ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԹՈԹԱՓԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔ
Հարցազրույց Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հետ
-Պարոն Ավանեսյան, արդեն մեկ տարուց ավելի է /2021թ. փետրվարի 13-ից/, ինչ ղեկավարում եք շրջանը։ Ձեզ բաժին հասավ ղեկավարման բոլոր առումներով բավականին բարդ ու դժվար ժամանակահատված՝ պատերազմի ծանր հետևանքներով։ Սկսենք մեր զրույցը հետևանքներից։
-2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով շրջանի Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն, Վազգենաշեն համայնքները, Թաղավարդ համայնքի մի մասը և Ներքին Ճարտար տեղամասը մնացել են հակառակորդի հսկողության տակ: Այդ բնակավայրերից տեղահանվել է 501 ընտանիք` 2180 բնակչով։
Ռազմական գործողությունների հետևանքով շրջանում տարբեր աստիճանի վնասվել են ավելի քան 1300 բնակելի տուն, 8 դպրոց, 4 մանկապարտեզ, 16 վարչական շենք։ Լրիվությամբ ավերվել է 44 բնակելի տուն, որոնք ենթակա չեն վերականգնման։
Հակառակորդի տիրապետության տակ է մնացել գյուղատնտեսական նշանակության 9599,7 հեկտար հողատարածք, որից՝ վարելահող ՝ 5880,83հա, բազմամյա տնկիներ՝ 435,37հա, խոտհարք՝ 66,5հա, արոտ՝ 3204 հա, այլ հողատեսք ՝ 13հա։
Շրջանի գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների որոշակի քանակություն /այդ թվում 146 կոմբայն ու տրակտոր /մնացել է հակառակորդի օկուպացրած տարածքում։
Բավականին լուրջ վնաս է հասցվել նաև անասնապահությանը։
Չեմ խոսում ենթակառուցվածքների մասին. էլեկտրականություն չկար, շատ համայնքներ զրկված էին խմելու ջրից, գազից, կապից։
Ընդհանուր պատկերն անհամեմատ ծանր էր ու պահանջվում էր շատ լուրջ, ծավալուն աշխատանք։
Նշեմ նաև, որ բնակության նպատակով մեր շրջան սկսեցին գալ տեղահանված ընտանիքներ։ Այս ամենին գումարած՝ բնակչության բարոյահոգեբանական վիճակը։
-Ինչպե՞ս հաղթահարեցիք, ինչի՞ց սկսեցիք։
-Միասնական, համատեղ աշխատանքով։ Միանգամից աշխատեցինք տարբեր ուղղություններով՝ զուգահեռ։ Յուրաքանչյուր ուղղություն իր առաջնահերթությունն ու կարևորությունն ուներ։ Բացի մեր շրջանի օկուպացված բնակավայրերից տեղահանված բնակիչներից՝ սկսեցինք նաև ընդունել տեղահանվածների այլ շրջաններից։
Մայիսին լրիվությամբ վերականգնված էր Մարտունու շրջանի էլեկտրամատակարարումը, գազը, համայնքների խմելու ջուրը, կապը՝ որոշակի խնդիրներով, իհարկե։
Դպրոցներում, 2641 աշակերտի ընդգրկմամբ, 2020 թվականի դեկտեմբերից են վերականգնվել դասապրոցեսները, իսկ ամբողջությամբ՝ 2021 թվականի հունվարին։ Ներկայում սովորողների թիվը 3111 է։ Շրջանում գործում է 30 հանրակրթական դպրոց՝ 6 մասնաճյուղերով։
Մեծ տեմպերով կատարվել ու այսօր էլ շարունակվում են բնակելի տների և տարբեր նշանակության շենք-շինությունների վերականգնման, կապիտալ վերանորոգման, ճանապարհների բարեկարգման ու ասֆալտապատման և այլ շինաշխատանքներ։
Հավաքագրվել, ընթացքավորվել և տարբեր գերատեսչություններ են ուղարկվել պատերազմի հետևանքով Մարտունու շրջանից զոհվածների, անհայտ կորածների և վիրավորների, վնասված կամ լրիվությամբ ավերված բնակելի տների, ազատ բնակֆոնդի, տեղահանված բնակիչների, ինչպես նաև հակառակորդի հսկողության տակ անցած կամ վնասված շարժական և անշարժ գույքի մասին տեղեկություններ։
Մեծ աշխատանք է տարվել տեղահանված և անօթևան մնացած մեր քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված։
Շրջանի համայնքներում առկա է ազատ 271 տուն: Կապիտալ նորոգման արդյունքում հնարավոր կլինի դրանք բնակելի դարձնել։ Արդեն նորոգվել է՝ 21, նորոգման փուլում է 17 տուն, բնակեցված է 20-ը։
Շրջանում հաշվառված է 357 տեղահանված ընտանիք, այդ թվում՝ 147-ը Մարտունու շրջանից, 210 ընտանիք՝ այլ շրջաններից։ Նրանք ապահովված են ժամանակավոր կացարաններով ու կենցաղային գույքով։
Պատերազմի հետևանքների վերականգնման աշխատանքներ են կատարվել Մարտունի, Գիշի, Խնուշինակ, Ճարտար, Սոս, Մաճկալաշեն, Քերթ, Կարմիր շուկա, Թաղավարդ, Հերհեր, Ծովատեղ, Մսմնա, Կավահան, Սպիտակաշեն, Բերդաշեն, Վարանդա, Ննգի համայնքներում։ Շինաշխատանքների իրականացման գործում ներգրավված է 54 շինարարական կազմակերպություն, երկու բարեգործական հիմնադրամ և ԿԽՄԿ-ն։ Վերականգնման աշխատանքներ են կատարվել՝ 32 բնակելի, 39 վարչական ու հասարակական շենքերում, այդ թվում՝ դպրոց, մանկապարտեզ և ավելի քան 850 բնակելի առանձնատներում։ Զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են կատարվում 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքների 95 բնակելի տներում։ Շրջվարչակազմի կողմից, համապատասխան ծրագրով, մինչև մեկ միլիոն դրամի տարբեր տեսակի շինանյութեր են տրամադրվել 67 շահառուի, այդ թվում՝ նոր տուն կառուցող երիտասարդ ընտանիքների։ Պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնման համար էլ շինայութեր են տրամադրվել ավելի քան 350 շահառուի։ Մարտունի քաղաքում և Կարմիր շուկա գյուղում շարունակվում է բազմաբնակարան շենքերի շինարարությունը։ Բացի այդ, Կարմիր շուկայում նաև նոր թաղամաս է կառուցվում։ Ավարտին հարյուրավոր ընտանիքներ կապահովվեն նոր բնակարաններով և առանձնատներով։
-Գյուղատնտեսական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել շրջանում։
-Այսօր մեր գերխնդիրն է հնարավորինս նպաստել պարենային խնդրի լուծմանը, երկրի պարենային անվտանգության ապահովմանը, այսինքն՝ տեղում արտադրանք ստեղծել ու ապահովել բնակչության պահանջները։ Այստեղ ներառված են և՛ դաշտավարությունը, և՛ այգեգործությունը, ջերմոցային մշակությունը, և՛ անասնապահությունը։ 2022թ. բերքի տակ շրջանում կատարվել է 6539։1հա աշնանացան մշակաբույսերի ցանքս, որից 3281,9 հա ցորեն, 2710,9 հա գարի և 546,3 հա տրիտիկալե, գարնանացան՝ 67 հա։ Գարնանացանի աշխատանքները շարունակվում են։ Հաշվի առնելով գյուղնշանակության հողերի զգալի կորուստը՝ ավելի շատ է ուշադրություն դարձվում նոր ջերմոցային տնտեսությունների հիմնադրմանը։ Ներկայում ունենք 133 մեծ և փոքր ջերմոցային տնտեսություն, որտեղ հիմնականում բանջարաբոստանային մշակությամբ են զբաղվում։ Անասնապահության ուղղությամբ ևս համակցված ու հետևողական աշխատանք է տարվում, ինչին նպաստում են պետական և հովանավորչական ծրագրերը։ Այս տարվա մարտի 31-ի դրությամբ շրջանում առկա են 6239 գլուխ խոշոր եղջերավոր և 14 հազար 249 գլուխ մանր եղջերավոր անասուններ, խոզ՝ 5228 գլուխ, թռչուն՝ 130 հազար 456 թև։ Վերջին ժամանակահատվածում աճ է գրանցվել մանր եղջերավոր անասունների գլխաքանակում։
-Պարոն Ավանեսյան, ո՞րը կառանձնացնեիք խնդիրներից՝ որպես առաջնային ու ամենակարևոր։
-Յուրաքանչյուր ուղղություն իր որոշիչ դերն ունի, բայց կուզենայի հատկանշել անվտանգությունը։ Գաղտնիք չէ, որ մեր բնակավայրերի հիմնական մասը գտնվում է հակառակորդի նշանառության տակ։ Բերդաշենի և Կարմիր շուկայի ենթաշրջանների բոլոր բնակավայրերը սահմանային են։ Այստեղ ոչ միայն բուն բնակավայրերն, այլև մշակվող տարածքներն են գտնվում նշանառության տակ։ Մենք ունենք մի շարք դեպքեր, երբ բնակավայրերի, ինչպես նաև այգիներում ու վարելահողերում աշխատող մեր քաղաքացիների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել։ Սա լուրջ խնդիր է առաջացնում, չնայած դրան, ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ նաև շարունակվում են աշխատանքները և հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի դրանք ժամանակին իրականացվեն։ Ես հույս ունեմ, որ խաղաղ կարգավորում կտրվի խնդրին ու մեր բնակիչները կկարողանան անվտանգ ապրել ու աշխատել։ Այդպիսով հիմք կստեղծվի բնակիչների թվի ավելացման, բոլոր ոլորտների համալիր զարգացման համար։
Հարցազրույցը՝ Կարինե ԴԱԴԱՄՅԱՆԻ