նե­րի և նրա գլ­խով ան­ցած հի­նա­վուրց փո­թո­րիկ­նե­րի լուռ ու համր վկա­ներն են, ո­րոնք նրա պատ­մա­կան ան­ցյալն ա­վե­լի են հե­տաք­րք­րա­կան դարձ­նում։
Շու­շին գտն­վում է այն գլ­խա­վոր ճա­նա­պար­հի վրա, ո­րով պատ­մա­կան Սյու­նի­քը կապ­վում է պատ­մա­կան Ար­ցա­խի հետ։ Այդ կետն իր բնա­կան դիր­քով բարձր է ծո­վի մա­կերևույ­թից 1500մ։

Նրա կլի­ման մեղմ է և ա­ռող­ջա­րար. ա­մա­ռը՝ հով ու զով, ա­շունն ու գա­րունն՝ անն­ման, իսկ ձմե­ռը՝ հա­մե­մա­տա­բար ցուրտ ու եր­կար։ Ձմե­ռը փո­ղոց­նե­րը պա­տում էին սա­ռույ­ցով, մար­դիկ սահ­նակ­նե­րով զբոս­նում էին, իսկ ջա­հել տղա­ներն էլ սղ­ղում էին սա­ռույց­նե­րի վրա­յով։
Քա­ղա­քը խո­րա­սուզ­ված էր պտ­ղա­տու այ­գի­նե­րի ու պար­տեզ­նե­րի մեջ, որ­տեղ ա­ճում էր փար­թամ բու­սա­կա­նու­թյուն, ո­րը հա­րուստ էր ա­նու­շա­հոտ ու ա­նու­շա­համ պտուղ­նե­րով։ Այդ­տեղ ա­ճում էին բո­լոր տե­սա­կի պտուղ­նե­րը, բա­ցի խա­ղո­ղից։ Այս­տե­ղի պտուղ­նե­րից հայտ­նի էին ձմե­ռա­յին տան­ձը, սերկևի­լը, խն­ձո­րը, սա­լո­րը և այլն։
Շու­շին իր սկզբ­նա­կան շր­ջա­նում շատ նե­ղու­թյուն էր կրում ջրի սա­կա­վու­թյան պատ­ճա­ռով։ Քա­ղա­քի հայ­կա­կան մա­սում կար ըն­դա­մե­նը ե­րեք աղ­բյուր, այն էլ սա­կա­վա­ջուր. աղ­բյուր­նե­րից մե­կը գտն­վում էր վե­րին դար­պա­սի մոտ՝ զո­րա­նո­ցին կից, երկ­րորդ աղ­բյու­րը գտն­վում էր քա­ղա­քի կենտ­րո­նա­կան մա­սում, ո­րը կոչ­վում էր ՙՍեյ­րա­նանց աղ­բյուր՚։ Եր­րոր­դը գտն­վում էր թուր­քա­կան սահ­մա­նում և կոչ­վում էր ՙԽա­նին աղջ­կա աղ­բյուր՚։
Ձմեռ­վա ցուրտ օ­րե­րին այդ աղ­բյուր­նե­րը սառ­չում էին և հա­սա­րա­կու­թյունն ստիպ­ված էր լի­նում գոր­ծա­ծել հո­րե­րի ջու­րը, ո­րով Շու­շին հա­րուստ էր, կամ գոր­ծա­ծել ձյու­նի ջուր։
Շուշ­վա բնա­կիչ, ամ­բողջ հա­սա­րա­կու­թյա­նը հայտ­նի ու նրա կող­մից հարգ­ված Թա­մի­րանց Թա­թո­սը, ո­րը մեծ հարս­տու­թյան տեր էր, քա­ղա­քից դուրս կա­ռու­ցել է տա­լիս կա­վե խո­ղո­վակ­ներ (ՙթուն­գա՚) պատ­րաս­տող մի գոր­ծա­րան և այդ թուն­գա­նե­րով քա­ղա­քից մոտ 15-17 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող ա­ռող­ջա­րար ու սառ­նո­րակ ջու­րը բե­րում քա­ղաք։ Այդ ջու­րը մինչև քա­ղաք բե­րե­լը, խմե­լու ջուր էին մա­տա­կա­րա­րում հա­տուկ մար­դիկ, ո­րոնք կոչ­վում էին ՙջր­կիր­ներ՚ կամ ՙսու­չի­ներ՚։ Նրանք ջուր էին բե­րում քա­ղա­քից դուրս գտն­վող սառ­նո­րակ, քաղց­րա­համ աղ­բյուր­նե­րից՝ Ղա­րա­բու­լա­ղից, իսկ լվաց­քի ու կեն­ցա­ղա­յին զա­նա­զան կա­րիք­նե­րի հա­մար՝ ի­րենց բա­կե­րում գտն­վող ջր­հո­րե­րից։ Հա­սա­րա­կու­թյու­նը լվաց­քի ու գլուխ լվա­նա­լու ջու­րը գործ էր ա­ծում բա­ցա­ռա­պես այդ ջրե­րից։
Ջր­կիր­նե­րը կամ ՙսու­չի­նե­րը՚ ու­նեին 1-2 էշ, ո­րոնց վրա էին բար­ձում եր­կու փոք­րիկ, կլոր և տա­փակ տա­կառ­ներ, ո­րոնք տե­ղա­վո­րում էին 1-2 կուժ ջուր։ Այդ տա­կառ­նե­րի կլոր կող­մե­րի վրա ամ­րաց­րած են մի փոք­րիկ շղ­թա­յի եր­կու ծայ­րե­րը, իսկ շղ­թա­յի կենտ­րո­նից՝ մի կեռ, իսկ մյուս տա­կա­ռի շղ­թա­յի կենտ­րո­նից՝ մի օ­ղակ։ Տա­կառ­նե­րը ջրով լց­նե­լով և բար­ձե­լով է­շին՝ կե­ռը ձգում են օ­ղա­կը և, այդ­պի­սով, ա­ռանց որևէ պա­րա­նի քշում է­շը։
Այդ ջր­կիր­նե­րից նշա­նա­վոր էր Գյան­ջում ա­նու­նով մի մարդ, որն ու­ներ սե­փա­կան 3-4 էշ, ո­րոն­ցով ամ­բողջ ժա­մա­նակ ջուր էր բե­րում գլ­խա­վո­րա­պես քա­ղա­քի մե­ծա­մեծ ըն­տա­նիք­նե­րի հա­մար։
Քա­ղա­քը լու­սա­վո­րե­լու խն­դի­րը մեծ չա­փով զբա­ղեց­րել է նրա ա­ռա­ջա­վոր մարդ­կանց։ Տնե­րում վա­ռում էին նավ­թի ճրագ­ներ, իսկ փո­ղոց­նե­րը լու­սա­վո­րում լապ­տեր­նե­րով, մի քա­նի տեղ գործ էին ա­ծում նաև գա­զի լապ­տեր­ներ։ Կա­յին հա­տուկ վար­ձու մար­դիկ, ո­րոնք փայ­տե փոք­րիկ սան­դուղք­նե­րը վերց­րած՝ շր­ջում էին փո­ղոց­նե­րը և ա­մեն օր լապ­տեր­նե­րը լց­նում նավ­թով ու մաք­րում ա­պա­կի­նե­րը։

Մինչև 1905թ. հայ-թուր­քա­կան ընդ­հա­րում­նե­րը Շու­շի քա­ղա­քա­ցի Յուզ­բա­շյան Մո­սես-բե­կը բե­րում է Քա­րին­տակ գյու­ղում գտն­վող Հա­րու­նանց Դա­նիե­լի մե­տաք­սի գոր­ծա­րա­նից է­լեկտ­րա­կան լույս և իր ու իր մի քա­նի հա­րուստ հարևան­նե­րի տներն ու Ա­գու­լյաց ե­կե­ղե­ցու թա­ղում թուր­քաց սահ­մա­նա­կից մի քա­նի փո­ղոց­ներ լու­սա­վո­րում։ 1905թ. հայ-թուր­քա­կան կռիվ­նե­րի պատ­ճա­ռով այր­վում է քա­ղա­քի բա­րե­կարգ այդ թա­ղա­մա­սը, և փչա­նում է նաև է­լեկտ­րա­կան լույ­սը։
Վեր­ջին ժա­մա­նակ­նե­րը քա­ղա­քա­յին ինք­նա­վա­րու­թյու­նը պատ­րաստ­վում էր է­լեկտ­րա­կան լույս անց­կաց­նե­լու, սա­կայն այդ գե­ղե­ցիկ նա­խա­ձեռ­նու­թյու­նը մնաց ան­կա­տար՝ քա­ղա­քի ա­վեր­ման պատ­ճա­ռով։
Շու­շին շատ վա­ղուց ու­ներ իր կո­յու­ղին, երբ այն ժա­մա­նակ Ան­դր­կով­կա­սի քա­ղաք­նե­րից շա­տե­րը չու­նեին։

 

2. ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ
ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ


Քա­ղաքն իր շր­ջա­կայ­քի հետ հա­րա­բե­րու­թյան մեջ էր գտն­վում ե­րեք ճա­նա­պարհ­նե­րով։
ա) Միակ խճու­ղին, որ թուր­քա­կան մա­սից սկիզբ է առ­նում և անց­նում հայ­կա­կան հին գե­րեզ­մա­նա­տան մի­ջով և այդ բարձ­րու­թյու­նից ո­լո­րապ­տույտ կեր­պով իջ­նե­լով մոտ 7-8կմ՝ հաս­նում է ՙՄա­զի կա­մուր­ջին՚, որ­տե­ղից շա­րու­նակ­վե­լով՝ Խա­չե­նի և Աս­կե­րա­նի բեր­դի մի­ջով հաս­նում է Աղ­դամ։ Շու­շին այս խճու­ղու մի­ջո­ցով էր կապ­վում Եվ­լախ կա­յա­րա­նի հետ, ո­րը կոչ­վում էր Շու­շի-Եվ­լախ խճու­ղի։
բ) Երկ­րորդ ճա­նա­պարհն սկիզբ է առ­նում քա­ղա­քի ներ­քին դար­պա­սից և աս­տի­ճա­նա­բար ցած­րա­նա­լով մոտ 7-8 կմ՝ հաս­նում է գե­տին և մտ­նում պատ­մա­կան Վա­րան­դա­յի շր­ջա­նը։
Այդ ճա­նա­պար­հով երթևե­կում էին մար­դիկ մի­միայն գրաստ­նե­րով. այս ճա­նա­պար­հով սայ­լե­րով երթևե­կե­լը հնա­րա­վոր չէր։
գ) Եր­րորդ ճա­նա­պարհն էլ սկիզբ է առ­նում քա­ղա­քի վե­րին դար­պա­սից և կա­մուր­ջի նման անց­նում դե­պի արևմուտք՝ Թթու ջու­րը, Ղա­րաղշ­լաղ հայ­կա­կան գյու­ղը և այն­տե­ղից էլ՝ դե­պի Գո­րիս, և կոչ­վում էր Շու­շի-Գո­րիս խճու­ղի։
1900-ա­կան թթ. սկ­սած՝ Շուշ­վա ա­ռա­ջա­վոր մար­դիկ աշ­խա­տել են Շու­շին կա­պել Եվ­լախ կա­յա­րա­նի հետ՝ եր­կա­թու­ղագ­ծով։
1907-1908թթ. Շու­շիի քա­ղա­քա­ցի հայտ­նի հա­րուստ Սա­րու­խա­նյանն սկ­սեց կա­ռու­ցել այդ գի­ծը։ Նա վեր­ջաց­րեց հո­ղա­յին աշ­խա­տանք­նե­րը։ Կա­ռու­ցեց կա­մուրջ­նե­րը և որ պետք է անց­կաց­ներ եր­կաթ­գի­ծը, սկ­սե­ցին երկ­րում տե­ղի ու­նե­նալ այն­պի­սի դեպ­քեր, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն չտ­վին վեր­ջաց­նե­լու կա­ռու­ցու­մը ու չհա­ջող­վեց քա­ղա­քը եր­կա­թու­ղագ­ծով կա­յա­րա­նի հետ կա­պել։
Ղա­րա­բա­ղը, բա­վա­կա­նին հե­ռու գտն­վե­լով Եվ­լախ կա­յա­րա­նից և չու­նե­նա­լով կազ­մա­կերպ­ված, կա­նո­նա­վոր փո­խադ­րա­կան մի­ջոց­ներ, մեծ դժ­վա­րու­թյուն­ներ էր կրում։
Շու­շիից կամ շր­ջան­նե­րից կա­յա­րան ծան­րու­թյուն­ներ փո­խադ­րե­լը կամ կա­յա­րա­նից Շու­շի՝ կա­տար­վում էր եզ­նե­րի ու գո­մեշ­նե­րի սայ­լե­րով կամ փուր­գոն­նե­րով, իսկ մարդ­կանց տե­ղա­փո­խե­լը կա­տար­վում էր գլ­խա­վո­րա­պես փուր­գոն­նե­րով և դիլ­լի­ջան­նե­րով, իսկ փո­խադր­վող­նե­րի մի չն­չին մա­սը միայն հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ ֆայ­տո­նով փո­խադր­վե­լու, ո­րով­հետև մեծ գու­մար­ներ էին պա­հանջ­վում։ Տրանս­պոր­տը գլ­խա­վո­րա­պես մաս­նա­վոր մարդ­կանց սե­փա­կա­նու­թյուն էր։
Բա­ցի դրա­նից կա­յին եր­կու ակ­ցիո­նե­րա­կան տրանս­պոր­տա­յին ըն­կե­րու­թյուն.
հ.կ.ը. րՑ­ՐՈւՏ­ՉՈվ. ԿոքպրՑՉՏ ‘’ծՈՊ­պՋ­ՊՈ’’.
հՑ­ՐՈւՏ­ՉՈվ. ԿոքպրՑՉՏ ‘’ՀՏրրՌÿ’’.
Այս ըն­կե­րու­թյուն­նե­րը ստա­նում էին բեռ­ներ ու հանձ­նում ի­րենց տե­րե­րին։
Այս ըն­կե­րու­թյուն­նե­րը Շու­շիից տե­ղա­փո­խում էին ծան­րու­թյուն­ներ, ի­րեր, մարդ­կանց՝ Եվ­լախ կա­յա­րա­նը։
Եվ­լա­խից Շու­շի տե­ղա­փո­խու­թյու­նը կա­տար­վում էր Ներ­սես Մար­գա­րի Մե­լիք-Փա­շա­յա­նի տրանս­պոր­տա­յին հիմ­նար­կի մի­ջո­ցով, ո­րը գտն­վում էր Եվ­լախ կա­յա­րա­նում, սա­կայն այս փո­խադ­րա­կան բո­լոր մի­ջոց­ներն ան­բա­վա­րար ու ան­կա­նոն էին։

(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 35« 37« 38, 39, 58)

(Շարունակելի)