ՀԱՂՈՐՏԻ. ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՏԱԿ
Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մարտունու շրջանի Հաղորտի գյուղական համայնքը մայրաքաղաք Ստեփանակերտից գտնվում է 35, իսկ շրջկենտրոնից 17կմ հեռավորության վրա։ Ասում են՝ ժամանակին այս գյուղը գտնվում էր անհետացման եզրին։ Այսօր այլ է իրավիճակը։
Բարեբախտաբար, սրտացավ մարդկանց շնորհիվ սարերում ծվարած գյուղը նոր շունչ ստացավ։ Գյուղի երեխաները հաճախում են ՙԹՈՒՄՈ՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որոշները, լինելով աշակերտ, արդեն աշխատանք ունեն։
Համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանը Հաղորտու առաջընթացը, զարգացումը կապում է երեխաների՝ գիտելիքների և հմտությունների հետ։ Ժամանակին Էկոտուրիզմն էր զարգանում համայնքում, պատերազմն ամեն ինչ կիսատ թողեց։
44-օրյա պատերազմի ընթացքում գյուղը 1 զոհ 5 վիրավոր է ունեցել:
Հրետակոծություններից Հաղորտու շենք-շինությունները քիչ են տուժել, բայց գյուղը շարունակում է ապրել տարիներով կուտակված խնդիրներով։
Հաղորտիում ներկայում բնակվում է 40 ընտանիք: Գյուղի դպրոցում սովորում է 30 աշակերտ, իսկ նախադպրոցական տարիքի երեխաները 25-ն են։
Այստեղ մանկապարտեզ, ցավոք, չի գործում։ Գյուղի բուժկետը վերանորոգման կարիք ունի։
Հաղորտեցի մարզիկները պատերազմից հետո շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր առաջնություններում: Գյուղից չորս մարզիկ Արտաշատում մասնակցել է Հայաստանի առաջնությանը սամբո մարզաձևից` զբաղեցնելով մրցանակային տեղեր և արժանանալով երեք մեդալի։
Համապատասխան պայմանների բացակայության պատճառով հաղորտեցի մարզիկները պարապմունքներն անց են կացնում Գիշի գյուղում:
Ընդհանուր առմամբ, համայնքն ունի 176 հա վարելահող, 12.5 հա խոտհարք, 300 հա արոտավայր, 9.2 հա բազմամյա տնկարկ, 5.67 հա պտղատու, 3.13 հա խաղողի և 13 հա թթի այգիներ։
Հակառակորդի հսկողության տակ է մնացել Գևորգավան տեղամասում գտնվող 32 հա տարածքը։
Համայնքը ոռոգման ջրի խնդիր չունի, փոխարենը` խմելու ջրի սակավությունն է սուր զգացվում` հատկապես ամառվա ընթացքում։
Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Մոտ 400 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից պատերազմի ընթացքում ընդամենը 3 գլուխն է կորել, իսկ մոտ 30 մեղվափեթակ մնացել է հակառակորդի հսկողության տակ անցած տարածքում։
Հովանավորի աջակցությամբ՝ հաղորտեցիներին մոտ 100 մեղվափեթակ է նվիրվել, որի շնորհիվ գյուղի գրեթե յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք այժմ զբաղվում է մեղվաբուծությամբ։
Ասում են՝ այստեղի մեղրն ամենամաքուրն ու առանձնահատուկն է։
Հաղորտեցիները սիրում են իրենց գյուղը, իրար օգնելով հաղթահարում են բոլոր դժվարությունները` հարազատ գյուղին նոր շունչ տալու համար։