…ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆՔ ՄԵՐ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 «Ա.Ա.»-ի ճեպազրույցը Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանի հետ:

-Մեզնից յուրաքանչյուրն ունի Շարժման իր պատմությունն ու սեփական շարժառիթները… Ինչո՞վ և ինչպե՞ս պատմական 88-ը  նշանավորվեց  Ձեր կյանքում:

-Հիշարժան 88-ին ես դպրոցական էի, Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ, այսօրվա պես հիշում եմ այդ օրերը… Շարժմանը մենք հաղորդակից դարձանք մեր ֆիզիկայի ուսուցչի՝ Առնո Մկրտչյանի միջոցով: Մենք ամեն օր նրանից նորանոր լիցքեր էինք ստանում, նա բորբոքում էր մեր հայրենասիրությունը և մենք, բնականաբար, գտնվելով Շուշիում՝ ադրբեջանական խիտ օղակման պայմաններում, այնուամենայնիվ, փորձում էինք մեր ձայնը լսելի դարձնել: Աշակերտ-ակտիվիստների խմբով աշակերտության շրջանում ներկայացնում էինք Շարժման նպատակը, խնդիրները, մեր հետագա քայլերն ու անելիքները: Այդ ժամանակ էլ բոլորս հասկանում էինք, որ այս Շարժումը մի հնարավորություն է ադրբեջանական հալածանքներից, գաղութային քաղաքականությունից ազատվելու և Մայր Հայաստանին վերամիավորվելու համար: Մենք փորձում էինք ընդհատակյա ձեռագիր թերթեր տարածել դպրոցականների շրջանում: Երբ Խորհրդային Ադրբեջանում իրականացվեցին բռնի տեղահանություններ, ջարդեր, կոտորածներ, մենք սկսեցինք մտածել նաև ինքնապաշտպանության կազմակերպման  մասին: Ծրագրել էինք ռազմագիտության կաբինետից ուսումնական զենքերը դուրս բերելու «օպերացիա», սակայն նշանակված օրվանից 2 օր առաջ մեր դպրոց եկան Շուշիի ներքին գործերի քաղաքային բաժնի աշխատակիցներն ու տարան բոլոր զենքերը: Դա զուգադիպությո՞ւն էր, թե՞ «հոտոտել» էին ու հետքին ընկել՝ այդպես էլ չիմացանք: Երբ արդեն, ինչպես ասում են, սև ուղտը չոքեց մեր դռանը և Շուշիի հայությունը նույնպես  բռնատեղահանվեց, մենք մայիս ամսին տեղափոխվեցինք Քարինտակ, բնակիչների մի մասն էլ՝ Շոշ ու Ստեփանակերտ: Սեպտեմբերի 20-ին մեզ բռնի կերպով քշեցին, նրանք քարկոծում էին մեզ տեղափոխող ավտոմեքենաները, միայն երջանիկ պատահականությամբ ողջ մնացինք և ապաստան գտանք Ստեփանակերտում: Մենք՝ շուշեցիներով, ամենաակտիվ կերպով մասնակցում էինք ցույցերին, հանրահավաքներին ու տարբեր ակցիաներ էինք իրականացնում: Այդ օրերին հնարավորություն ունեցանք Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերում բնակվող ադրբեջանցիների հետ մեր բնակարանները փոխանակելու միջոցով այդ թաղամասերը դարձնել հուսալի ու պաշտպանված:

-Նախախնամության կամո՞ք, թե՞… Դուք դարձաք ռազմական վավերագրող, ապա և պատմաբան: Տասնամյակների հեռվից  ինչպե՞ս կգնահատեք ոչ հեռու անցյալի իրադարձությունները:

-Երեսունչորսամյա մեր անցած ճանապարհը դիտարկելով, ոչ միայն որպես պատմաբան, այլև բազում հիմնահարցեր ուսումնասիրելով, նաև նեղ մասնագիտացման բերումով, պիտի ասեմ, որ մեր շարժումը, ունենալով զուլալ ակունքներ, այդ գաղափարի շուրջ համախմբելով համայն հայությանը, իհարկե, ունեցավ հաջողություն: Այն հասավ իր նպատակին, և ես կարծում եմ, որ 92 թվականի մայիսի 18-ին՝ Բերձորի ազատագրմամբ և Մայր Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնմամբ մենք հասանք Շարժման հիմնական նպատակին, գաղափարախոսությանը, կարգախոսին՝ միացում Մայր Հայաստանի հետ: Եվ այդ նվաճումը մենք արիաբար պաշտպանեցինք մեզ պարտադրված պատերազմում… 94 թվականի զինադադարը հենց դրա վկայությունն էր, և այդ իրավիճակում մենք ունեինք հնարավորություն կերտելու հզոր պետություն, հզոր պաշտպանություն, բայց ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ մենք, այնուամենայնիվ, շատ բաներում թերացել ենք, սխալներ ենք գործել, գերագնահատել ենք մեր հնարավորությունները, լրջորեն չենք պատրաստվել պատերազմին, մեր հույսը դարձյալ կապել ենք օտարի հետ, միամտաբար կարծելով, թե օտարները թույլ չեն տա ռազմական բախումներ, մանավանդ, երբ նրանք միշտ հավաստիացնում էին այդ մասին: Մենք հերթական անգամ խաբվեցինք այնպես, ինչպես մեր պատմական ընթացքի բազում-բազում դեպքերում: Այդքանով հանդերձ, մենք իրավունք չունենք հուսահատվելու, հիասթափվելու, որովհետև, եթե ուզում ենք ապրել հայրենի հողում, պարտավոր ենք մինչև վերջին շունչը, վերջին հնարավորությունը պայքարել մեր իրավունքների համար, շենացնել հող-հայրենին ու սերունդներին թողնել այն ամենը, ինչը մենք ժառանգություն ենք ստացել մեր պապերից: Եթե չկարողացանք հասնել մեր նպատակին, ապա կլինենք անիծված, որին, կարծում եմ, մեզնից և ոչ մեկը չի ուզում հավատալ, առավել ևս՝ արժանանալ: