ԻՍԿ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ ՉԵՄ ԱՍԻ, ՄԵԿ էԼ ՏԵՍԱՐ՝ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՎ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Արդեն երկրորդ տարին է Նոր տարին նշում ենք առանց ճոխ հանդիսությունների։ Պատճառներն ակնհայտ են՝ համավարակ, արյունալի պատերազմ... դարձյալ համավարակ... վիշտ... մահ... անելանելիություն... հավատի, երջանիկ ապագայի հույսի կորուստ։ Գլխավոր պատճառը, սակայն, ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆ է։ Իսկ, ինչպես ասում են, անորոշությունն անելանելիությունից վատ է, այս առումով պետք է փորձենք մեզ տրամադրել, որ գալիք տարին նույնպես դյուրին չի լինի։ Թեև մեզ վստահեցնում են, որ փոքր քայլերով տարեցտարի առաջ կգնանք ու ամեն ինչ կհաղթահարենք, բայց... Երբեմն անզորությունից ուզում ես հեկեկալ, լացել՝ տեսնելով հայ ազգի ներկան, ենթադրելով՝ ինչ հեռանկարներ են նրան սպասում։
Բայց վերադառնանք Նոր տարուն։ Տոնն այս խորհրդանշական է` անցում հնից դեպի նորը, անցյալից` ապագա. վատը մնում է անցյալում, առջևում նոր հնարավորություններ են, ասել է թե՝ տոնը կապված է ուրախ սպասումների, հույսի հետ։ Չէ՞ որ հենց հույսն ու հավատն են ապրեցնում մարդուն, հատկապես հային։ Այո, շուտով Նոր տարի է, հեռուստատեսությամբ էլ չեն զլանում հիշեցնել, որ ուրախանալ է պետք։ Ժամանակն է անհապաղ զարդարել տոնածառը, գեղեցիկ սեղան գցել և ընտանիքիդ հետ ուրախ տրամադրությամբ սեղան նստել։ Բայց, արի ու տես՝ դրա ցանկությունը չկա։
Ավանդույթի համաձայն՝ նախ պետք է հրաժեշտ տալ հին տարուն և, դարձյալ ավանդույթի համաձայն, շնորհակալություն հայտնել նրան։ Բայց՝ ինչի՞ համար։ Հավանաբար, որ դեռ ողջ ենք։ Տարին շատ ծանր էր, բաժանումների ու շատ առումներով միայնության տարի, տագնապի, հոգեկան խարխուլ առողջության տարի, ինչի պատճառով էլ չենք կարողանում լիաթոք ուրախանալ, ընկալել մեր գոյության իմաստը... Այո, սարսափելի 2020-ից ու ոչ պակաս տագնապալի 2021-ից հետո մեր ժողովուրդն այդպես էլ ուշքի չեկավ, շատերը չկարողացան հաշտվել ստեղծված իրողությունների հետ։ Զգում ենք, որ չենք վերահսկում իրավիճակը։ Դրանից կորչում է ապահովության, հենարանի զգացումը։ Թեպետ մեր հասարակության մեջ գտնվում են նաև այնպիսիք, որոնց մոտ ինչ-որ կերպ ստացվում է ապրել և կենսուրախ մնալ, այն դեպքում, երբ մյուսները, անորոշության մատնված, իրենց տեղը չեն գտնում, կորցնում են հանգիստն ու հավասարակշռությունը։ Ո՞վ է ճիշտ։ Եթե անկեղծ լինենք՝ չգիտեմ։
Փորձում ենք մեր ներկայի ու ապագայի միջև կամուրջ ձգել՝ պլանավորում ենք, ենթադրում, ինքներս մեզ և ուրիշներին հուսադրում քաջալերող խոսքերով՝ ՙԵս հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի՚, ՙՀույսներս չկորցնենք, Տերը մեզ չի թողնի՚, բայց, միևնույն է, վախը մեր մեջ ապրում է, խեղդում, կաթվածահար անում, ծանրության զգացում առաջացնում։ Իսկ վախենում ենք մենք այն բանից, որ մեր սպասումները չեն արդարանա։ Եվ որքան ակնհայտ է դառնում հակառակ (բացասական) սցենարը, տագնապն ահագնանում է։ Ընդհանրապես, կենդանական աշխարհում սպառնացող վտանգին արձագանքելու երկու տարբերակ կա՝ սառեցում (արգելակում) կամ փախուստ։
Նոր տարվա շեմին, չգիտես ինչու, մեր երևակայությունը սրվում է, և ամենազավեշտալին այն է, որ մենք դարձյալ հրաշքի ենք սպասում, հավատում, որ աշխարհը և մենք ինքներս կվերափոխվենք, և դա անպայման տեղի կունենա Ամանորի գիշերը։ Չգիտես ինչու՝ հավատում ենք, որ հենց դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերն ամբողջ վատը կմնա հին տարում, իսկ նորն իր հետ կբերի միայն լավը։ Գուցե նրա համար, որ շատ ենք ուզում, որ նոր տարում խաղաղություն տիրի, հիվանդները կազդուրվեն, ֆինանսական բոլոր խնդիրները լուծվեն, ովքեր երեխա չունեն, գալիք տարում զգան մայրության բերկրանքը, որ ամեն ինչ հրաշալի լինի, և բոլորը սիրեն իրար...
Անկախ տարիքից՝ շարունակում ենք հավատալ, որ հենց ժամացույցի սլաքn ազդարարի օրվա ավարտը, հրաշք կկատարվի, բայց...
Կցանկանայի խոսքս ավարտել զվարճալի պատմությամբ։ Հայտնի ֆիզիկոս Նիլս Բորի սեղանի վերևում պայտ էր կախված։ Ծանոթներից մեկը գիտնականին հարցնում է. ՙՄի՞թե դու էլ ես սնահավատ՚։ Բորը ծիծաղելով պատասխանում է. ՙԻհարկե, ոչ։ Բայց պայտը օգնում է, անկախ նրանից հավատում ես նրան, թե՝ ոչ՚։ Նույնպես և Նոր տարին, հրաշքներ լինում են... և լավ է, երբ հավատում ենք դրան։
Դե ինչ, հավատանք և ցանկություն պահենք՝ ամենանվիրական ցանկությունը։ Ավելի քան համոզված եմ, որ արցախցիները, ինչպես և ողջ հայ ժողովուրդը, միայն մեկ մեծ ցանկություն ունեն, և բոլորս Ամանորին հենց այդ ցանկությունը կպահենք, յուրատեսակ ֆլեշմոբի նման։ Իսկ թե ի՞նչ ցանկություն է դա, չեմ ասի, մեկ էլ տեսար՝ չիրականացավ...