[ARM]     [RUS]     [ENG]

Արցունքը փոխեց իր համը

 

Հադրութցի 12-ամյա Վիկա Ավետիսյանը երազում էլ սիրելի ծննդավայր քաղաքն է տեսնում։ Շնորհաշատ աղջնակն իր երազները դարձրել է հեքիաթներ, որի հերոսներն ինքն ու իր հայրենիքի բնակիչներն են, հարազատ Հադրութը։ «...Եվ արցունքը փոխեց իր համը»՝ այսպես է անվանակոչել իր անդրանիկ գրքույկը Վիկան։ Գիրքն արդեն տպվել է, և ապրիլի 14-ին Երևանում՝ «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնում, կայացավ շնորհանդեսը։ Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Երազիկ Ավանեսյանը ներկայացրեց Վիկային և նրա հեքիաթները։ Ծնվել է 2010թ. Հադրութում, 3 քույրերից կրտսերն է։ Սովորել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դեռևս տարրական դասարաններում է սկսել ստեղծագործել, տպագրվել Հադրութի շրջվարչակազմի «Դիզակ» պաշտոնաթերթում, որի գլխ. խմբագիր Լիաննա Պետրոսյանը «Դիզակ Արտ»-ի համահիմնադիրներից է և ներկա էր շնորհանդեսին։ 2020թ. պատերազմը փոխեց նաև փոքրիկ Վիկայի կյանքը. տեղահանություն, ծանր ու երկարատև ճանապարհ՝ գիշերը, ռմբակոծության տակ... Մայրը, ով աշխատել է նույն «Դիզակ» թերթի խմբագրությունում, տեղեկացրեց՝ հպարտություն և ուրախություն է զգում՝ ներկա լինելով կրտսեր դստեր գրքի շնորհանդեսին։ Հավատում է՝ Երևանում, որտեղ բնակվում են վարձով, ժամանակավոր են մնալու, տուն են վերադառնալու։ Գիրքն սկսվում է հեղինակի նամակով՝ ուղղված հայրենի Հադրութին։ «Վիկայի հասակակիցները լաց են լինում կորցրած խաղալիքի, այլ իրերի համար, իսկ նա ու բազում արցախցի մանուկներ այսօր արտասվում են կորցրած հայրենիքի համար, կարոտում ընկերներին, իրենց տունը, հարազատներին...», -ասաց Ե. Ավանեսյանը և ավելացրեց՝ գրքում նաև նկարներ կան, որոնք ներկելու համար են։ Գրքի հեղինակն ընթերցեց իր նամակը՝ ուղղված Հադրութին. «...Երբ քեզ առաջին անգամ նամակ էի գրել, դեռ պատերազմ էր, ու երազանքս խաղաղությունն էր։ Հիմա խաղաղություն է, բայց քեզ եմ կարոտել... Տխուր խաղաղությունն ինձ արցունքներ բերեց միայն։ Քեզ տեսնելու համար գիտե՞ս ինչ եմ հիմա անում, փակում եմ աչքերս ու մտովի գալիս քեզ մոտ...»։ Շարունակում է՝ ներկայացնելով իրենց փողոցը, մոր կանչը, հարևանի բակում թխվող «ժենգյալով հաց»-ի բույրը... ու հավատում է՝ մի օր այդ երազն իրականություն է դառնալու... Գրքում հեքիաթներից մեկը վերնագրված է. «Փոքրիկ աղջիկը ժպտաց արցունքներին, և այն փոխեց իր համը»։ Հեքիաթում միայն ծիծաղելիս արցունքոտ աչքեր ունեցող աղջնակի սիրտն արտասվում է, երբ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվում է եղբայրը։ «..Հետո, երբ արդեն մթնել էր, և աղջիկը պառկեց քնելու, արցունքի վերջին կաթիլը խոսեց նրա հետ, հերոս եղբոր ձայնով ու ասաց, որ նա երբեք հետ չկանգնի իր երազանքից։ Փոքրիկ աղջիկը ժպտաց...»: Վիկայի մասին խոսեցին հադրութցի լրագրող, սցենարիստ Արփի Վանյանը, Երմոնյա Զաքարյանը, այլոք, ովքեր միշտ են հիացել նրա տաղանդով։ «Էկո Պրոֆ» ՍՊ ընկերությունն իր աջակցությունն է ցուցաբերել գրքի լույսընծայմանը՝ գնելով մի քանի տասնյակ օրինակ։ Ընկերության աշխատակից Քնարիկ Հոխանյանը շնորհավորեց Վիկային և նշեց՝ հետաքրքիր հեքիաթներ են, որոնք հուզում են, և հավելեց՝ մի խմբաքանակ ևս պատվիրել են, որ գնեն։ Ե. Ավանեսյանը տեղեկացրեց՝ այժմ «Դիզակ Արտ» կենտրոնում մանուկները սովորում են նկարել, նվագել, պարել, երգել, ասեղնագործել և այլն։ Վիկան նաև հաճախում է նկարչության խմբակ։ Իրենց ընկերուհուն ազգագրական երգերով շնորհավորեցին կենտրոնի սաները՝ Նաիրա և Սյուզաննա Շաբուրյանները, Կարինե Ղուկասյանը, Արման Հայրիյանը՝ նվիրելով իրենց նկարած գործերից։ Եղավ նաև գինեձոն։ Ներկաները շնորհավորեցին փոքրիկ Վիկային՝ համոզված՝ մի օր տուն են վերադառնալու։

Զոհրաբ Ըռքոյան