[ARM]     [RUS]     [ENG]

ԱՈՒՏԻԶՄԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՐԴԵՆ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

 

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին կից արդեն 5-րդ տարին է գործում աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը։ Մինչ այդ աուտիզմի սկեպտիկ խանգարումներով և մտավոր խնդիրներով երեխաները վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիստների, լոգոպետների և հոգեբանների շնորհիվ ստանում էին ամբուլատոր բուժում։ Սակայն նրանց հետ ինտենսիվ աշխատելու համար խիստ անհրաժեշտություն առաջացավ Վերականգնողական կենտրոնում ստեղծել համապատասխան պայմաններ նման խնդիրներով երեխաների բուժումը լիարժեք կազմակերպելու համար։ Արցախի Հանրապետության կառավարության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Հովարդ Կարագյոզյան բժշկական հասարակական կազմակերպության աջակցությամբ 2017թ. մայիսի 2-ին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բացվեց աուտիզմի մասնագիտացված բաժանմունք, որտեղ տարեկան համապատասխան բուժում է ստանում 60 երեխա։ Նրանց հետ մասնագիտական աշխատանքներ են տանում վերապատրաստված լոգոպետներ, հոգեբաններ, ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ, հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատող, երկու դայակ և բուժքույր։ Երեխաների բուժումը տարվա կտրվածքով կազմակերպվում է երեք փուլով և յուրաքանչյուր փուլում ընդգրկվում է 20 երեխա։ Շենքային սուղ պայմանների պատճառով բուժօգնությունն իրականացվում է երկու հերթափոխով։

 

Մայիսի 2-ին Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում կայացավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի 5-րդ տարեդարձին։ Ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, և սպորտի նախարարները, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։ Հրավիրվածները ծանոթացան նաև Կենտրոնի շենքային պայմաններին, տարվող մասնագիտական աշխատանքներին։ Կազմակերպիչներն ամփոփ ներկայացրին հինգ տարիների  աշխատանքը։ Մասնագետների օգնությամբ երգեցողությամբ հանդես եկան բուժվող երեխաները։ Կենտրոնում մասնագիտացված բուժում է ստացել ավելի քան 186 երեխա։ Առանձին ուշադրության արժանացավ Լեո և Լուիս եղբայրների պատմությունը, ովքեր աուտիզմի կենտրոն սկսել են հաճախել 2019թ. հունվարից։ Նույն տարվա սեպտեմբերին դրական դինամիկա նկատվեց Լեոյի մոտ, որին տեղափոխել են Վերականգնողական կենտրոնի մանկական առողջության կենտրոն։ Ներկայումս եղբայրներից միայն Լուիսն է շարունակում բուժումը, իսկ Լեոն դպրոց է հաճախում և արդեն որոշ չափով ինտեգրվել է իր տարեկիցներին։ Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, կարևորելով աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի գործունեությունը, նշեց, որ երեխաները 2-3 տարվա բազմապրոֆիլ մասնագիտական բուժման շնորհիվ կարողանում են ինտեգրվել իրենց տարեկիցներին և հաճախել դպրոց։ Այդ առումով համագործակցում են հանրակրթական դպրոցների հետ, որպեսզի Կենտրոնի երեխաները մյուս տարեկիցների հետ ստանան կրթություն։ Հինգ տարիների ընթացքում նման հիմնախնդիրներով երեխաներին աջակցել է ԱՀ կառավարությունը, առողջապահության նախարարությունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը և Կարագյոզյան բարեգործական կազմակերպությունը։

«Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին և նաև ծնողներին, որ մեզ վստահեցին։ Այս տարիների ամենամեծ խնդիրը, թերևս, ծնողների դժգոհությունն է, երբ մենք տեղեկացնում ենք, որ պետք է դադարեցվի իրենց երեխայի հետ տարվող աշխատանքը, որովհետև հերթում սպասող ուրիշ բալիկներ էլ կան։ Ավաղ, շենքային պայմաններից ելնելով չենք կարողանում բոլորին միաժամանակ բուժօգնություն ցուցաբերել։ Այդ պատճառով է, որ ամեն չորս ամիսը մեկ 20 երեխայի ենք միայն ցուցաբերում բուժօգնություն։ Հուսանք, որ հետագայում հնարավորությունները կընդլայնվեն»,- նշեց Վ. Թադևոսյանը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն աուտիզմով տառապող երեխաների հիմնախնդիրները համընդհանուր համարեց և որ ողջ աշխարհում նման երեխաների թվի աճը լուրջ մարտահրավեր է։ Նրա խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախում պետությունը և հասարակությունը պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որ աուտիզմով տառապող երեխաները ինտեգրվեն հասարակությանը և նրանց իրավունքները պաշտպանվեն պատշաճ կերպով, ինչպես մյուս երեխաներինը։

«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պարբերաբար պետք է բարձրաձայնվեն և լուծվեն։ Շենքային պայմանների պատճառով ոչ բոլոր երեխաներն են կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն կամ կարճաժամկետ են օգտվում ծառայություններից։ Բացի դրանից, անհրաժեշտ է հղկել ներառական կրթության ծրագիրը, որ իրապես ծառայի իր նպատակին։ Այդ կապակցությամբ ուսումնասիրություններ ենք կատարում բոլոր դպրոցներում», -պարզաբանեց Գ. Ստեփանյանը։

Շենքային պայմանների վերաբերյալ ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը տեղեկացրեց, որ ծրագիր են ներկայացրել հանրապետության  նախագահին, որը  հավանության է արժանացել և շուտով կկառուցվի վերականգնողական նոր կենտրոն, որտեղ կստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները աուտիզմով երեխաների երկարաժամկետ բուժման և ուսուցման համար։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի