Քովիդը հրավիրվածների ցուցակում կա՞
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քովիդյան այս իրականությունը ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այսքան տխուր:
Մինչ մասնագետներն ահազանգում են, որ պետք է պահպանել հեռավորությունը, հետևել հակահամաճարակային կանոններին ու կարանտինային ռեժիմին, մեր քաղաքացիներից որոշները կազմակերպում են հայկական մեծ չաղ հարսանիք:
Կեցցե՛ քեֆ-ուրախությունը, կորչի՛ քովիդը` իր բոլոր թագավարակ, պսակաժահր մեկնաբանություններով:
Որքան էր զարմանքս, երբ իմացա, որ ծանոթ մի զույգ պատրաստվում է գնալ հարսանիքի, այն էլ ի՛նչ հարսանիքի` ոչ ավել, ոչ պակաս` 400-հոգանոց: Հետո ի՞նչ, որ քովիդը ՙհնձում է՚, հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ ամբուլատոր պայմաններում են բուժում ստանում: Եվ այս համապատկերին 400-հոգանոց հարսանիք: Մանկական ծննդյան տոները, կնունքները և այլ տեսակի երեկույթներն խճանկարի մանր շտրիխներ են:
Բանից պարզվում է, որ կարանտին գոյություն ունի միայն ուսումնական հաստատությունների համար: Տուժողը էլի կրթության ոլորտն է, էլի աշակերտներն են և մտատանջ ծնողներն ու ուսուցիչները:
Ստացվում է` ամեն ինչի համար կարանտին կա, խրախճանքների համար` ոչ:
Հախուռն ցուցամոլություն: Իսկ վիրուսը ի՞նչ, վիրուսը պիտի ՙտեսնի՚, որ դա պարզապես հարսանիք չէ, այլ հայկական ավանդական, ամբողջ գերդաստանով, տեղով-ցեղով խրախճանք, պիտի ՙտեսնի՚ ու ապշահար ընկրկի: Շալախոյի ռիթմերը թագավարակին գահընկեց կանեն, բարձրացրած փոշու մեջ նա կխեղդվի, հետ-հետ նայելով կփախչի:
Չկարծեք, թե հակափաստարկ չկա: Ա՛խր ո՞նց է հնարավոր հարսանիքի օրը փոխել` ՙխոխա՞յս՚ կհարցնեն: Ո՞նց է հնարավոր բոլոր հյուրերին այդձև արհամարհել:
Այցելեցի մայրաքաղաքի հանդիսությունների սրահներից մեկը: Պատրաստվում էին հարսանիքի: Պատասխանատուի հավաստմամբ, միայն երկու ժամ առաջ են ԱՀ առողջապահության նախարարությունից ծանուցագիր ստացել, որ պետք է չեղարկվեն բոլոր հանդիսությունները: Այցս նոյեմբերի 16-ին էր, փաստաթուղթը` նոյեմբերի 4-ի: Այս պարագայում թաղգուճը հետ տալն այնքան էլ հեշտ գործ չէ: Ինչևէ, ընդունելի է նաև հանդիսությունների սրահների աշխատողների վրդովմունքը: Մարդիկ առանց աշխատանքի են մնում, ՙո՞վ է բերելու մեզ մի կտոր հաց տա, եթե չաշխատենք՚` արդարացիորեն բողոքում են:
Այդպես, չգիտես ամոթի, թե սեփական ցուցամոլության զոհ դարձած` հարսանքավորներն իրենց խրախճանքը կվայելեն: Ցավոք, շատերի ՙվայելքը՚ հետո հիվանդանոցներում կշարունակվի:
Ինչպես էլի ժողովրդական խոսքն է ասում` ՙԸնկերովի մահը հարսանիք է՚, այս դեպքում` բառի ամենաուղիղ իմաստով: