Խնուշինակ գյուղը նոր մանկապարտեզ կունենա
Անահիտ Հայրապետյան
Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում շուտով կվերակառուցվի մանկապարտեզի շենքը։ Այս մասին հայտնեց Խնուշինակի համայնքի ղեկավար Կամո Մուրսալյանը՝ հավելելով, որ վերակառուցման աշխատանքների ֆինանսավորումը հանձն է առել Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը։
«Շենքային անմխիթար պայմանների պատճառով այժմ մանկապարտեզ է հաճախում 10 երեխա։Շենքի վերակառուցումը մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կընձեռի գյուղի ավելի քան 63 նախադպրոցական տարիքի երեխաների»,- ասաց համայնքի ղեկավարը։
Նրա հաղորդմամբ՝ ներկայում Խնուշինակի մանկապարտեզի շենքը համեմատաբար բարվոք վիճակում մեկ սենյակ ունի, որտեղ անց են կացվում նախադպրոցական խմբի պարապմունքները։
Կամո Մուրսալյանի խոսքով՝ մանկապարտեզի վերակառուցման մասին հայտարարել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ Այնուհետև վերակառուցման աշխատանքների վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ են ձեռքբերվել։
Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Խնուշինակի տարհանված բնակչությունը գրեթե ամբողջությամբ վերադարձել է։ Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ գյուղում առկա է նաև ազատ բնակֆոնդ, որը վերանորոգման և վերակառուցման դեպքում կարող են տրամադրել տեղեհանված ընտանիքների:
Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի հրետակոծությունների հետևանքով Խնուշինակում 4 տուն է վնասվել․ «Մեկ առանձնատան տանիքն էր վնասվել, որն արդեն վերանորոգվել է, իսկ մյուսները, որոնք նույնպես մասնակի են վնասվել, առաջիկայում կվերանորոգվեն»- ասաց է համայնքի ղեկավարը։
Անդրադառնալով գյուղի օրակարգային մյուս խնդիրներին, Մուրսալյանը մանրամասնեց, որ խնուշինակցիներին հուզող կարևոր խնդիրներից է ոռոգման ջրի բացակայությունը․
«Այս տարի արտեզյան ջրհոր ենք փորել, սկսել ենք ջրագծերի քաշումը»- հայտնեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ջրագծի անցկացման աշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարվա ընթացքում։