[ARM]     [RUS]     [ENG]

Ռուս խաղաղապահները Թաղավարդում մասնակցել են Մեծ Հայրենականի արցախցի վետերանի հուշաղբյուրի բացմանը

ՙԱԱ՚

Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղում, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ հավաքակազմի (ՌԽՀ) սպաների մասնակցությամբ, բացվել է Հայրենական մեծ պատերազմի արցախցի վետերան, երեք աստիճանների Փառքի շքանշանի լրիվ ասպետ Օսիպ Սահակի Օսիպովի հուշաղբյուրը: Այս մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ հավաքակազմի մամուլի ծառայությունից:

ՙՕսիպ Օսիպովը ղարաբաղցիների՝ Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վառ օրինակ է: Նրանք մյուս ժողովուրդների հետ ուս-ուսի, անկախ ազգությունից և դավանանքից, պաշտպանել են մեր ընդհանուր Հայրենիքի անվտանգությունը, և այս հուշարձանի բացումը կօգնի ապագա սերունդներին չմոռանալ իրենց հերոսներին՚,-հուշարձանի բացման արարողության ժամանակ ասել է ՌԴ խաղաղապահ հավաքակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, փոխգնդապետ Սերգեյ Լ.-ն:
Թաղավարդում Հայրենական մեծ պատերազմի արցախցի վետերանի հուշաղբյուի բացման արարողությանը, որը կայացել է հուլիսի 31-ին, մասնակցել են համայնքապետը, Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաներ, համագյուղացիներ:
Միջոցառմանը` վետերանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո, ծաղիկներ են խոնարհվել  վետերանի հուշատախտակի պատվանդանին:
Հայրենական մեծ պատերազմում Օսիպ Օսիպովը եղել է 89-րդ դիվիզիայի 526-րդ հրաձգային գնդի սակրավորական դասակի ջոկի հրամանատար: Ի դեպ, նա իր գնդում միակը չէր, ով սերում էր Արցախի Մարտունու շրջանից:
Փառքի իր առաջին շքանշանն Օսիպ Օսիպովը ստացել է 1943թ. դեկտեմբերի 5-ին` երկու մարտիկների հետ Կերչ քաղաքում հակառակորդի ականանետային և գնդացրային կրակի տակ 150 մետրը սողեսող հաղթահարելով՝ փշոտ մետաղալարի միջով հակառակորդի պաշտպանության առաջնային գծի ճեղքման ժամանակ ցուցաբերած խիզախության համար: Փառքի շքանշանի երկրորդ աստիճանի նա արժանացել է 1944թ. հունվարի 28-ին` Կերչում մարտական ընկերների հետ հակառակորդի կրակի տակ Կատերլեզ գետի վրայով կամուրջ է անցկացնելու համար: Կամուրջը փլուզվել էր հրետանային կրակի հետևանքով, իսկ Օսիպ Օսիպովը վիրավորում էր ստացել գլխի հատվածում: Բուժօգնություն ստանալուց հետո, նա միացել է կամրջի վերականգնման աշխատանքներին` ապահովելով երկրորդ հրաձգային գումարտակի անցումը գետով: Ավագ սերժանտ Օսիպովն առանձնապես աչքի է ընկել 1945թ. ապրիլի 14-ին Բեռլինի հարձակողական ռազմագործողության ժամանակ Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի հարավային հատվածում: Նա իր ենթակաների հետ անցուղի բացեց հակառակորդի ականապատ դաշտում՝ վնասազերծելով հակատանկային և հակահետևակային 80 ական: Հետագա գործողությունների ընթացքում նրա ջոկն իրականացրել է ինժեներական հետախուզություն և ճանապարհների ականազերծում` ապահովելով հրաձգային ստորաբաժանումների հաջող առաջխաղացումը: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1946թ. մայիսի 15-ի հրամանագրով՝ Հայրենական մեծ պատերազմի ավարտական փուլում, գերմանաֆաշիստական զավթիչների դեմ պայքարում հրամանատարության առաջադրած մարտական խնդիրների օրինակելի կատարման համար, սերժանտ Օսիպ Սահակի Օսիպովը պարգևատրվել է առաջին աստիճանի Փառքի շքանշանով` այսպիսով դառնալով Փառքի շքանշանի լրիվ ասպետ: