ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՉԿՈՐՑՆԵՆՔ ԱՐՑԱԽՑՈՒ ՏԵՍԱԿԸ
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
Պատերազմը չի վերջացել, այն շարունակում է ապրել յուրաքանչյուրի մեջ, ով նրա մասնակիցն է եղել, ով շարունակում է իր ստեղծագործ ներկայությամբ տեր մնալ մեր բզկտված երկրին։
Պատերազմի օրերին անգնահատելի, մեծ դերակատարություն է ունեցել ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Այսօր էլ փրկարարները նույն ոգով շարունակում են իրենց աշխատանքը. պահանջները չեն փոխվել, նվիրումը՝ նույնպես։
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ Մարտունու ՇԱԻԲ ՀՓՄ պետ Վահրամ Սաղյանի հետ մեր զրույցն այս հարցերի շուրջ է։ Նա պատմում է պատերազմական իրավիճակում և հետո իր ծառայակիցների գործունեության մասին։
Պատերազմի հենց առաջին րոպեներին անձնակազմը ՙտագնապ՚ ազդանշանով հավաքվել է մշտական տեղակայման վայրում, և հերթապահ խումբն անմիջապես ներկայացել է դեպքի վայր։ Պատերազմն ու պատասխան կռիվն ԱԻ-ի տղաների համար սկսվել է այդ պահից։ ՙՄիանգամից անցել ենք խնդիրների կատարմանն՝ ըստ իրավիճակի։ Ռմբակոծությու՞ն է, պիտի տարածքում շրջեի՞նք՝ շրջել ենք, ստուգել ենք նկուղները, տների ներսը, որ տեսնենք՝ վնասներ կամ տուժած քաղաքացիներ կա՞ն՚,- ոչ հեռու անցյալն է վերհիշում Վահրամը։
Նկուղներում գտնվող մարդկանց են օգնել, հիվանդանոցում հերթապահություն տարել, եղել՝ որպես օգնող ուժ և պաշտպան։ Այս պատերազմն աննախադեպ էր իր դաժանությամբ։ Սկզբում ոչ ոք չէր պատկերացնում, թե դեռ ինչպիսի դաժանությունների ու ծանրության պիտի ականատես լինեն. զոհեր, վիրավորներ...
Փրկարարներն ամենուր էին՝ թիկունքում և առաջնագծում, ողջ երկիրն էր առաջնագիծ։
Ձեռնարկվող քայլերն ու գործողություններն ըստ իրավիճակի էին. ՙՄենք եղել ենք և՜ շրջկենտրոնում, և՜ շրջանի տարածքում, և՜ հանրապետության այլ բնակավայրերում։ Որտեղ մարտական գործողություններ էին ընթանում՝ իրականացնում էինք սանիտարական աշխատանքներ, տարհանում վիրավորներին, աճյուններ՝ փոխհամագործակցելով ՊԲ-ի, բուժծառայության, ոստիկանության, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ։ Անընդհատ կապի մեջ էինք էլեկտրացանցի, կապի, ՙՎարանդաշին՚-ի, գազամատակարարման պատասխանատուների և աշխատողների հետ։ Նաև հրետակոծված և ռմբակոծված տարածքների` զենք-զինամթերքից մաքրման աշխատանքներ էինք իրականացնում, դրանք հավաքում, տեղափոխում, ճանապարհները մաքրում, որպեսզի բնակիչներն անզգուշության հետևանքով չվնասվեն՚,- պատմում է զրուցակիցս։
ԱԻ ծառայակիցները նաև իրազեկման աշխատանքներ էին կատարում բնակչության շրջանում։ Ողջ անձնակազմը մեկ մարդու պես ներգրավված էր, գործողություններն իրականացնում էին ըստ իրավիճակի։
Մարտական գործողություններն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ավարտվել են, սակայն ԱԻ-ի տղաները նույն ձևով շարունակում են իրենց պարտքը կատարել։ ՙՄինչև հիմա էլ շարունակում ենք մասնակցություն ունենալ գրավյալ տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքներին։ Սա անասելի, ծանր ու ցավոտ գործընթաց է, ինչը զուգահեռվում է վտանգներով։ Ե՜վ պատերազմի օրերին, և՜ հիմա պահեր են եղել, որ տեսարաններից ու իրավիճակներից բթանում էինք, բայց մեր անելիքի կարևորությունը գիտակցելով՝ նորից անցնում էինք գործի՚։
Հրետակոծությունն ամենուր էր, հնարավոր չէր ենթադրել, թե հաջորդ մետրի վրա ինչ կարող է կատարվել։ Տղաներն աշխատում էին հնարավոր բոլոր միջոցների ներդրմամբ։ Ոչինչ չի փոխվել։ Այսօր նրանք մասնակցում են հրդեհաշիջման, զենք-զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման, փրկարարական, որոնողական աշխատանքներին։ Կասետային, հրթիռակասետային ռումբեր, ՙԳրադ՚ կայանքի հրթիռներ, պայթուցիչներ, փամփուշտներ, տասնյակ զինատեսակների ու զենքերի հազարավոր միավորներ են ոչնչացվել։
ՙԿոչս է մեր բնակիչներին՝ անծանոթ ու կասկածելի նյութերի ու առարկաների, զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքում անմիջապես տեղյակ պահել մեզ։ Հրդեհավտանգ իրավիճակ չստեղծեք, զգույշ եղեք, քանի որ բավականին մեծ թվով վնասված տներ առայժմ վերականգնված չեն, որոնք կարող են պատահարների պատճառ դառնալ՚,- ասում է Վ.Սաղյանը։
Ծառայությունն անհրաժեշտ մասնագետներով համալրված է, շենքային պայմանները, նյութական բազան բավականին բարելավվել են, վերազինման գործընթացը շարունակվում է, նոր հրշեջ մեքենա է տրամադրվել։
ՙՀիմա ավելի ցավոտ է, երբ վերապրում ենք կատարվածը։ Շատ կարևոր է, որ ամուր մնանք, չկորցնենք մեր տեսակը՝ արցախցու տեսակը՚,- սա էր իմ զրուցակցի հուզախառը վերջաբանը։