ԵՂՑԱՀՈՂ. ԱՊՐԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
Շուշի-Բերձոր ճանապարհահատվածից դեպի Եղցահող տանող խաչմերուկում առ այսօր վառվում են գյուղի ճանապարհը ցույց տվող վահանակի եռագույն լույսերը։ Հայոց Եռագույնի լույսերը։
Արցախյան երրորդ պատերազմից հետո Եղցահողի ցուցանակը վնասելու և տեղահանելու փորձեր են արվել, սակայն գյուղի բնակիչները նորից ուղղել, ամրացրել են։
Առաջնագծից ընդամենը 5 կմ հեռավորության վրա եղցահողցիները շարունակում են հող մշակել, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ զբաղվել։
Պատերազմի ամբողջ ընթացքում բնակիչները մնացել են գյուղում, որը, բարեբախտաբար, հրետակոծության չի ենթարկվել։
Շուշիի շրջանի Եղցահողի համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն ասում է, որ գյուղի տղամարդիկ, նախ՝ կամավորագրվել և ընդգրկվել են ՊԲ տարբեր զորամասերի կազմում, այնուհետև կազմավորվել է Եղցահողի աշխարհազորայինների ջոկատը, որին անդամագրվել ու թիկունք են դարձել բոլորը։
Համայնքապետի խոսքով՝ պատերազմից հետո թշնամու հսկողության տակ է մնացել Եղցահողի վարչական տարածքի 40-45 տոկոսը։
Ներկայում գյուղն ունի 37 տնտեսություն՝ այդ թվում յոթ բազմազավակ ընտանիք։
Եղցահողում է վերահաստատվել նաև Հադրութի և Շուշիի շրջանի բնակավայրերից տեղահանված 4 ընտանիք։
Օրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Եղցահող, ծանոթացել գյուղի խնդիրներին ու տվել համապատասխան հանձնարարկաններ։
-Եղցահողցիների համար ներկայումս առաջնային է անվտանգության խնդիրը,- ասում է համայնքի ղեկավարը,- Նախագահը նշել է, որ ռուս խաղաղապահներն ամբողջությամբ վերահսկում են գյուղի և շրջակա տարածքի անվտանգությունը։
Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը Եղցահողում բարձրաձայնել են նաև նոր ջրատար անցկացնելու անհրաժեշտության մասին։ Գյուղը սնող ջրի ակունքը մնացել է թշնամու հսկողության տակ գտնվող տարածքում։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նոր ջրագծի անցկացման նախագծային աշխատանքներն արդեն ընթացք են ստացել։
Երկրի ղեկավարի հանձնարարականով՝ Եղցահողում վերանորոգվում են նաև բնակելի տները՝ վերաբնակիչներ ընդունելու նպատակով։
-Գյուղի ազատ բնակֆոնդը կբավարարի ևս 12 ընտանիք ընդունելու համար։ Բնակիչներին առաջիկայում տրամադրվելու են նոր մեղվափեթակներ ու անասնագլուխ,- տեղեկացրեց Արտակ Հակոբյանը։
Նրա հավաստմամբ՝ առաջիկայում կբարեկարգվեն Եղցահողի ճանապարհները։
Արդեն իսկ լուծված են կանոնավոր գազամատակարարման, էլեկտրամատակարարման, արտաքին լուսավորության, կապի ու համացանցի ապահովման խնդիրները։
Գործում են նաև Եղցահողի բուժկետն ու միջնակարգ դպրոցը՝ 14 աշակերտով։
Ավելացնենք, որ այսօր իր արմատները պինդ պահող այս գյուղի կողքին կանգնած են բարեգործական տարբեր կազմակերպություններ և ԿԽՄԿ-ն։