ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Սմբատ Գալոյանը ՙՇեն Արցախ՚ շինարարական կազմակերպության ներկայացուցիչն է Արցախում։ Աշխղեկ Գալոյանը, ով մեր երկրի երբեք չզորացրվող ազատամարտիկների ՙդասից՚ է, 44-օրյա պատերազմին կամավորագրվել է առաջին իսկ օրերից։
Հոկտեմբերի 13-ին էր, ծանոթացա Սմբատի հետ ու նա լուրջ-լուրջ ասաց՝ այսօր մեր ծննդյան օրն է, այդպես հոգնակի էլ ասաց՝ մեր ծննդյան օրը, ու իմ զարմացած հայացքին տեղի տալով` պատմեց, թե ինչպես են 2020թ. հոկտեմբերի 13-ին Մարտակերտի պաշտպանական շրջանի 151 դիրքում առավոտյան 5 անց 40-ից մինչև 15 անց 30-ը հայտնվել թշնամական շրջափակման մեջ։ Նրանք ծանր մարտեր են տվել և ունեցել են երկու զոհ ու երեք թեթև վիրավոր։ Հակառակորդը նրանց ՙթեթև՚ ձեռքով կորցրել է 250-300 զինվոր։ Նրանց դիրքի վրա եղել է 12 հարձակում, որը նրանք հաջողությամբ ետ են մղել։ Նոյեմբերի 11-ին, երբ ադրբեջանցիները եկել էին իրենց դիակների հետևից, նրանց հրամանատարն ասաց, որ այդ օրերին իրենք գրեթե 800 ասկյար են կորցրել։ Այն հատվածը, որտեղ իրենք են մարտնչել, թշնամու համար եղել է անանցանելի պատնեշ: Վերհիշելով անցյալն ու քանդելով օրերի կծիկը, Սմբատից տեղեկանում ենք, որ 2015 թվականին Ս. Գալոյանը պայմանագրային հիմունքներով ծառայել է ՀՀ ՊՆ-ում։ Ծառայության ընթացքում նա ճանաչվել է ՀՀ զինված ուժերի լավագույն դիպուկահար։ Ահա թե ինչու, երբ 44-օրյա պատերազմը ՙծեծեց՚ մեր դուռը, Սմբատն առանց երկմտելու հավաքեց զինվորական ուսապարկը։ Երբ Ստեփանակերտի զինկոմիսարիատում նրան հարցրին` ու՞ր ես ուզում գնալ, ասաց՝ որտեղ հարմար կգտնեք և որտեղ որ իմ կարիքն առավել շատ է զգացվում։ Նրան ուղարկեցին հյուսիս-արևելյան ուղղություն։ Նա հպարտությամբ փաստում է, որ հակառակորդին ոչ մի սանտիմետր չեն զիջել, և իրենց դիրքերն առ այսօր մնում են անսասան։ Սմբատն առանց րոպե իսկ կորցնելու օգնության էր հասել Ն զորամասի հետախույզներին։
-Մենք շատ արագ դարձանք մի ընտանիքի պես համերաշխ, որի գլխավոր դերակատարը մեր հրամանատարն էր,- վերհիշում է Սմբատը,- ու հպարտությամբ փաստում, որ իրենց վաշտը ողջ զինված ուժերի մասշտաբով ճանաչվել է լավագույնը։ Վաշտի հրամանատար Մարգար Սարիբեկյան իր անունը փառավորեց 44-օրյայի օրերին, նրա զինվորական կոչման ու պաշտոնի առաջխաղացումն էլ, պատերազմից հետո, մարտական սխրանքներով է պայմանավորված։ Ս. Գալոյանն առ այսօր զարմանքով է հիշում, թե ինչպես, երբ հակառակորդը մեծաքանակ ուժերով գալիս էր իրենց վրա, վաշտի հրամանատարը մարտն ընդունում էր երգելով, և դա նրա համար, նույնպես, հերոսության վառ օրինակ էր, ու երբեմն ինքն իր հետ, իր մտքերի հետ մենակ մնալով խորհում է, թե արդյո՞ք կկարողանա նման իրավիճակում նույն կերպ վարվել։ Հրամանատարը Սմբատից 10-ը տարով փոքր է, սակայն դա չի խանգարել, որ նրանք ընկերանան, առ այսօր նրանց ընկերությունը շարունակվում է, և իմ հերոսն այն կարծիքին է, որ դժվար օրերի, առավել ևս մարտական ընկերությունն անխախտ ու անսասան է։ Նրանք այսօր նաև ընտանիքներով են բարեկամացել ու իրենց մարտական թանկ ընկերությունը վերածել են մշտականի, իսկ գուցե նաև հավերժական բարեկամության։ Չնայած նրանք նույն` Արմավիրի մարզից են, բայց ծանոթացել են մարտադաշտում։ Ոչ միայն հրամանատարի, այլև իրենց հետ կողք-կողքի կռված բոլոր կամավորականների հետ ընկերությունը շարունակվում է։ Նրանք ընկերներով ուխտ են արել, որ ամեն տարի հոկտեմբերի 13-ին, աշխարհի որ ծայրում էլ գտնվելիս լինեն, հավաքվեն ու Մարտակերտում նշեն իրենց ընդհանուր, կոլեկտիվ ծննդյան օրը։ Գնդի հրամանատար Էրիկ Գրիգորյանի հեռակապի մեջ լսվող ձայնը մեկ տարի անց էլ նրա ունկերում է, ասում է` այդ կրիտիկական պահին լսելով նրա զորեղ, ինքնավստահ ձայնը, դու քեզ առյուծ էիր զգում... ՙԱյդ իմ հրամանատարների, նրանց ճիշտ գործողությունների շնորհիվ է, որ ես այսօր կենդանի եմ ու շարքում՚,-ասում է զրուցակիցս ու խոստովանում, որ առանց Արցախի իր համար աշխարհում տեղ չկա։ Քիչ է ասել, թե հպարտ է, որ Եռագույնը նոյեմբերի 12-ին առաջինն ինքն է ծածանել իրենց դիրքի գլխին։ Հպարտությունը` հպարտություն, սակայն Սմբատի պնդմամբ՝ կյանքից քաղցր բան չկա, հատկապես, երբ րոպեներ առաջ կողքիդ մարտնչող զինվորի, զինակցի մասունքներն ես հանձնել հարազատներին: Երբ հակառակորդը 10 մետրից կրակում է քեզ վրա, բոլոր հայրենասիրական ելույթներն ու խոսքն անիմաստ են դառնում։
Պատերազմի ավարտից հետո նրան ներկայացրել էին ՙՄարտական ծառայության՚ մեդալի, սակայն նա անկեղծորեն խոստովանում է, որ ինքը չի եկել պարգևների հետևից, նա հաղթանակների հետևից էր եկել, եկել էր հակառակորդի քիթումռութը ջարդելու, ու ջարդել են` միասնական վահան կազմելով պահել են իրենց դիրքերը... Նա, իհարկե, շատ է ցավում հողերի կորստի համար, սակայն գլուխը բարձր ու հպարտ է քայլում, որ իրենց պաշտպանական բնագծից կես քայլ անգամ ետ չեն արել։ Նա եկել է կռվելու իր Արայիկ ու Արման որդիների համար, նրանց աչքերի մեջ շիտակ նայելու համար է Արցախ փութացել... Երեք տարուց հետո ավագ որդին զորակոչվելու է բանակ ու ինքը իրավունք է վաստակել նրան` իր ու ընկերների մարտական դասերը փոխանցելու։ Որդիները, երկուսն էլ զենքի հետ սեր ունեն, սպորտով են զբաղվում, իսկ հոր համար ամենակարևորը նրանց հայրենասիրությունն է, որ անզեն աչքով էլ տեսանելի է։
Արմավիրի մարզի Շենավան գյուղում ծնված ու մեծացած, Վանաձոր քաղաքում հաստատված ու այնտեղ իր երկրորդ տունը գտած Սմբատ Գալոյանի համար Արցախը թանկ հայրենիք է։ Պատերազմի ավարտից հետո նա որոշեց մնալ ու օգնել Արցախին... Ներկայումս նրա անմիջական մասնակցությամբ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի մերձակայքում 100 տուն է կառուցվում, ևս 17-ն ու 3-ը համապատասխանաբար կառուցում են Ստեփանակերտում ու Հովսեփավանում։ Փորձում են սեփական լուման ներդնել տեղահանվածներին ժամ առաջ տանիքով ապահովելու գործում։ ՙԵս Արցախն առանց ինձ չեմ պատկերացնում, և կառուցելու եմ արցախցիների համար` ուժերիս ներածին չափով, իսկ, ընդհանրապես, յուրաքանչյուր առողջ տղամարդ /ու իրեն հարգող տղամարդ/ պետք է սիրի շինարարական աշխատանքը։ Կառուցելը նրա համար միակ սուրբ գործն է, որն արժանի է մեծ հարգանքի, իհարկե, հայրենիքիդ պաշտպանը լինելուց հետո միայն։ Նա լավատես է վաղվա օրվա հանդեպ և գտնում է, որ եթե յուրաքանչյուր իրեն հարգող հայ մտածի, որ այս երկրի տերն ինքն է, ապա ելքն էլ գտնվելու է... Եթե ընտանիքում չկա սեր, չկա և հաջողություն, նույն էլ երկրի պարագայում է, մի ընտանիքի պես պիտի լինենք, այլապես շարունակելու ենք կորցնել։ Ժամ առաջ պիտի վերականգնենք մեր արժանապատվությունը։ Ուրիշի տունը քանդելով, մերը շինելու կործանարար միտումը մեր միջից հանելով ու երկրին ծառայելու պատասխանատվությունն ուսելով միայն կարող ենք հասնել երազած հանգրվանին։