ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հունիսի 11-ին Արցախի ժուռնալիստների միության գրասենյակում տեղի ունեցած ՙԿլոր սեղան՚-ը նվիրված էր Հայաստանին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման 100-ամյակին։ Միջոցառման կազմակերպիչներն են Արցախի ժուռնալիստների միությունը և ՙԿաճառ՚ գիտական կենտրոնը։
Բացման խոսքում ԱրԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանը նկատեց, որ իրենց հիմնական նպատակը պատմական փաստը վերաարժևորելն է… Իսկ իրողությունը հետևյալն է. Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը (Հեղափոխական կոմիտե, այն ժամանակվա բոլշևիկյան իշխանության գլխավոր մարմին) իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները՝ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս։ Հայկական ԽՍՀ ժողկոմների խորհուրդը, հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանելի մաս։
Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես տեղական, այնպես էլ Ադրբեջանի մամուլում (ՙԲաքվի աշխատավոր՚, Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի օրգան, 1921թ. հունիսի 22)։ Այսպիսով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միավորման իրավական ամրագրումը։ Միջազգային իրավունքի և նորմերի համատեքստում (միջազգային իրավական իմաստով), կոմունիստական վարչակարգի ընթացքում սա եղավ վերջին օրինական ակտը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։
Ըստ պատմաբան, ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի` հրավիրված ՙԿլոր սեղան՚-ի նպատակը` ոչ այնքան փաստն արձանագրելն է, որքան այդ պատմական իրադարձության կիրառման հնարավորությունների վերհանումը։
Ի՞նչ կարող է տալ այս փաստն այսօր մեզ, ստեղծված այս դժվարին իրավիճակում։ Ինչպե՞ս կարող ենք հենվել պատմական փաստերի, իրադարձությունների վրա` դրանց տալով քաղաքագիտական ճիշտ գնահատական և ինչքանով մենք կարող ենք այդ փաստերը ճիշտ օգտագործելով հասնել մեր քաղաքական նպատակներին։ Ըստ բանախոսի` հենց այդ մտահոգությամբ էլ իրենք նպատակահարմար են գտել հրավիրել այնպիսի գործիչների, որոնք անմիջականորեն ներգրավված են այդ գործընթացներում, և կարող են իրենց առաջարկած փաստերն օգտագործել, դարձնել ռեալ պոլիտիկի գործիքակազմ, և որքան հնարավոր է գիտությունը ծառայեցնել պետական խնդիրների լուծմանը։
Զեկուցողի համոզմամբ` պատմական փաստը չի կորցրել իր արժեքը, և չպիտի ուշադրությունից դուրս մնա, այլ ընդհակառակը, այսօր իսկը ժամանակն է, որպեսզի այդ իրավաքաղաքական փաստը լիուլի օգտագործվի մեր քաղաքական զինանոցում։
Ինչո՞ւ: Հենց միայն այդ փաստը, որ Ադրբեջանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Խորհրդային հանրապետության սահմաններում, պետք է անընդհատ այդ մասին խոսել, բարձրաձայնել։ Երկրորդը. այդ փաստը ճանաչել էր նաև Ազգերի լիգան իր մի շարք որոշումներով, և ամենակարևորը, որը պատմաբանի կարծիքով հրատապ է, այս իրավաքաղաքական փաստը ճանաչվել է նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից։ Արտաքին գործերի ժողկոմատի հաշվետվության մեջ արձանագրված է, որ Ադրբեջանի կառավարության հռչակագրի հիման վրա Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անբաժանելի մաս։ Ըստ Մ. Հարությունյանի` մենք պատմական փաստերը ոչ միշտ ենք օգտագործում քաղաքականության մեջ։
ԱՀ նախագահի միջազգայինն հարաբերությունների հարցերով խորհրդական, պատմաբան Նելլի Բաղդասարյանի դիտարկմամբ` Ադրբեջանն ինչ-որ տեղից քարտեզներ է հանում և մեր բնակավայրերի հանդեպ տարածքային հավակնություններ դրսևորում։ Նրա խոսքով` մենք ևս պատմական փաստերը պիտի մղենք առաջին պլան։ Տվյալ դեպքում մեծ անելիքներ ունի մեր դիվանագիտական կորպուսը։ Ն. Բաղդասարյանն այն կարծիքին է, որ մեր խնդիրը պետք է լինի դիվանագիտական կորպուսի, դիվանագիտական աշխատանքների հիմքում համապատասխան փաթեթների ձևավորումը։
Փոխարտգործնախարար Անուշ Դոլուխանյանի կարծիքով` այսօր Ադրբեջանն առաջին պլան է մղել իբր պատմական փաստերի հանրահռչակումը, ուստի անհրաժեշտ է, որ մենք նույնպես օգտագործենք ոչ միայն պատմական, այլ նաև իրավական և քաղաքական ակտերի հանրահռչակման գործելակերպը։ Նա ևս այն կարծիքին է, որ Արցախի դիվանագիտական կորպուսը լուրջ անելիքներ ունի։ Դոլուխանյանի խոսքով` Արտաքին գերատեսչության ղեկավարը որդեգրել է գործելու և այդ մասին քիչ բարձրաձայնելու քաղաքականություն։ Փոխարտգործնախարարը հավաստիացրեց, որ գերատեսչությունն իր լիազորությունների շրջանակներում շարունակում է այս առումով նպատակային, հետևողական գործունեություն ծավալել։
ԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանի համոզմամբ` պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և տարածաշրջանի 1920-21թթ. իրադարձություններն ու այսօր տեղի ունեցող զարգացումները գրեթե հայելային նմանություն ունեն։ ՙՄենք պիտի շատ հստակ գնահատենք, թե որտեղ է եղել մեր սխալը, որ պատմությունը կրկնվել է և կրկին թիրախում հայտնվել ենք մենք։ Սա նշանակում է, որ պատմական իրադարձությունները չենք կարողացել ժամանակին ճիշտ վերլուծել և գնահատական տալ։ Իհարկե, այն ինչի մասին այսօր մենք խոսում ենք շատ կարևոր պատմական փաստ է, բայց պիտի կարողանանք գնահատել, թե ինչու այդ փաստն իրողություն չդարձավ և դրան հաջորդեցին ինչ-որ իրադարձություններ, որոնք փոխեցին ամբողջ պատկերը՚,-ասաց Վ. Պողոսյանը։ Նրա խոսքով` միջազգային հանրությունը բացի անատամ հայտարարություններից ոչինչ չի ձեռնարկում և մենք ոչ թե պետք է այդ հարցում մեղադրենք միջազգային հանրությանը, այլև հասկանանք, թե ովքեր են դերակատարները։ ՙԻ վերջո, աշխարհը կառավարվում է որոշակի դերակատարների կողմից և մեծ ու փոքր ուժերի հարաբերակցությունը ձևավորվում է հենց այդ տրամաբանության մեջ։ Եվ եթե մենք այսօր որոշակի առումով մեր տեղն ու դերը ընդգծելու համար, մեր ինքնությունը պահպանելու համար պետք է ապավինենք որևէ գերտերության և այդ համատեքստում փորձենք մեր շահերը ճիշտ համադրել, պետք է առաջին հերթին հենց այդ պատմական իրողությունները հաշվի առնենք, հասկանանք` որտեղ է եղել ժամանակին մեր սխալը, և այդ սխալները չկրկնենք՚,-ասաց Պողոսյանը։
Լրագրողների կողմից առաջարկ եղավ բոլոր նմանատիպ փաստերն ու դրանից բխող հարցերը տեղափոխել լայն ու լուրջ քննարկումների հարթակ՝ ոչ միայն պատմական իրողություններից դասեր քաղելու, այլև ճշտելու հետագա անելիքների ողջ շրջանակը։