ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՆԱՑԻ ԴԵՄՔԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կյանքում կնոջ դերի, նպատակների ու անելիքների մասին խոսելիս, թերևս, պատերազմի մասին չես մտածի։ Հին, չարչրկված միտք է՝ պատերազմը կանացի դեմք չունի։ Կնոջ կոչումը կյանք պարգևելն է, ոչ թե կյանքից զրկելը և կամ զրկվելը։ Արցախյան բոլոր պատերազմների ու հատկապես վերջին՝ 44-օրյա պատերազմի ողջ ցավն ու տառապանքը լիովին ապրած բժշկուհիներն ու բուժքույրերը ևս մեկ անգամ վիճելի դարձրին նման մոտեցումը։ Նրանց հանդեպ մեր պարտքը չափման միավորներ չունի, այդ պարտքը վերադարձնելն անհնարին է, և նրանց մասին ինչքան էլ խոսվի՝ թերի է լինելու, քանի որ ամենակարևորը, ամենացավոտը չի բարձրաձայնվելու, բայցև՝ չի մոռացվելու երբեք։
Նրանցից մեկը Հադրութի բուժմիավորման վերականգնող թերապևտ Վալենտինա Մոսյանն է, ով Երևանում տարբեր հասցեներ փոխելուց հետո վերջերս է որոշել ընտանիքով տեղափոխվել Ստեփանակերտ։ Միշտ ժպտերես, բարի ու պատրաստակամ Վալյային Հադրութում բոլորը հատուկ հարգանքով ու սիրով էին վերաբերվում։ Չնայած երիտասարդ տարիքին, նա կինեզոթերապիայի հմուտ մասնագետի համբավ ուներ.
-Սեպտեմբերի 27-ը արևոտ, տաք օր էր, կիրակի, այնքան անելիք ունեի նախորդ օրվանից պլանավորած, արևածագի հետ առաջին պայթյունը լսվեց, հզոր ալիքից ընկա հատակին։
Առաջին ռումբը մեր հիվանդանոցի շտապօգնության վարորդի տան վրա ընկավ, վիրավորներ կային, դա ես հետո իմացա։ Երկրորդը դիվիզիայի շենքը վնասեց, մեր տունը շատ մոտ էր, թվում էր՝ մեր բակում է պայթել։ 11 տարեկան աղջիկս էր մոտս, հարսս ու 4 ամսական թոռս։ Փոքր տղաս ժամկետային զինծառայող էր, դիրքեր էին տարել էդ օրերին։ Աղջկաս ամուսինը ՊԲ սպա էր, պատկերացրու իմ վիճակը։ Ամուսինս առաջին պատերազմի մասնակից էր, հետո մնաց բանակում։ Պատերազմում չէր վիրավորվել, բայց հետո ականի պայթյունից վիրավորվեց։ Չնայած դրան՝ ավագ որդուս հետ կամավորագրվեց նույն օրը։ Մենք աղջիկներով եկանք Տումի, մեծ աղջիկս երեխայի էր սպասում, փոքրս լավ վախեցած էր պայթյուններից։ Մտածում էինք՝ մի քանի օր կտևի, կկանգնեցնեն։ Հաջորդ օրը հիվանդանոցում աշխատող ընկերուհիս ասաց՝ վիրավորները շատ են։ Երկար մտածելու ժամանակ չկար, սահմանում դիրքեր փորելու համար բահերով բեռնված մի բեռնատար գտա։ Չհասած Հադրութ՝ Թութակում, առաջին պատերազմից հայտնի պոստում, մեքենան փչացավ, մոտիկ պայթյուններ էին լսվում։ Հիշում եմ, հենց էդ պահին տղաս դիրքից զանգեց՝ մա՜մ Տումիից ուրիշ տեղ չգնաս։ Խաբեցի, ասացի Տումիում եմ։ Հոսպիտալում արդեն վիրավորները շատ էին, բերում ու բերում էին։ Կլինի՞ մի օր, որ էդ օրերը էլ չհիշեմ։
Վալենտինան հոսպիտալային 24-ժամյա աշխատանքի մասին պատմում է ցածրաձայն։ Հոսպիտալում մնացել էին Հադրութի գրեթե բոլոր բժիշկները։ Բուժմիավորման տնօրենը՝ Արա Երեմյանը փորձ ուներ, որքան ներում էր հիվանդանոցի հնարավորությունը, տեղավորում էր վիրավորներին։ Առաջին իսկ ժամերին արգելել էր բուժանձնակազմին զանգել դիրքերում գտնվող հարազատներին։ Երևանից Տարոն Տոնոյանը եկավ, որդին Հադրութում էր ծառայում, բուժակ էր։ Բոլոր կանայք մարտի դաշտում հարազատներ ունեին։ Վալենտինան իր ընտանիքից 4-ին էր ճանապարհել։
- Հենց վիրավորներ բերող մեքենայի ձայն էի լսում, դուրս էի նետվում, վիրավորների ու դիակների մեջ հայացքով նախ փնտրում ամուսնուս ու որդիներիս։ Բոլորս էինք այդ վիճակում՝ բուժքույրերից Իրան, Լուսինեն։ Հոկտեմբերի 6-ին վիճակն անտանելի էր դարձել, շատ էին ռմբակոծում հիվանդանոցի մոտակայքը։ Հատուկ թիրախավորում էին մեր շտապօգնության մեքենաները, քանի ռազմական բժիշկ ու բուժակ, սանիտար կորցրինք այդ օրերին։ Ինչ հերոս տղաներ էին։ Այդ օրերին հադրութցիների մեծ մասն արդեն տեղափոխվել էր ապահով բնակավայրեր։ Երեմյանը որոշում ընդունեց տեղափոխել հոսպիտալը, ասաց, որ մենք թշնամու համար գերկարևոր թիրախ ենք դարձել ու հրահանգեց, ընդհանրապես, չօգտվել հեռախոսներից։ Մեխակավանի հոսպիտալը տեղափոխեցին Տող, մենք եկանք Ազոխ, տեղավորվեցինք դպրոցի նկուղային հարկում։ Շատ ծանր վիրավորներին անմիջապես Երևան էինք ուղարկում։ Տարոն Տոնոյանը օրվա մեջ հինգ րոպե չէր հանգստանում, վիրավորների հետ խոսում էր ժպիտը դեմքին, բայց թաքուն լացում էր։ Հետո իմացա, որ տղաս էլ էր վիրավորվել, բայց անգամ չէր դիմել բուժակի, ինքն էր կապկպել վերքը։ Հիշում եմ՝ մի տարիքով աշխարհազորային, ժամկետային որդուն գրկած, իջեցրեց մեքենայից, աղաչում էր փրկել, շատ էր ծանր, մահացավ հոսպիտալում։ Ինչ ասեմ, էս ամենից հետո գոնե էդքան հողեր չկորցնեինք...
Հետո Հադրութը ընկավ, քաղաքացիական վիրավորների հոսք սկսվեց, շատ տարեցներ հրաժարվել էին հեռանալ Հադրութից, նրանց գազանաբար սպանեցին։ Հիմա ասում են՝ խաղաղության օրակարգում ենք ապրելու։ Էդ գազանների հետ պիտի ապրե՞նք։
Հոկտեմբերի 14-ին հիվանդանոցի տնօրենը՝ Երեմյանն ասաց, որ տղամարդիկ մնում են, բայց կանանց տեղափոխում են Գորիս։ Վատ զգացողություններ ունեի, հետո իմացա, որ տղաս օրեր շարունակ մի մեծ խմբով շրջափակման մեջ էր ընկել, հրամանատարը ազոխեցի էր՝ Խորենը, նրա շնորհիվ կարողացան դուրս գալ Մարտունու ուղղությամբ, որովհետև Հադրութն արդեն մեր ձեռքին չէր։ Խորենը հետո զոհվեց, հերոս հրամանատար էր։ Ամուսինս մի օրով եկավ, մեզ տեղափոխեց Գորիս, ինքը հետ գնաց։
Մի զինվորական տաք բաճկոն կար մոտս, հագնում էի, խաչ ասեղնագործեցի կրծքին, տվեցի ամուսնուս, ինքը հագավ, հետո դիրքերում տվեց տղայիս։ Գուցե հենց էդ խաչը փրկեց նրանց։ Հետո աղջկաս ամուսինը՝ Անդրեյը զոհվեց, մի ամսից պիտի երեխա ծնվեր։ Եռաբլուրում հուղարկավորեցինք։ Մնացինք Երևանում, ամուսինս չկարողացավ մնալ։ Ասաց՝ ես Ղարաբաղ եմ գնում։ Եկավ, կառավարությունն օգնեց՝ տուն տրամադրեցին, հիմա հավաքվում ենք ողջ ընտանիքով։ Առայժմ ոչ ամուսինս աշխատանք ունի, ոչ ես։ Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Երևանում աշխատում էի, յոթամսյա դասընթացներ եմ անցել նաև բժշկական համալսարանում։ Երևի շուտով կկարողանամ աշխատանքս վերականգնել։
Ես Տումիում եմ մեծացել, մեր գյուղը միշտ էլ թիկունք է համարվել։ Հիշում եմ՝ 1991-ին Հադրութի 14 գրաված գյուղերի բնակիչներին ընդունեց։ Ապրեցին, դիմացան, հետո ինքնակազմակերպվեցինք և ազատագրվեցինք էդ գյուղերը։ Համարյա բոլորը բնակիչները վերադարձան և հիմնահատակ ավերված գյուղերը վերականգնվեցին։
Ես ինձ հավատացյալ չեմ համարում, բայց հիմա ամեն օր նույն խնդրանքով եմ դիմում աստծուն, որ օգնի մեզ վերադառնալ մեր տները, որ ավարտվի էս մղձավանջը։ Արդարությունը մի օր պիտի հաղթի՞, թե ոչ։