ՄԵՆՔ ԵՎ ՔՈՎԻԴԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ժամանակ առ ժամանակ մարդկության համար հայտնվում է համընդհանուր թշնամի, որի համար ազգային պատկանելություն, ռասսա, կրոն և այլ վերապահումներ կամ խոչընդոտներ չեն գործում, նա փորձում է հաղթել բոլորին: Թե երկիր մոլորակն իր պատմության ընթացքում որքան է տուժել համաճարակներից, կիմանան դրանով զբաղվող վարակաբանները: Հանրահայտ փաստ է, որ հարյուր տարի առաջ` այժմ սովորական համարվող (թերևս ավելի ճիշտ կլիներ ասել՝ մինչև վերջերս այդպիսին համարվող) <Իսպանուհի> անվանումն ստացած գրիպի զոհ է դարձել աշխարհի բնակչության 5 տոկոսը: Մեր օրերում համաճարակներն սկսեցին գրոհել <խոզի գրիպ>, <թռչնագրիպ> անվանումներով, հետո դրանց թիվն ու անուններն սկսեցինք խառնել ու որոշեցինք մոռանալ ինչ-որ տեղ բռնկվող, բազմաթիվ կյանքեր խլող ու մարող այդ վարակների մասին։ Այս մեկը հասավ մեզ, արդեն մահանում էին ոչ թե ինչ-որ տեղ, այլ մեր կողքին, մեր ծանոթները, ու այսօր էլ հիվանդությունից գրանցվող մահերն օրեցօր երիտասարդանում են: Մենք վարակվում ենք, վերածվում այլ մարդու, որն անգամ ապաքինվելուց ամիսներ անց չի կարողանում լիաթոք շնչել, երեխայի պես սովորում է ինքնուրույն քայլել, ամիսներ շարունակ համ ու հոտ չի զգում, տանջվում է մարմնում թափառող ցավերից, դժվարությամբ է մտքեր կազմում և այլն: Եվ այս ամենը, պարզվում է, դեռ հիվանդության <միջին ծանրության> ախտանիշներ ու հետևանքներ են: Covid-19-ը ծնկի բերեց գրեթե ողջ աշխարհը։ Նրա շտամները սարսափի մեջ են պահում բոլորին, և այստեղ տնտեսությամբ կամ սպառազինությամբ առաջատար լինելու փաստն այլևս անուժ է։ Գոյություն ունեցող հակավիրուսային պատվաստանյութերի արդյունավետությունը <Դելտա> տարբերակի դեմ դեռ չհաստատված՝ հայտնվել է նոր՝ առավել մուտացված շտամը՝ <Օմիկրոն> անվամբ։ Շատ երկրներ կրկին խստացրել են օտարերկրացիների մուտքի կանոնները, սահմանափակել միջազգային ավիաթռիչքների քանակը, ինչը Արևմտյան Եվրոպայում քաղաքացիական անհնազանդության ցույցերի առիթ է դարձել։ Մոլորակի բնակչությունը երկու ճամբար է կազմել` վարակին հավատացողներ և անհավատներ` ճիշտ ինչպես կրոնական հավատի դեպքում է, և այստեղ էլ կան տատանվողներ, որոնք մեկ այս, մեկ այն ճամբարում են:
Վերջին երկու ամսում հանրապետությունում վարակվածների թիվը շեշտակի սկսել է աճել նոյեմբերի սկզբից, գրեթե ամեն օր մահվան ելքով դեպքեր են արձանագրվում։ Օրերս հայտնի դարձավ, որ նախագահ Ա․ Հարությունյանը հանրապետության տարածքում մեկամսյա կարանտին սահմանելու մասին որոշում է ստորագրել։ Մինչ այդ պետնախարար Արտակ Բեգլարյանն էր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել հնարավոր կոնկրետ սահմանափակումների մասին՝ բավական երկար տեքստով անդրադառնալով մինչ այդ իրականացված և իրականացվող հակավիրուսային միջոցառումներին։ Կանխարգելման այդ աշխատանքների արդյունքում պիտի գրանցվեր դեպքերի նվազում, որը, ցավոք, չկա։ Իսկ չկա, որովհետև վարակվածների թվի աճը չուղեկցվեց խիստ սահմանափակումներով, վարչական մեթոդներով ու կոնկրետ պատժաչափերով: Փաստորեն, մեկ ամիս հայտարարվել է կարանտին, սակայն գործում է կիսասահմանափակումների օրակարգը, որը շատ մարդիկ որպես արձակուրդ են ընկալում: Այս անգամ քովիդի դեմ պայքարը թողնվեց մարդկանց անձնական պատասխանատվության վրա, այն դեպքում, երբ չկա համագործակցություն քաղաքացիների ու պատկան մարմինների միջև: Համավարակը մեզ հայտարարել է պատերազմ մի իրավիճակում, երբ մեր քաղաքացիների մեծամասնությունը հոգնել է ամեն տեսակի պատերազմներից:
Տեղին է հիշել, 2020թ․ գարնան սկիզբը, երբ մեզ մոտ վարակվածության դեպքեր չկային, ՀՀ-ում էլ օրական մեկ տասնյակի չափ վարակակիրներ էին հայտնաբերվում, Ստեփանակերտում մարդիկ ծայրաստիճան զգոն էին, դեղատներում դիմակները ծանոթով էին վաճառում, յուրաքանչյուրը գրպանում ալկոգել էր պահում: Հանրային տրանսպորտի միջոցներում, բանկերում, խանութներում և այլ մարդաշատ վայրերում ամեն օր կարելի էր զգալ ախտահանիչ նյութերի սուր հոտը: Խանութներում հերթեր էին գոյացել. հեռատես տնտեսուհիները պարենային ապրանքներից խանութներն էին դատարկում:
Այն, որ վարակվածության տեմպը հանրապետությունում շարունակում է աճել ոչ միայն և ոչ այնքան կանխարգելման ու բուժման ուղղությամբ իրականացվող անբավարար աշխատանքի պատճառով, մայրաքաղաքի մարդաշատ վայրերում մեր դիտարկումներն են վկայում: Մարդիկ, իսկապես, ուզում են անտեսել համաճարակի գոյությունը, անտեսում են գիտակցաբար, այնպես, ասես, վրեժ են լուծում ինչ-որ մեկից։
Այսօր արդեն կասկածից դուրս է, որ անգամ ամենատարեց ու աշխարհի նորություններին անհաղորդ մարդիկ էլ տեղյակ են, որ քովիդով վարակվում ու մահանում են և վարակվում են հիմնականում մարդաշատ վայրերում՝ աշխատավայրերում, խանութներում, տրանսպորտում, տարբեր նշանակության միջոցառումներում։ Մեզ մոտ նման վայրերում մարդիկ, այո, դիմակներով են, սակայն որքան էլ անհավատալի հնչի, մեր հայրենակիցների մեծամասնությունը` հատկապես տղամարդիկ, դիմակներով են հիմնականում մինչև այն պահը, երբ սկսում են խոսել, բացատրել, բողոքել։ Մայրաքաղաքի բոլոր բանկերը, բանկոմատների տարածքները միշտ էլ հերթերի առկայությամբ առաջատար են։ <Մուտքը՝ միայն դիմակով>՝ բանկերի դռներին այս հիշեցումն է փակցված, սակայն և ոչ մի բանկում առանց դիմակ ներս մտնողին դուրս չեն հրավիրում, ավելին, սպասարկող անձնակազմից դիմակներով են համեմատաբար բարձր տարիքի աշխատողները, դա այն դեպքում, երբ այդ տարածքները չեն օդափոխվում, բաց պատուհան չկա։ Նույն պատկերն է սպառման համեմատաբար մեծ ծավալներ ունեցող <Կապիտալ> ցանցի խանութներում: Դրամական փոխանցում ստացող տղամարդը, ով նախօրոք գրպանից հանել ու քթի տակ էր հագել ճմռթված դիմակը, հանում է այն՝ հավանաբար մտածելով, որ իրեն լավ չեն լսի։ Իսկ երբ կողքից խորհուրդ են տալիս դիմակով խոսել, վրդովված պատասխանում է` վախենում ես՝ հեռու կանգնիր, ես մեռնելուց չեմ վախենում։ Այնուհետև մենախոսություն է հետևում այն մասին, որ քովիդն աշխարհի կառավարությունների դավադրությունն է մարդկության դեմ` անխտիր բոլորին պատվաստելու և մարդկանց չիպավորելով կառավարելի դարձնելու համար, որ առողջ ու երիտասարդ հազարավոր երիտասարդների մահերից հետո մենք այս ամոթալի վախն ունենք։ Տեղահանված ու հուսահատության եզրին հասած տղամարդը ակամա բնորոշում է այն իրականությունը, որում ապրում են շատերը. անվստահություն կոչվող իրականությունը։
Երեկվա պատերազմից հետո դժվար է հանրության մեծամասնությանը համոզել, որ համախմբվելով ու միասնական դառնալով են հաղթում թշնամուն, անգամ այնպիսի թշնամուն, որն անտեսանելի է։
Եվ անգամ նման իրավիճակում կարելի է քովիդի դեմ պայքարը յուրաքանչյուրի խնդիրը դարձնելու համար մեթոդներ մշակել, ու այստեղ գլխավոր անելիքը դարձյալ առողջապահության մասնագետներինն է, ովքեր պետք է պաշտոնական տեքստերից բացի հանրության հետ հաղորդակցության այլ ձև ընտրեն, բաց տեքստով խոսեն պատվաստումների հարցում մարդկանց մտահոգությունների, թեստավորման խնդիրների, հիվանդների ստացիոնար բուժման թերացումների և շատ այլ խնդիրների մասին: