ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԸ` ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԻՑ…
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Սահմանամերձ Թաղավարդում ենք…որոշում ենք ոտքով շրջել գյուղում, ՙշոշափել՚ մարդկանց տրամադրությունը, ծանոթանալ նրանց ետպատերազմյան նիստ ու կացին… Իսկ որ պատերազմը արմատապես ՙխմբագրել է՚ նրանց ապրուստն ու կյանքը, դրանում երկու կարծիք լինել չի կարող։
Բակերից մեկից աշխույժ խոսակցություն հասավ մեր ականջին, բակի շունն էլ պլշած մեզ էր նայում, շանը ՙսիրաշահելով՚` ներս մտանք… Դռների մոտ, մեզ, լայն ժպիտը դեմքին, դիմավորեց միջահասակ տանտերը՝ Արամայիսը. հետո էինք իմանալու, որ իրականում տանտերը նրա 91-ամյա հայրն է՝ մեզ համար Բորիկ պապը։ Կեսօրյա հացի ժամն էր, մեծ ընտանիքը բոլորել էր սեղանի շուրջը, հյուրեր էլ ունեին… Թխահեր ու թեթևոտն Զարինե հարսիկը աշխույժ ներսուդուրս էր անում, սեղանի ուտելիքը թարմացնում, ավելորդ աման-չամանը հեռացնում: Իսկ սեղանի պարունակությանը միայն նախանձել կարելի էր… Էլ տնական թթու, էլ գոմեշի մածուն, պանիր, շոր ու թան, մնացածն էլ չասեմ ու խնայեմ ընթերցողիս ախորժակը, իսկ ամենակարևորը՝ սեփական արտադրության, մաքուր ու անարատ, ինչպես սարերից շնշկոցով գյուղ հասնող օդն ու զուլալ աղբյուրների կենարար ջուրը։ Փառահեղորեն սեղանի գլխին բազմած Բորիկ պապը, առարկություն չընդունող տոնով, մեզ հրավիրում է մի կտոր հաց կտրել ու ես սիրահոժար տեղավորվում եմ նրա տիկնոջ՝ Քնարիկ տատի կողքին ու սկսվում է մեր մտերմությունը… Քնարիկ տատը նույն գյուղից է հարս եկել, նա թեքվում է ականջիս, բայց այնպես է շշուկում, որ ամուսինը լսի՝ փախցրել է, ասում է ու գլուխը նորահարսի ամոթխածությամբ կախում։ Պապին իրենից գոհ չափում է անկոչ հյուրերիս ու մենք նրա հայացքից հասկանում ենք, որ նա փախցնող տղամարդկանցից է։ Մի փոքր անց, երբ սեղանակից տղամարդիկ ՙտաքանում՚ են ու սեփական արտադրության թթի օղու շիշը մի երկու պտույտ է կատարում սեղանի շուրջը, ՙտաքանում՚ է նաև բոլորին հուզող թեման՝ գյուղի գլխով անցած վերջին իրադարձությունները… Տղամարդիկ նեղսրտում են՝ իր օրերում թուրքի ոտք չտեսած գյուղը ոտքի կոխան է դարձել… Հետո նրանք, ցավը հոգում անթեղելով, իրենց գյուղի պատմության լուսավոր էջերն են հիշում, նշանավոր մարդկանց մտաբերում ու նրանց կեսօրահացին մանանա է խառնվում՝ Արցախյան բարիքների համ ու հոտով։ Տան, օջախի ՙբարիքներն՚ էլ մեր հոգու համար պակաս մանանա չեղան… Քնարիկ տատը հայկական ավանդապահ օջախում 5 որդի է լույս աշխարհ բերել, գյուղական հոգսերն ու զրկանքներն արհամարհելով` շահել ու պահել, ամուսնու հետ թև ու թիկունքի մի կտոր հացի տեր են արել զավակներին ու հիմա իրենց վաստակած տարիներն են վայելում՝ ճիշտ ու ճշմարիտ ապրած օրերի բարձունքից փառք տալով Աստծուն։ Քնարիկ տատը հիշում է, թե ինչպես է հարսնություն արել, սկեսրոջ մահից հետո կեսրայրին 20 տարի տիրություն է արել, 9 հոգու հետ անխոս հարս է եղել, բոլորին անխոս ծառայել է ու բոլորից էլ ոսկիներ է նվեր ստացել, բայց ոչ մեկը տան հարսի ձեն-ծպտունը այդպես էլ չի լսել։ Հիմա էլ հարսը՝ Զարինեն է այդպես նվիրված ծառայում ընտանիքի մեծ ու փոքրին, բայց Զարինեն իր նման անխոս չէ։ Զարինե հարսն էլ շատ գործունյա է, բայց սկեսրոջը չի հասնի, նա մենակ 7-8 գոմեշ էր կթում ու խնամում, էլ չասենք մնացած ընտանիքների մասին, որով իրենց տնամերձի գոմերը լիքն էին։ Դա դեռ քիչ է, ամեն օր 5 կմ ճանապարհ է կտրել ոտքով գնացել վերևի գյուղը, միայնակ ծերերին խնամել, նրանց համար հաց-ջուր արել ու ետ եկել։ Գյուղխորհրդին կից այդպիսի հաստիք կար, միայնակների խնամքի ծրագիր էին իրականացնում ու սոցիալական աշխատանքի դիմացն օրական էին տալիս։ Այնքան օրհնանքներ է ստացել, որ մինչև կյանքի վերջը օրհնյալ է։ Ամուսինը դրսի մարդ էր, բայց վաստակածը տուն էր բերում, 63 տարի միասին օր ու գիշեր են արել, դրա համար էլ զավակներին կարողացել են իրենց մուրազին հասցնել։ Այսօր էլ Քնարիկ տատի ձեռքից գործ չի պրծնում, հարսի հետ դեռ կարողանում է ոտք մեկնել, միայն հաց թխելու տեփն է նրան փոխանցել, աջ ձեռքը մի քիչ թուլացել է։
44-օրյա պատերազմի օրերին Բորիկ պապը 9-ը համագյուղացիների հետ մինչև վերջին օրը մնացել են գյուղում, իրենց տանը… Իրենց պատվից ցածր են համարել, որ այդ պատկառելի տարիքում թուրքի առջևից փախչեն, ջահելներին զուլումի բերանը թողնեն ու հեռանան։
Ողջ ձորակն է նրան ճանաչում, միայն 40 տարի գյուղի էլեկտրիկն է եղել, բոլորի դռնով մտել-դուրս է եկել, հարգանք ու պատիվ է վաստակել, 10 տարի էլ սպիրտի գործարանում է աշխատել, իսկ այս վերջին տարիներին, որտեղ լավ սեղան է եղել, գլխին նստած էր ու քեֆ էր անում, մինչև չարաբաստիկ պատերազմական օրերը վրա հասան։ Մեծ պապի տրամադրությունը բարձրացնելու համար ասացի պապի, որ կյանքդ նորից սկսեր էլի Քնարին կառնե՞ս, թե աչքիդ տակ մեկ ուրիշին էլ ես ունեցել… չէ, էլի իրեն կառնեմ՝ ասաց, ու երբ հարցրի փաստորեն գո՞հ ես կյանքիդ ընկերուհուց, պապին, առանց երկար-բարակ մտածելու, հակադարձեց. չէ դժգոհ եմ, հինգ որդի պարգևեց, չկարողացավ մի աղջիկ նվիրել ինձ, ապա, կնոջ հայացքին չդիմանալով, սրբագրեց խոսքը. ՙՆա է, որ ինձ դիմացել է՚։ Օրն իրիկնանում էր, երբ դժվարությամբ ու դժկամ հրաժեշտ տվեցինք ընդամենը ժամերի ընթացքում մեզ հարազատ դարձած արցախյան ավանդական ու ավանդապահ ընտանիքին` մեր հոգում տանելով մեծ ընտանիքի ընտանեկան ջերմությունն ու տաք օջախի կենսաթրթիռ տրոփյունը։
Հ.Գ.
Մեր գործուղման օրվանից մեկ շաբաթ էլ չանցած` ստացանք մեզ համար անչափ ցավալի գույժը… Երկրային կյանքին հրաժեշտ է տվել 82-ամյա Քնարիկ մայրիկը: Օրվա հոգսերից դադրած` երեկոյան հանգիստ պառկել է քնելու, իսկ առավոտյան չի արթնացել… Լույս իջնի շիրիմիդ՝ Մեծ Մայր։