ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արդեն քանի տարի՝ Նոյեմբերի 17-ը նշվում է որպես ռազմական բուժծառայության աշխատողի օր։ 1992 թվականին Արցախում պաշտպանության բանակի կազմավորմանը զուգահեռ՝ սկսեց ձևավորվել նաև զինվորական բուժծառայությունը։ Մեծ է զինվորական բժշկի դերը թե° պատերազմական տարիներին, թե° հարաբերական խաղաղության ժամանակահատվածներում. զինվորական բժիշկները պատվով են իրականացրել իրենց առջև դրած խնդիրները, անխոնջ պայքարել են զինվորի ու սպայի՝ հայրենիքի պաշտպանների առողջության ու կյանքի համար։
Հիրավի, դժվար է պատկերացնել ռազմական գործը՝ առանց զինվորական բուժծառայության, և այս առումով պետք է նշել, որ բավականին ծանր ու մաքառումներով լի ուղի է անցել ռազմաբժշկական ծառայությունը։ Անցած վերջին տարիներին այն մեծ վերելք է ապրել՝ ունենալով տեխնիկապես հագեցած և միջազգային չափորոշիչներին համապատասխան հոսպիտալներ, բուժսարքավորումներ, և որ ամենակարևորն է՝ բարձրակարգ բժիշկ-մասնագետներ։
Արցախի զինված ուժերի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրը Վալերի Մարությանն է, ում ծննդյան հերթական տարեդարձը լրացավ օրերս։ Բժիշկ-ազատամարտիկը 1992-1995թթ. ղեկավարել է ԼՂՀ պաշտպանության բանակի բուժծառայությունը, իսկ 1996-ին նշանակվել է ԼՂՀ գլխավոր վիրաբույժ։ Նրա նախաձեռնությամբ 1996 թվականին Իվանյան գյուղում ստեղծվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալը, որն էլ մինչև 1998-ը ղեկավարել է ինքը՝ Վալերի Մարությանը։
Արցախյան պատերազմի ժամանակ՝ որպես բժիշկ ու մարտիկ, նա մասնակցել է Հադրութի շրջանի Տող, Ծամձոր, Սարիշեն գյուղերի ազատագրման համար մղված մարտերին։ Վ. Մարությանն ու նրա գործընկերները եղել են ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններում։ Պաշտոնական փաստաթղթերում արձանագրված է, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերի բուժծառայության պետ Վալերի Մարությանն իր թիմով՝ պատերազմի ժամանակ կատարել է մոտ 11 հազար վիրահատություն։ Բավական է նշել, որ նրա վիրահատած զինվորների 80 տոկոսը վերադարձել է շարք, որ նրա ղեկավարած հոսպիտալում ցավային շոկի պատճառով չի գրանցվել մահվան ոչ մի դեպք, եթե վերքն ինքնին մահացու չի եղել։ 1994 թվականին կնքված հրադադարից հետո էլ գնդապետ Վալերի Մարությանը շարունակել է հայրենանվեր ու անխոնջ գործունեությունը Արցախի պաշտպանության բանակում։ Նրա գլխավորությամբ հստակեցվել և առավել բարձր հիմքերի վրա է դրվել բուժծառայության կազմակերպումը, իրականացվել են սանիտարահիգիենիկ լայնածավալ աշխատանքներ, զորամասերում բացվել են անհրաժեշտ սարքավորումներով ու դեղորայքով համալրված նոր բուժկետեր։
Վ. Մարությանին՝ որպես Մարդու, բժշկի և ընկերոջ, ոչ ոք չէր կարող բացահայտել այնպես, ինչպես գրող, հրապարակախոս Զորի Բալայանը։ Նրա՝ ՙԲժիշկ Մարությանը և նրա ՙՊատերազմի հետքը երկար է մնում՚՚ գիրքը ասվածի վառ վկայությունն է։
Վ. Մարությանը ՙԿռունկ՚ կոմիտեի կազմակերպիչներից էր, Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Արցախում ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրը, և դա է հիմնական պատճառը, որ Զ. Բալայանն առանձին գրքով ներկայացրել է բժիշկ Մարությանի վիթխարի աշխատանքը՝ արված ռազմական վիրաբուժության բնագավառում։ Սկսած 1988-ից՝ Մարությանը շրջում էր Արցախի տարածքով և հարմար տեղեր փնտրում դաշտային հոսպիտալների համար։
Լինելով բժշկական գիտությունների թեկնածու, Վ. Մարությանը գիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է, նաև՝ վավերագրական պատումի հեղինակ։ Նրա ՙՊատերազմի հետքը երկար է մնում՚ գիրքը նվիրված է արցախյան գոյամարտին մասնակցած բժիշկներին, բուժքույրերին, զինվորներին, իր իսկ խոսքով՝ ՙՙբոլոր ողջերին ու մեռածներին, ում հետ վիճակվեց կիսել պատերազմի դժվարին աշխատանքը՚։ ՙՄենք պատերազմ չէինք ուզում և չէինք էլ պատրաստվել դրան։ Մեզ դավաճանեցին։ Եվ մենք հասկացանք՝ անդունդի եզրին, եթե ինքներս չփրկենք մեզ, ոչ ոք չի փրկելու՚,- ասել է Վ. Մարությանը, ում համար Արցախյան շարժումը դարձել էր նրա էության անբաժանելի մասը։ Ուշագրավ է նաև նրա հետևյալ միտքը. ՙԱշխարհում գոյություն չունի Ղարաբաղյան հարց։ Գոյություն ունի Ադրբեջանական ԽՍՀ-ի հարց, որը վաղ թե ուշ պետք է լուծի ինքը՝ Ռուսաստանը՚։
Ցավոք, անբուժելի հիվանդությունն ընդհատեց հայրենիքի ու գործի նվիրյալ Մարդու կյանքը՝ կիսատ թողնելով բազմաթիվ նպատակներն ու սկսած գործերը։ 1998թ. հունիսի 20-ին անվանի վիրաբույժը, Արցախի ռազմաբժշկական ծառայության հայրը՝ հրաժեշտ տվեց երկրային կյանքին... Դառնալով հավերժի ճամփորդ՝ նա գնաց-միացավ Հայրենիքի ազատության համար նահատակվածներին։
Վ. Մարությանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով, ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ մեդալներով։
Հատկանշական է, որ Վ. Մարությանի որդին` Արթուր Մարությանը, և նրա թոռը` Մարութ Մարությանը, այսօր շարունակում են լեգենդար բժշկի սկսած գործը։ Իսկ Իվանյանի զինվորական հոսպիտալը կրում է իր հիմնադրի՝ ճանաչված վիրաբույժ Վալերի Մարությանի անունը։ Համոզված ենք՝ հայրենիքի հանդեպ նրա նվիրումը վառ օրինակ կծառայի ներկա և գալիք սերունդների համար։