ՆՆԳԻ. ԱՅՍՏԵՂ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ
Ննգին Վարանդայի հնագույն բնակավայրերից է, Ննգիով է անցնում Ստեփանակերտ-Մարտունի հիմնական ճանապարհը։
Մարտունու շրջանի այս փոքրիկ բնակավայրը հայտնի է որպես բրուտագործական հնադարյան կենտրոն։ Բրուտանոցը գտնվում է գյուղական գերեզմանատնից ոչ այնքան հեռու՝ պտղատու այգու մեջ՝ կավի հանքավայրի մոտ։ Տարեց Ննգեցիներն ասում են, որ ժամանակին գյուղը մեծ ճանաչում ուներ բրուտագործությամբ։ Այսօր էլ Ննգիում ապրում են բրուտագործներ, նրանց խոսքով՝ նպաստավոր պայմանների դեպքում, պատրաստ են զբաղվել իրենց նախնիների ավանդական գործով։
Գյուղի բնակիչներից շատերը պնդում են, որ ննգեցիներն եկել են Արևմտյան Հայաստանից։ Ասում են, որ Արևմտյան Հայաստանում էլ կար Ննգե անունով բնակավայր, իսկ ոմանք էլ համոզված են, որ գյուղը Ննգի է կոչվել իր թեքության համար, մի կին, մոտենալով մեզ, ասաց.
-Ննգիում ուր նայես հնություն է, ափսոս, գյուղը վերակենդանացման կարիք ունի։
Ննգիի ձորում կան սրբատաշ քարեր, վիմագրեր, խաչքարներ, խոյակներ, որոնք պոկվել և ներքև են գլորվել եկեղեցիների, բերդերի և բնակավայրերի պատերից։
Համայնքի տարածքում առկա է 27 աղբյուր՝ ՙՑորտ՚, ՙՍահակեն՚, ՙԸլբլաղ՚, ՙԸրցախգոր՚, ՙԲալասանեն՚, ՙՕրթեր՚, ՙՊիծի ջուր՚, ՙԱնմահական՚, ՙՉոքած՚, ՙՆերքե՚, ՙՔյութունց՚, ՙՕխտը՚, ՙՀամբարցուն՚, ՙՏանձուն՚, ՙԲովուրխան՚, ՙՎանքի՚, ՙԸլաջա ջուր՚, ՙԸզբաշի ջուր՚, ՙԱկնեն տակը՚, ՙԾլլոկ՚, ՙՆուվերեն ծորը՚, ՙԴերունց՚, ՙԾուվերեն՚, ՙԲլանց բաղեն՚, ՙԸրզմանանց՚, ՙԲազեն՚ և ՙՂզարանց՚։
Գյուղամիջում է գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին։ Այն հատկանշական է չորս սյուներով, մեծ ու փոքր խորաններով, կամարներով, պատերի մեջ ամրացված խաչքարներով և վիմագրերով։ Շինարարական արձանագրությունների համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1858 թվականին, սակայն տեղում պահպանված հնագույն հուշարձանները վկայում են, որ եկեղեցին նախկինում եղածի վրա է կառուցվել։
Ննգիում արտադրական բնույթի բազմաթիվ հուշարձանների հաճախ են հանդիպում։ Արցախի պատմության մեջ կարևոր առիթով հիշվում է Ննգիջանի ջրաղացը։ Ըստ ականատեսների և տպագիր աղբյուրների, այստեղ ընդհատակյա տպարան է գործել։ Համայնքի պատմամշակութային հուշարձաններից են նաև Բովուրխան վանական համալիրը, գյուղատեղի (VII-XIX դդ.) ընդհանուր թվով, հաշվառված է 21 հուշարձան։
Ննգեցիներն ասում են, որ տեղումների ժամանակ գյուղում բավականին նկատելի սողանքներ են լինում։ Ստեփանակերտ-Մարտունի ճանապարահի տարբեր հատվածներում այսօր նկատելի են այդ սողանքների հետևանքները, գյուղի բնակիչները մխիթարվում են նրանով, որ սողանքները հիմնականում նույն տեղերում են առաջանում։ Հանրապետության այս հատվածում սողանքները ստորերկրյա ջրերի ակտիվության հետեւանք են։ Արցախյան 3-րդ պատերազմից հետո այդ ճանապարհն սովորականից ավելի ծանրաբեռնված է, և այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել մայրուղին։ Տեղի բնակիչներն առաջարկում են մի քանի արտեզյան ջրհոր փորել։ ՙՀողի տակից ջուրը հանելով՝ միանգամից երկու խնդիր կլուծվի ՝ նախ սողանքներ չեն լինի, եւ հետո՝ գյուղը կապահովվի ոռոգման ջրով։
Սողանքների պատճառով գյուղը չի գազաֆիկացվում՝ չնայած Ննգու կողքով են անցնում հարևան գյուղերի գազատարերը։ Այս գյուղում ամառ-ձմեռ վառանը տաք է։ Ի դեպ, հաշվի առնելով այն փաստը, որ այսօր բավականին պակասել են վառելափայտ ձեռքբերելու մեր հնարավորությունները, քանի որ հակառակորդի հսկողության տակ են գտնվում մեր հիմնական անտառները, Ննգին նաև այս առումով է դարձել կարևոր նշանակություն ու դերակատարություն ունեցող համայնք՚։
Պատերազմի մասին խոսելիս ննգեցիներն ասում են.
-Մենք լավ գիտենք պատերազմի գինը, երկար խոսել չենք ուզում, մեր ցանկությունը մեկն է՝ խաղաղություն։ Ննգին թե առաջին Արցախյան, թե 44-օրյա պատերազմների ժամանակ թշնամու թիրախում էր։ Վերջին պատերազմի ընթացքում թշնամին Ննգիի անտառներն այրելու համար օգտագործել է ֆոսֆոր պարունակող զենք, որի հետևանքները նկատելի են նույնիսկ հիմա՝ պատերազմից մեկ տարի հետո։
Մեր այցի ժամանակ Ննգիում ակտիվ տեմպերով ընթանում էին տների տանիքների թիթեղապատման աշխատանքներ։
Հայրենի եզերքի նկատմամբ սերն անսահման է այս գյուղում, մեծից-փոքր բոլորը գիտեն արարել, կառուցել և դժվարության դեմ մաքառել։ Ննգին այսօր էլ ապրում է, ննգեցին կրկին արարում է։
Հ.գ. - Մենք գյուղից հեռացանք այն համոզմունքով, որ այդ բնակավայրն ունի բոլոր հնարավորությունները զբոսաշրջային կենտրոններից մեկը դառնալու, հատկապես՝ էկոտուրիզմի առումով։