Logo
Print this page

Խնուշինակ գյուղը նոր մանկապարտեզ կունենա

Անահիտ Հայրապետյան

  Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում շուտով կվերակառուցվի մանկապարտեզի շենքը։ Այս մասին հայտնեց Խնուշինակի համայնքի ղեկավար Կամո Մուրսալյանը՝ հավելելով, որ վերակառուցման աշխատանքների ֆինանսավորումը հանձն է առել Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը։

«Շենքային անմխիթար պայմանների պատճառով այժմ մանկապարտեզ է հաճախում 10 երեխա։Շենքի վերակառուցումը մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կընձեռի գյուղի ավելի քան 63 նախադպրոցական տարիքի երեխաների»,- ասաց համայնքի ղեկավարը։

Նրա հաղորդմամբ՝ ներկայում Խնուշինակի մանկապարտեզի շենքը համեմատաբար բարվոք վիճակում մեկ սենյակ ունի, որտեղ անց են կացվում  նախադպրոցական խմբի պարապմունքները։

Կամո Մուրսալյանի խոսքով՝ մանկապարտեզի վերակառուցման մասին հայտարարել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ Այնուհետև վերակառուցման աշխատանքների վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ են ձեռքբերվել։

Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Խնուշինակի տարհանված բնակչությունը գրեթե ամբողջությամբ վերադարձել է։ Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ գյուղում առկա է նաև ազատ բնակֆոնդ, որը վերանորոգման և վերակառուցման դեպքում կարող են տրամադրել տեղեհանված ընտանիքների: 

Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի հրետակոծությունների  հետևանքով Խնուշինակում 4 տուն է վնասվել․ «Մեկ առանձնատան տանիքն էր վնասվել, որն արդեն վերանորոգվել է, իսկ մյուսները, որոնք նույնպես մասնակի են վնասվել, առաջիկայում կվերանորոգվեն»- ասաց է համայնքի ղեկավարը։

Անդրադառնալով գյուղի օրակարգային մյուս խնդիրներին, Մուրսալյանը մանրամասնեց, որ խնուշինակցիներին հուզող կարևոր խնդիրներից է ոռոգման ջրի բացակայությունը․

«Այս տարի արտեզյան ջրհոր ենք փորել, սկսել ենք ջրագծերի քաշումը»- հայտնեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ջրագծի անցկացման աշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարվա ընթացքում։ 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.