ՈՒՂԻՂ ՄԵԿ ՏԱՐԻ Է՝ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՆ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Նոյեմբերի 10-ին ռուսական խաղաղապահ առաքելության՝ Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող կենտրոնակայանում տեղի ունեցավ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում գտնվելու միամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էր նաև ռուսական խաղաղապահ զորակազմի առաջին հրամանատար, Հարավային ռազմական օկրուգի զորահրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի ներկայիս հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը. ՙՈւղիղ մեկ տարի առաջ խաղաղապահ ստորաբաժանումները ռուսական խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) առաջին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ մուտք գործեցին Լեռնային Ղարաբաղ: Այս ժամանակահատվածում կատարվել է հսկայական աշխատանք՝ ՌԽԶ պատասխանատվության գոտում իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղության վերականգնման ուղղությամբ՚:
ՌԽԶ հրամանատարն ընդգծեց, որ խաղաղապահների ծառայությունն անցնում է բարդ պայմաններում: Ռուս խաղաղապահներն Արցախում գտնվելու մեկ տարվա ընթացքում նպաստել են ավելի քան 52 հազար փախստականների անվտանգ վերադարձին, իրականացրել են ավելի քան 200 հումանիտար ակցիա, որոնց շահառուները բազմազավակ ընտանիքներն ու փախստականներն էին. հումանիտար օգնության շրջանակներում տրամադրվել են 280 տոննա ընդհանուր քաշով ավելի քան վեց հազար տարբեր փաթեթներ, նշել է Գենադի Անաշկինը:
Բացի այդ, ՌԽԶ հրամանատարի խոսքով՝ խաղաղապահներն իրենց օժանդակությունը բերեցին տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնման գործում, նրանց աջակցությամբ վերականգնվեց 60 բնակավայրի էլեկտրագազամատակարարումը: Խաղաղապահներն ապահովել են նաև ավելի քան 4 հազար ուխտավորի անվտանգ այցելությունները Ամարաս և Դադիվանք:
Զորակազմի հրամանատարը կարևորեց նաև զինվորական բժշկի դերը: ՙԽաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի բժիշկները մասնագիտացված օգնություն են ցուցաբերել ավելի քան 1000 տեղացու: Կատարվել է 11 հումանիտար-բժշկական շրջայց, որոնց ընթացքում տրամադրվել է ավելի քան 21 տոննա հումանիտար բեռ: Օգնություն է ցուցաբերվել Մարտունի և Մարտակերտ քաղաքներում շրջանային հիվանդանոցների վերականգնման գործում՚:
Գենադի Անաշկինն ընդգծեց նաև ռուս սակրավորների դերը: ՙԲնականոն կյանքի վերականգնման հարցում ոչ պակաս կարևոր խնդիր են իրականացնում մեր զորակազմի ինժեներական ստորաբաժանման մասնագետները: Սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 26 հազար պայթյունավտանգ առարկա: Ստուգվել են ենթակառուցվածքային նշանակության մոտ 2 հազար շինություն ու կառույցներ՝ գազախողովակներ, կապի գծեր, դպրոց, հիվանդանոց, եկեղեցիներ տանող ճանապարհներ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է մոտ 2,6 հազար հա տարածք, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության տարածքներ՚:
Այնուհետև Հարավային ռազմական օկրուգի զորահրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը պետական և գերատեսչական պարգևներ հանձնեց խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց խաղաղապահների սպառազինության ու զինտեխնիկայի ցուցադրություն, ներկայացվեցին, մասնավորապես, բժշկական մոդուլով կահավորված 'МИ-8АМТШ' ուղղաթիռը, БТР-82А զրահափոխադրիչը, ՙТайфун՚, ՙТигр-М՚ զրահամեքենաները, ՙТигр-М՚-ի հիմքի վրա՝ կառավարման մեքենան (П-23ОТ), ՙОрлан-10՚ և ՙФорпост՚ անօդաչու թռչող սարքերը:
Զինծառայողները ցուցադրեցին ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ուղեկցությամբ հումանիտար բեռ տեղափոխող խաղաղապահ տեխնիկայի շարասյան վրա պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակմանը հակադարձելու, ինչպես նաև բանակային ավիացիայի 'МИ-8АМТШ' 'Терминатор' ուղղաթիռով վիրավորի տարհանման դրվագներ:
Վարժահրապարակում խաղաղապահ ուժերի անձնակազմը ցուցադրեց БТР-82А զրահափոխադրիչներից դեսանտավորման վարժանքներ, զրահատեխնիկայով` քողարկմամբ, տեղափոխություններ կատարելու մարտավարական տարրեր և ձեռնամարտի հնարքներ:
Նույն օրը Հարավային ռազմական օկրուգի զորահրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի մասնակցությամբ բացվեց ՙՌուսական փառքի պուրակը՚՝ ի նշանավորումն տարածաշրջանում խաղաղապահ զորակազմի մուտք գործելու միամյակի: Պուրակը գտնվում է ռուսական զինվորական ավանի տարածքում: Այստեղ կանգնեցվել են Ռուսաստանի պատմության ու մշակույթի 10 ականավոր գործիչների ՝ Ալեքսանդր Նևսկու, Դենիս Դավիդովի, Միխայիլ Լերմոնտովի, Գավրիիլ Դերժավինի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Կարամզինի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Վասիլի Շուկշինի և Միխայիլ Շոլոխովի կիսանդրիները: ՙՌուսական փառքի պուրակի՚ հեղինակը քանդակագործ և բարերար Միխայիլ Սերդյուկովն է:
Այնուհետև տեղի ունեցավ ռուսական ուղղափառ եկեղեցու բացման արարողությունը: ՙՑավոք, ռուսական եկեղեցիներ Ղարաբաղում չեն պահպանվել: Բոլորը ոչնչացվել են բոլշևիկների կողմից խորհրդային շրջանում, և այս հանգամանքը Քրիստոսի Ծննդյան նորակառույց եկեղեցուն սրբազան, պատմական նշանակություն է հաղորդում՚,- ասաց Արցախում ռուս համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովը: Հավարտ բացման արարողության` տաճարում մատուցվեց առաջին աղոթքը: Ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանի տարածքում բացվեց նաև Խաղաղապահի բրոնզաձույլ հուշարձանը:
Արարողության շրջանակներում տեղի ունեցավ նաև սերունդներին պատգամ փոխանցող՝ ՙժամանակի պարկուճի՚ տեղադրում:
Հ.Գ. Նոյեմբերի 8-ին Շուշիից ոչ հեռու տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ ադրբեջանական կողմից միտումնավոր գնդակահարվեցին ջրատար խողովակի անցկացման աշխատանքներ կատարող Արցախի քաղաքացիներ, անմիջապես կապ հաստատեցինք ՌԽԶ ներկայացուցչի հետ ու խնդրեցինք պարզաբանել իրավիճակը և, եթե հնարավոր է, հանդիպում կազմակերպել խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ, քանի որ հասարակության շրջանում խաղաղապահներին ուղղված շատ հարցեր են հասունացել: Ի պատասխան՝ մեզ տեղեկացրին, որ Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ իրականացնում է միջադեպի հետաքննություն, որից հետո միայն հնարավոր կլինի որևէ տեղեկություն հաղորդել:
Համանման պատասխան ստացել էինք նաև այն բանից հետո, երբ 2021թ. հոկտեմբերի 9-ին Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից սպանվեց Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը: Ապա բառացիորեն օրեր անց՝ հոկտեմբերի 14-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի օգտագործմամբ կրակ բացեց Մարտունու շրջանի Նորշեն համայնքից ոչ հեռու գտնվող ԱՀ պաշտպանության բանակի հենակետերից մեկի վրա, որի հետևանքով վիրավորվեց 6 հայ զինծառայող:
Եվ, ի վերջո, նոյեմբերի 8-ին իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով սպանվեց 22-ամյա երիտասարդ` Մարտիկ Երեմյանը, իսկ երեք քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ: