ՏՈՆ ՕՐԵՐԻՆ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՄՈՏ 70 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿՑԻԱ
Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնին կից իր աշխատանքն է շարունակում Քաղաքացիների ընդունման կետը, գործում է ՙթեժ գիծը՚, որոնց նպատակն է հումանիտար և հոգեբանական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնումների համար տեղեկությունների հավաքագրումը, աշխատանքի տեղավորման և այլ հարցերի լուծումը։
Ամեն օր օգնության համար Քաղաքացիների ընդունման կենտրոն է դիմում մոտ 20 մարդ, այդ թվում զանգահարելով ՙթեժ գծին՚։ Հերթապահ սպաները, ովքեր ընդունում են քաղաքացիների դիմումները՝ հեռախոսով կամ անձամբ, պարտադիր պարզում են խնդրի բնույթը, հարազատներից ճշտում անհետ կորած զինծառայողի հետ կապված տեղեկություններ, արձանագրում այդ տվյալները։ Դիմումները գրանցվում են տվյալների բազայում և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին։ Այնուհետև անհետ կորածների որոնումների հետ կապված միջոցառումներն իրականացվում են ՌԽԶ զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ։ ՙԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ղարաբաղում գտնվող խաղաղապահ ուժերին։ Կատարվել է մեծածավալ աշխատանք. ընթանում են որոնողական աշխատանքներ, տեղադրվել են դիտակետեր՝ անվտանգությունն ապահովելու նպատակով՚,- խաղաղապահներին իր շնորհակալությունն է հայտնում տեղի բնակիչ Արսեն Գրիգորյանը, ով այցելել էր Հումանիտար արձագանքման կենտրոնի Քաղաքացիների ընդունման կետ։ ՙԱյժմ մեր ցանկությունն է, որ պատերազմը վերջանա և բոլորը վերադառնան իրենց հարազատ օջախներն ու շարունակեն իրենց կյանքը խաղաղ պայմաններում՚,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ Ռուսական խաղաղապահ զորակազմի Քաղաքացիների ընդունման կենտրոնը շարունակում է իր աշխատանքը, և Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակիչ կարող է դիմել անձամբ կամ զանգահարել ՙթեժ գծին՚՝ 047 94 61 94 հեռախոսահամարով։ Առայսօր ՌԽԶ Քաղաքացիների ընդունման կենտրոն դիմել է 5122 տեղաբնակ, իսկ ՙթեժ գիծը՚ քաղաքացիներից ստացել է 2175 զանգ։
Ամենասուր խնդիրներից շարունակում են մնալ անհետ կորածների որոնումները, հրետակոծությունների ժամանակ վնասված տների վերականգնումը, գույքի վերադարձը, ինչպես նաև ընտանիքի անդամներ կորցրածներին ու փախստականներին հոգեբանական օգնության ցուցաբերումը։
ՌԽԶ հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները շարունակում են հասցեական հումանիտար օգնություն ցուցաբերել բարեգործական հիմնադրամների անունից։ Օրերս Մոսկվայի մարզում բարեգործական կազմակերպությունների կողմից հավաքվել է հումանիտար բեռ և ՌԴ պաշտպանության բանակի ԻԼ- 76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել Երևան, որտեղից ռուս խաղաղապահների շարասյունն այն հասցրել է Ստեփանակերտ։
Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ նախատեսում են իրականացնել մոտ 70 հումանիտար ակցիաներ ու ամանորյա նվերներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջանների մոտ 8000 երեխաների։
Նոր տարվա շեմին առաջին հումանիտար ակցիան ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարերարների հետ միասին իրականացրեցին Մարտակերտի շրջանում։ Ամանորի առթիվ նրանք շնորհավորեցին առաջնագծամերձ շրջաններում ապրող մոտ 1000 դպրոցականների։ Կրտսեր դասարանների աշակերտներն ստացան ամանորյա նվերներ՝ խաղալիքներ և քաղցրավենիք։
Սուրբծննդյան տոներին ընդառաջ կտրուկ ավելացել է սրբավայրեր, մասնավորապես՝ Ամարաս վանական համալիր այցելել ցանկացողների թիվը։ Ուխտավորների թվաքանակի աճի հետ կապված՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվությունն ավելանում է՝ այցելությունների անվտանգությունն ապահովելու առումով։ Օրերս ուխտավորները, որոնց թվում էին Շուշիի համալսարանի ուսանողները, այցելեցին Մարտունու շրջանում տեղակայված հայկական վաղ միջնադարյան Ամարաս վանք և մասնակցեցին պատարագին։ ՌԽԶ հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների տարածքների ականազերծման և մաքրման աշխատանքները, որոնց ընթացքում ռուս զինծառայողները կիրառում են տարբեր մեթոդներ, այդ թվում` ձեռքով ականազերծում, ականորսիչ շների օգտագործում, մեխանիկական համակարգեր, ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման վաշտի կազմում իրենց ծառայությունն են իրականացնում վաշտի պատասխանատուները՝ իրենց ծառայողական շների հետ։ Շներին վարժեցնելու համար Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորական ավանի տարածքում հատուկ վայր է հատկացվել։ ՙՀումանիտար ականազերծման ստորաբաժանումների զինանոցում առկա են պայթյունավտանգ առարկաների որոնման և հայտնաբերման ժամանակակից միջոցներ, սակայն երբ դրանք արդյունավետ չեն լինում, մնում է ապավինել շների հոտառությանը, քանի որ վարժեցված շունն ընդունակ է հայտնաբերել զինամթերքում առկա տրոտիլը, երբ այն գտնվում է ավելի քան 1,5 մետր խորության վրա՚,-հավելեց խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռոման Կ-ն։
Ա.Ա.