ՔԱՇԱԹԱՂԻՑ ԾԱՌԵՐԸ` ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Արցախյան 44-օրյա պատերազմը շատերին ստիպեց նոր աչքերով նայել ներկային ու ապագային։ Պատերազմի ավարտից քիչ անց՝ 2020թ. դեկտեմբերի վերջին Գոռ Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծվեց ՙՄիհր՚ ռազմամարզական հասարակական կազմակերպությունը, որը զբաղված է պատանիներին, երիտասարդներին մարզելով։
Ճամբարի մարզումներին մասնակցում են նաև աղջիկներ, իսկ հունիսի 6-ից սկսել է ձևավորվել աղջիկների ջոկատը։ Հունիսի 6-ին հերթական անգամ այցելեցի ճամբար, ներկա եղա պատանիների մարզումներին, որը դաշտում անցկացրեց հրահանգիչ Սևակ Հարությունյանը, ով Բերձորում է 2020թ. նոյեմբերին հանդիպել Գոռին, ծանոթացել, մտերմացել են և այժմ միասին են աշխատում ճամբարականների հետ։ 1999-ից անցել է մարտական ուղի, մասնակից եղել 2016թ. ապրիլյան կռիվներին, Արցախյան 44-օրյա պատերազմին և այսօր իր փորձն էր փոխանցում պատանիներին։ Դաշտային պայմաններում Սևակը պատանիներին սովորեցնում է տեղանքում ճիշտ կողմնորոշվել, ինչպես դուրս գալ օրինակ շրջափակումից կամ գտնել համապատասխան ուղղությունը։ Այս մարզումներին մասնակցում էին նորեկ պատանիներ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին նորից գալ։ Դժվար է, բայց կարևոր է մարզվել, մինչ բանակ մեկնելը։ Գ. Մանուկյանը տեղեկացրեց՝ ճամբարն այժմ մասնաճյուղեր ունի Սյունիքում՝ Կապանում եւ Հարժիսում։ Բացման օրերին այնտեղ էին նաև Կոտայքի մարզում գործող կենտրոնական ճամբարի հիմնական խմբի տղաները։ ՀՀ տարբեր մարզերի պատանիների ծանոթությունն ու ընկերությունը հասակակիցների հետ նույնպես շատ կարևոր է։ Ճամբարում մարզումներն ու դասընթացները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Պատանիներն ու հրահանգիչները 2 գիշեր մնում են տեղում։ Արդեն կա գեղեցիկ ավանդույթ՝ յուրաքանչյուր կիրակի ճամբարն ունենում է հյուրեր։ ՙԿիրակին հոպարների օր է՚, -ասում է Գոռը։ Պատանիներին են այցելում մարտական ուղի անցած, երկրի հոգսերով մտահոգ տարեցներ։ Նրանք ծանոթանում են ճամբարի առօրյային, պատանիների հետ անցկացնում պարապմունքներ, արիության դասեր։ Հունիսի 6-ին ճամբարի հյուրն էր ՙՎահագն՚ ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ Կարապետ Կարապետյանը՝ Մորուք Կարոն։ Կարոյին ծանոթ եմ դեռևս Բերդաձորից։ 1989թգ օգոստոսին միասին մեկնեցինք Բերդաձոր և Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի /ԲԻԽ/ ռազմական ջոկատների կազմում մասնակցում էինք Շուշիի այս ենթաշրջանի պաշտպանությանը, որտեղ 4 հայաբնակ գյուղեր՝ Մեծ Շենը, Հին շենը, Եղցահողը և Տասի Վերստը /Ծաղկաձոր/ շրջապատված էին թուրքաբնակ բնակավայրերով: Արցախյան գոյամարտից հետո Կարոն զբաղված է ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական ծրագրեր իրականացնելով։ Ճամբարում նա ծանոթացավ պատանիների մարզումներին, պայմաններին։ Եղավ համագործակցության պայմանավորվածություն։ Բացի այդ, Կարոն ուներ այլ առաքելություն ևսգ ՙԱրծիվ-30 Արարատ՚ ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Վարազդատ Մկրտչյանի հրամանով հայրենիքին մատուցած ծառայությունների համար հրահանգիչ Սևակ Ստեփանի Հարությունյանը պարգևատրվեց պատվոգրով և մեդալով։ Կգ Կարապետյանը ողջունեց ներկաներին, կարևորեց նման ճամբարների դերը մեր ժողովրդի կյանքում։ Շնորհակալություն հայտնելով պարգևատրման համար՝ Սգ Հարությունյանը վստահեցրեց՝ միշտ կաշխատի պատանիների հետ, որպեսզի հետագայում ավելի կենսունակ ու մարտունակ բանակ ունենանք։
Պատանիներին մարզում է նաև Արցախյան առաջին, 2016-ի ապրիլյան ու 2020-ի պատերազմների մասնակից Ալեքսան Բայանդուրյանը, մարդ, ով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կորցրել է մի ոտքը, սակայն իր մեջ մեծ ուժ է գտել, 2010 թվականին բարձրացել է Արարատ լեռան գագաթ և հաղթանակը նվիրել Եռաբլուրում ննջող քաջորդիներին։ Ալեքսանը շատ է կարևորում, որ պատանիները լինեն կամքով լեցուն, հասնեն իրենց նպատակներին՝ հաղթահարելով հնարավոր բոլոր խոչընդոտները։
Օրվա ընթացքում ճամբարի տարածքում կայացավ նաև ծառատունկ։ Ճամբարականները 30-ից ավելի մատղաշ ՙՊավլինա՚ տեսակի ծառեր տնկեցին։ Ծառերը բերվել են Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղից, ծառատեսակները մշակում էր Հրայր Վանեսյանը, ով մեծ սիրով ճամբարականներին է հատկացրել տնկիները: