ԱՐՑԱԽԸ ՀԵՌՎԻՑ ՍԻՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ Չէ…
Նրան հանդիպեցի պատահմամբ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում… ՊԲ պահեստազորի մայոր Ալիսա Հայրապետյանի հետ տարիների քննությանը «դիմակայած» մեր մտերմությունը, որ ծառայողական դառն ու անուշ օրերի մի շարահար շղթա է, մեզ հարազատից էլ հարազատ է դարձրել… Տասնամյակների գլխներովս անցածը վերհիշեցինք ժամերի ընթացքում, երանի տալով այն օրերին, երբ հաղթանակած բանակի զինծառայողներ էինք։
Երկու տասնամյակ Պաշտպանության բանակում զորամասի իրավաբան սպայի /ապա սոցիալ-իրավական հարցերով հրամանատարի օգնականի/ պաշտոնում ծառայած, բազմաթիվ մեդալների, պատվոգրերի, խրախուսանքների արժանացած Ալիսան, որ մինչև ուղնուծուծը ճանաչում էր իր ծառայակից ընկերներին, խոստովանում է.
- Իմ ճանաչած զինվորն ու հրամանատարը չեն պարտվել, ես ինչպե՞ս ասեմ նրանք պարտվել են, երբ նրանց միմիայն մաքառելիս-մարտնչելիս եմ տեսել… Իմ վերջին հրամանատարը, Արցախի հերոսի կոչմանը հետմահու արժանացած Սերգեյ Շաքարյանն է եղել, ում մասին այսօր լեգենդներ են պատմում:
Ծառայողական թոհուբոհում թրծված, տեղահանության դառնություններ ճաշակած, սակայն հոգու կորովը չկորցրած Ալիսան աչքիս առաջ կուչ գալիս, մի բուռ է դառնում՝ վերհիշելով, թե ինչպես է Եռաբլուրում հանդիպել Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի մորը՝ տիկին Վալյային ու նրա ականջներում մշտապես արձագանքողը վշտաբեկ մոր խոսքերն են՝ սարս տապալվել է /սարս պրանվալա/… Տիկին Վալյայի ամուսինն ու որդին զոհվել են միևնույն տարիքում ու նույն օրը, դժվար է հավատալ, որ սա սոսկ պատահականություն է, Աստված լավագույններին է ընտրում որպես մատաղացու, Աստծո գործերն ու նրա ուղենշած ճանապարհներն անքննելի են… Երբ Եռաբլուրում քայլում էի տղաների շարքերի միջով, ինձ մի պահ այնպես էր թվում, թե նրանց շարքերը խրոխտ քայլքով գալիս են դեպի ինձ, ասես թե զորամասի շարահրապարակում լինենք՝ զինվորական շարանցման ժամանակ։ Մի պահ մտովի տեղափոխվեցի հարազատ զորամասի զորահրապարակ, վերադարձա այն օրերին, երբ ես ապրում էի նրանց հաջողություններով ու հաղթանակներով։ Ցավոք, այսօր այլ իրավիճակ է, իսկ այդ բոլոր կորուստներն իմն են, նրանք իմ հարազատներն են, և ամեն օր աղոթում եմ, որ Աստված նրանց հոգիները լույսերի մեջ պահի, իսկ մեզ՝ ապրողներիս, ուժ ու կարողություն տա՝ նրանց գործն ու պայքարը շարունակելու։ Մեր գործով պիտի ապացուցենք ու հաստատենք նրանց ներկայությունը մեր կյանքում ու մեր շարքերում, այլապես «Ձեզ բացակա չենք դնելու» կարգախոսը հնչի պիտի որպես դատարկ կրակոց օդում, ասում է Ալիսան ու շարունակում.
-Սերգեյ Շաքարյանն իմ վերջին հրամանատարն էր, նրա օրոք եմ զորացրվել, հազվագյուտ անձնավորություն էր, չտեսանք-չլսեցինք մի անգամ ձայնը բարձրացներ, իսկ զինվորներին այնպիսի նախանձելի քնքշությամբ էր վերաբերում, ասես իր հարազատ զավակները լինեին, թե զանցանք էին գործում, ծով համբերատարությամբ խոսում, բացատրում, համոզում էր, մինչև դարձի կգան։
Ճակատագրի բերումով հաշվապահի մասնագիտությունը ծառայությամբ փոխարինած Ալիսան այն նվիրյալներից է, որոնց սերը բանակի և, ընդհանրապես, ծառայության հանդեպ տարիների թոհուբոհում ոչ թե մարում, այլև հարաճում է։ Այսօր էլ նա պատրաստ է կանգնել շարքում, եթե դրա կարիքը կլինի։ Վաղ տարիքում կողակցին կորցրած ու իր կյանքը երեք զավակների կրթությանն ու դաստիարակությանը նվիրաբերած կինը, որը ստիպված էր միայնակ շատ դժվարություններ հաղթահարել, այսօր էլ դժվարություններից չի երկնչում։ Նա իր տարիների ամբողջ վաստակը թողել է հարազատ Հադրութում ու տեղահանվել … Նյութական ոչինչ նրա աչքին չի երևում, զավակներին /արդեն նաև թոռներին/ թև ու թիկունք դառնալով կրկին տունուտեղ են դնելու, որքան էլ նեղությունները շատ լինեն, նա դժգոհել չի սիրել, սակայն նեղվում է անարդարությունից, թացը չորին խառնելու, արժանավորներին չգնահատելու մարդկային էժանագին միտումնավորությունից, նրանց ոչ պակաս «հանցավոր» անտարբերությունից։ Ոչ հեռու անցյալի հուշերին տրվելով Ալիսան փորձում է ջերմություն հաղորդել իր օրերին, երանությամբ է մտաբերում, թե ինչպես հետևելով Հադրութի շրջանի դատախազ Ռոբերտ Դավթյանի խորհրդին, ծառայության անցավ Հադրութի պաշտպանական շրջանում… քիչ է ասել շնորհակալ է դատախազին, որ իրեն ճիշտ ուղի է ցույց տվել և հենց շնորհիվ նրա գտել է իր տեղը կյանքում:
Ալիսան իր համար մեծ պատիվ է համարում, որ եղել է քաջազուն մարտական հրամանատարների ծառայակիցը, նրանց ավագ ընկերն ու խորհրդատուն։
44-օրյա պատերազմի ընթացքում իր փոքր Հայրենիքի հարավային թևում ծվարած ծննդավայրը կորցնելուց հետո է Ալիսան հասկացել, թե որքան թանկ է հայրենիքն իր համար, նոր է հասկացել հայրենասիրության իմաստն իր ողջ խորքայնությամբ, մինչ այդ ինքը վայելում էր Հայրենիքը մոռացած նրա ներկայությունն ու կարևորությունն իր կյանքում… հիմա է հասկանում, թե ինչ գանձ է կորցրել, և այն վերադարձնելու համար պատրաստ է անմնացորդ նվիրումով ծառայել՝ նշանակություն չունի ուսադիրներով, թե առանց ուսադիրների, միայն թե կրկին տուն վերադառնա իր տունը՝ թեկուզ ավերակ ու դատարկ, նա պատրաստ է իր մատները ճրագ դարձնել, նոր շունչ ու ոգի ներարկել իր օճորքին, որի տակ այնքա՛ն երազանքներ կան անթեղված՝ տիրուհուն անհամբեր ու կարոտով սպասող…
Երբ Հադրութիս ազատագրման լուրն առնեմ՝ ոտքով ու ոտաբոբիկ եմ գնալու, ասում է Ալիսան ու դեմքը շուռ տալիս, որ աչքերում լճացող կարոտը չհորդա արցունքի փոխվելով… Նրա կարծիքով՝ Արցախը հեռվից սիրելու համար չէ, նրա ներսում ապրելու, նրանով ապրելու երկիր է, և ապրելու ու ապրեցնելու համար ամեն օր ջանք պիտի թափվի... Հադրութս, ասում է, հեռվից սիրելու երկիր չէ, այն ամենօրյա վայելքի դրախտավայր է, որ կորցրինք հաշված օրերի ընթացքում, այդ կորուստն անհնար է մարսել ու մոռանալ… ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ, առ այսօր ինձ թվում է չար երազ եմ տեսել և ուր որ է կարթնանամ… Ծառայության ընթացքում երբ գիշերները դեպքի վայր էի գնում, միշտ հիանում էի տղաների զգոնությամբ, ես չեմ հավատում, որ կարող էին պարտվել։ Զինվորական հագուկապից չկշտացած, ծառայողական դժվարություններին «ոչ» ասած, ականապատ դաշտերի որոգայթներին դիմակայած, ծառայողական 20 տարիների ընթացքում ոչ մի անգամ տույժ չստացած, իրավաբանի սառը դատողությամբ, մայրական տաք սրտով օժտված Պաշտպանության բանակի պահեստազորի ավագ սպան վստահ է. «Ձախորդ օրերը ձմռան նման կգան ու կերթան, վհատվելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան…»։ Իսկ նրա տեսած ու ճանաչած կորյունները դեռ գալու են՝ նոր ասելիքներով ու անելիքներով… Հուսանք ու հավատանք, որ նրանց ժամանակն այնքան էլ հեռու չէ:
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ