“Մենք ենք, մեր լեռները” հուշակոթողին հարակից նոր հուշարձանի հարցը քաղաքապետարանում
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Ստեփանակերտի համայնքային ավագանու նիստում քննարկվել է “Մենք ենք, մեր լեռները” հուշակոթողի տարածքում վերջերս կանգնեցված հուշարձանի հարցը:
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ, նոյեմբերի 30-ին կայացած հերթական նիստում, ավագանու անդամները հարց են բարձրացրել առ այն, որ հուշարձանների տեղադրման վերաբերյալ որոշումներ ընդունելիս չեն տեղեկացնում ավագանուն, մասնավորապես` խոսքը վերաբերում է “Մենք ենք, մեր լեռները” հուշակոթողի տարածքում կանգնեցված “Վերածնունդ” հուշարձանին:
Նիստում շեշտվեց, որ թույլտվություն տալուց առաջ անհրաժեշտ է ստանալ Ճարտարապետական խորհրդի համաձայնությունը, հատկապես, որ հանրության կողմից միանշանակ չի ընդունվում այն փաստը, որ նոր հուշարձանները տեղադրվում են Արցախի խորհրդանիշ “Մենք ենք, մեր լեռները” հուշարձանի տարածքում:
Օրակարգում էր նաև գույքահարկի վճարման վերաբերյալ արտոնություն ստանալու խնդրանքով 6 քաղաքացիների դիմումները: Յուրաքանչյուր խնդրանքին ուղեկցող հանգամանքները մանրակրկիտ քննարկվեց, և արդյունքում ավագանին հաստատեց 4 քաղաքացու փոխադրամիջոցների և 2 քաղաքացու շինության գույքահարկի արտոնություն ստանալու մասին որոշման նախագծերը:
Ընդունվեցին նաև համայնքի սեփականություն հանդիսացող 6 բնակարանների նվիրատվության կարգով օտարելու մասին նախագծերի որոշումները:
Պատերազմից հետո տուժած բնակարանների վերանորոգման անհրաժեշտությամբ պայմանավորված, որոշման նախագիծ ընդունվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու մասին, ինչը և հաստատվեց ավագանու կողմից:
Նիստի ավարտին մանրամասներ ներկայացվեցին համաքաղաքային նշանակության տարբեր խնդիրների կարգավորման տարբերակների և ընթացքի վերաբերյալ: