[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ԶԵՆՔԻ ՀԵՏ ՊՍԱԿՎԵԼՈՒ ԷՐ ԳՆՈՒՄ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Երբեք տող գրելուց, մտքերիս հետ երկխոսությունից այսքան չեմ սարսափել, ծանրացող ձյան պես, հիշողությունն ինձ երբևէ այսպիսի անմշակ տարածքներ չի տարել… առհասարակ, ոչ ես և ոչ էլ քեզ ճանաչողները հազար տարի հետո էլ իրենց իրավունք չեն վերապահի քո մասին խոսել կամ գրել անցյալ ժամանակով, ինձ համար ժամանակի և տարածության մեջ դու իմ մանկության օրերի ամենալուսավոր կերպարն ես:

2003-ի աշնանը, իսկ եթե ավելի հստակ` սեպտեմբերի 1-ին, մենք առաջին անգամ իրար ձեռք սեղմեցինք, սկզբից որպես դասընկերներ, իսկ հետագայում արդեն այդ ձեռքսեղմումը դարձավ ընկերության սկիզբ: Ուղիղ 18 տարի առաջ ես իմ կյանքում արձանագրեցի մի մեծ ձեռքբերում, դա քեզ ճանաչելն էր, դա Արթուր Աղասյան մարդու հետ ճանապարհ անցնելն էր:
Քո տարբերվող տեսակը դեռ դպրոցական տարիներին պարզ երևում էր, և վիճարկելի չէ այն փաստը, որ բոլորը դպրոցում ճանաչում էին քեզ` փոքրամարմին Աղասյանիդ: Թվացյալ բաժանումը, որքան էլ ճակատագրորեն ընդարձակվի, միևնույն է քեզ երկրպագողների, այո, երկրպագողների զորաբանակը չի փոքրանա:
Անկեղծ ասեմ, ի սկզբանե որոշել էի քո կերպարի բնութագրմամբ սկսել այս մենախոսությունը, բայց հետո հասկացա, որ հաստափոր բառարաններ պիտի փորփրեմ, որպեսզի կարողանամ գոնե մի քիչ մոտենալ քո բացառիկությանը…Գիտես ընկե՜ր, երբ տարիներ առաջ մենք մեր դպրոցական տարիներին հիմնած <<ԱՎՈՅԱԿԱՆՆԵՐ>> խմբի գրասենյակում զրուցում էինք խաղաղության ու չխաղաղության մասին, դու միշտ այն համոզմանն էիր, որ այդ երկու երևույթներն իրար լրացնում են: Դպրոցական տարիներին, այդ զրույցների ընթացքում մեզ երբեմն թվում էր, թե ամեն ինչ մի քիչ պաթոսով ենք ընկալում և ներկայացնում, բայց այսօր ես այդ կարծիքին չեմ, դեռ այն տարիներին, դու արդեն մոտենում էիր մի սահմանագծի, որից այն կողմ անմահությունն է, հավերժությունը:
Մարտունու մանկապատանեկան մարզադպրոցի շենքը, մեր` <<ԱՎՈՅԱԿԱՆՆԵՐ>> խմբի հավաքատեղին էր, հիշում եմ, այնտեղ մեր կազմակերպած միջոցառումներն ու պատանեկան հանդիպումները վերջում վերածվում էին ուժեղ բանավեճի, մենք համոզված էինք, որ կարևոր և օգտակար գործ ենք անում և, անհամեստություն չթվա, դա այդպես էլ կար: Հիմա ամեն օր, երբ այնտեղով անցնում եմ, քայլերս ինձնից անկախ դանդաղում են, քո ձայնը միանգամից միակ լսելի երևույթն է դառնում, երբեմն ուզում եմ գնալ, գտնել այն սենյակն ու աշխարհից կտրվել: Հիմա քեզ հետ զրուցելու, քննարկելու թեմաներն ավելի շատ են ու ավելորդախոսությունից զերծ մնալով` ասում եմ, բացի քեզնից ոչ մեկի հետ այսօր պատրաստ չեմ անգամ այդ հարցերի քննարկման եզրերը գտնել:
Ընկեր, ես համոզված եմ, որ հաղթողներն իրականում քեզ նման են լինում:
2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ ամենուր քո քաջագործությունների մասին էին խոսում, և հեռուստաէկրանին հաճախակի հայտնվող, արդեն լեյտենանտ Աղասյանի մասին պատմող կադրերը պատմագրության նոր սկզբի էին վերածվել մեզ համար, մեզնից յուրաքանչյուրը, ով գոնե մեկ անգամ առիթ է ունեցել շփվել քեզ հետ, վստահ էր, որ դու ի վերջո դառնալու ես մեր համազգային պայքարի խորհրդանիշներից մեկը …և չսխալվեցինք:
Զինվորական ծառայության ընթացքում մենք, բնականաբար, ավելի հազվադեպ էինք հանդիպում, համազգեստիդ այնքան էիր սիրահարված, որ ընդամենը մի քանի ժամով, լավագույն դեպքում մեկ օրով էիր գալիս Մարտունի: Խոստովանեմ, քո ամեն այցն ինձ համար տոն էր, գիտեի, որ ուր որ է պիտի զանգես և ասես, որ գալիս ես մեր տուն և մենք մինչ ուշ երեկո պիտի զրուցեինք: Հիշում եմ մեր վերջին հանդիպումը, մեր տնից գնացինք Մարտունու հաղթանակի հրապարակ, քայլելու, գիշերվա երկուսն անց էր, ուժեղ անձրև էր գալիս, բայց մենք զրուցում և վայելում էինք գիշերային լռությունն ու անձրևը…երանի այդ օրը կրկնելու հնարավորություն լիներ…
Արթուր, եղբայր, նույնիսկ բառերդ եմ հիշում, երբ վերջին անգամ հարցրեցի, թե ինչու չես ամուսնանում.
- Համազգեստիս սիրահարվալում բոլա, մին մարդ մի քանե հետ սիրահարվել չի:
Այն ժամանակ և՜ ես , և՜ դու ծիծաղում էինք` պատկերացում չունենալով անգամ, որ դու պատմության մեջ նոր փաստ էիր արձանագրում:
44-օրյա պատերազմը, քո ամեն ասած բառի ճշմարտացիությունը անջնջելի փաստի վերածեց …երբ Հոկտեմբերի 7-ին, իմ ծննդյան օրը, մեր հայրենիքի համար զարկվածների ցուցակում հայտնվեց նաև քո և կրտսեր եղբորդ` Արսենի անունը, իրականությունը վերածվեց ապրելու պարտադրանքի, ես այդ ժամանակ մի փոքրիկ գրառմամբ ասացի, որ առաջնեկս քո անունն է կրելու: Հետո, երբ տեղեկացանք, որ չեն գտնում քեզ, և հնարավոր է դու… հայրդ ավելի քան համոզված էր, որ Արթուր Աղասյան զինվորականին, ոչ ոք չէր կարող գերի վերցնել, դա անկարելի է:
Չգիտեմ, եղբայր, ասելիքս այնքան շատ է, որ մենակ մնալուց վախենում եմ …ուզում եմ խոսքս ավարտել հայտնի երգի տողերով.
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, երգս կիսեմ քեզ հետ,
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, ցավը կիսենք մեկտեղ…