ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՏԵՎԻՑ ԳՆԱՑՈՂ ՄԱՐԴԻԿ, ԿԱՄ ՝ ԵՐԲ ԳԻՏԵՆ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Խաչերի զորություն, բազկի ուժ և պայքարելու վճռականություն, ահա սոսեցուն բնորոշ դիմագծերը։ Այսպիսի խոսքերով մեզ դիմավորեցին Արցախի խոշոր ու ծաղկուն բնակավայրերից մեկում Մարտունու շրջանի Սոս համայնքում։
Սոսն Արցախի բարեկարգ ու զարգացող գյուղերից է։ Այնտեղ մեզ նույնիսկ մի քանի րոպեն բավարարեց հասկանալու համար, որ Սոսում կյանքը եռուզեռի մեջ է։ Երեխաների ձայները Սոսում լսելի է գյուղի ցանկացած կետից, ինչն, անշուշտ, դրական լիցքեր փոխանցեց մեզ։
Գարնանային արևոտ այս օրերը բաց չթողնելով` սոսեցի Լյուդմիլա Քոչարյանն իր տան բակում, ինչպես ինքն է նշում, հետձմեռային աշխատանքներ էր կատարում. բակն էր մաքրում, չորացած ծառերը կտրում, փայտ դասավորում և այլն։ Մեզ հետ զրույցում տիկին Լյուդմիլան ասաց.
«Ինչպես ամեն տարի, հիմա էլ գարնանային աշխատանքներ ենք կատարում, յուրաքանչյուրս մեր բակը մաքուր պահելով, մաքուր ենք պահում նաև գյուղը։ Սա մեր տունն է, և մենք պարտավոր ենք սիրել ու խնամել այն»։
Անշուշտ, Սոսը նկատելի կոկիկ է, ներհամայնքային փողոցները սալապատված, գյուղի գրեթե ոչ մի հատվածում աղբակույտեր չկան, թվում է` հայտնվել ես հեքիաթում, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է ու կատարյալ։
Ամեն քայլափոխի մեզ ուղեկցում էին սոսեցի երեխաները, ովքեր, առիթը բաց չթողնելով, ոգևորությամբ պատմում էին իրենց առօրյայի, իրենց խաղերի ու գյուղի հետաքրքիր վայրերի մասին։ Ասում են` հի՞նչ կանին քաղաքը, Սոսա լավ տեղ չկա, մեր շենը ըշխարքես կենտրոննա։
Գյուղում հանդիպեցինք այգուց վերադարձող Էդվարդ Մուսայելյանին, ով հատուկ ջերմությամբ մոտեցավ մեզ ու փորձեց հասկանալ ինչով կարող է օգտակար լինել։ Առիթը չէինք կարող բաց թողնել, փորձեցինք հասկանալ որտեղից է գալիս և ինչ աշխատանքներ էր կատարում։
-Ռուս խաղաղապահների աջակցությամբ այգիներում էտման աշխատանքներ ենք իրականացնում, տարին բարենպաստ է, եթե եղանակային անակնկալներ չլինեն, կարծում եմ, լավ բերք կունենանք։ Ինչ ասեմ, մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հող մշակելով շենացնել մեր վիրավոր հայրենիքը։ Ցավն, անշուշտ, մեծ է, բայց մենք իրավունք չունենք ընկճվելու, պիտի արարենք, հող մշակենք, տուն կառուցենք, արմատ ձգենք, միայն այդպես կարող ենք վաղն ավելի լավ ապրել։ Տեսնում եք ինչքան շատ երեխաներ կան մեր գյուղում, նրանք մեր ապագան են, և մենք պարզապես պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի նրանց վաղվա օրն անվտանգ ու բարեկեցիկ լինի։ Չգիտեմ, ես այդպես եմ մտածում։
Եվ շատ ճիշտ ես մտածում։ Պարոն Էդվարդի և, առհասարակ, մեզ հանդիպած սոսեցիների արտահայտած մտքերը հայրենիքի ցավով ապրելու և մաքառելու կոչեր էին։ Սա այն դեպքում, երբ հակառակորդը, ցանկացած առիթ բաց չթողնելով, փորձում է խոչընդոտել համայնքի բնականոն ընթացքը։
Մեր հաջորդ կանգառը գյուղամիջում էր, որտեղ մեր շուրջը հավաքվեցին գյուղի բնակիչները, և մեծ ու փոքր փորձում էին առավելագույնս մեզ ներկայացնել իրենց գյուղը` պատմելով գյուղի հերոսական էջերի, նրա դարավոր պատմության ու առանձնահատկությունների մասին։
Մենք փորձեցինք նաև գյուղի մասին հիշատակվող պատմական ակնարկների մասին տեղեկություններ իմանալ, այդպիսի վկայություններ շատ կան։ Մեզ հուշեցին, որ Սոսի մասին հիշատակություններ ունի Մակար Բարխուդարյանցը։
Ըստ Մակար Բարխուդարյանցի՝ Սոս գյուղը հիմնված է Լուսավորչի սարի արևմտյան ստորոտին մոտ լանջի վրա։ Հողն անջրդի է, բայց բարեբեր և հացառատ, օդն ու կլիման սննդարար են, ջուրը՝ գովելի։ Բնակիչները երկարակյաց են, ապրում են 85-90 տարի։ Ունի Սբ Գևորգ եկեղեցի, որի երկարությունը 12 մ 60 սմ է, լայնությունը՝ 7 մ 90 սմ։ Դռան ճակատակալ քարի վրա գրված է. «Զայս պատուիրեմ, զի սիրեսջիք զմիմեանս»։ Լուսավորչի սար. գտնվում է գյուղի վերևում՝ արևելյան կողմում։ Սարի կատարին կա ավերակ եկեղեցի։ Ավանդությունը պատմում է, որ Գրիգոր Լուսավորիչն այդ կողմերում քարոզելու և եկեղեցիներ հիմնադրելու ժամանակ գիշերները բարձրանում է սարի գլուխը և աղոթքով լուսացնում։ Աղվանից կաթողիկոս Սուրբ Գրիգորիսի մարմինը նրա աշակերտները փախցնում են Դերբենտից և բերում այդտեղ։ Թագավորի զորականները նրանց հետապնդում են։ Սակայն, ապավինելով Աստծուն, նրանք հասնում են Սուրբ Լուսավորչի աղոթած տեղը և ազատվում իրենց հալածողներից։ Նահատակված Սուրբ Գրիգորիսի մարմինը տանում, թաղում են Ամարասի վանքում ու փախչում դեպի Հայաստան։
Ներկա պահին համայնքում գործում է նորակառույց դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, հանդիսությունների սրահ, մի խոսքով` ամեն ինչ բնականոն կյանք վարելու համար։
Թշնամուն դեմ-դիմաց սոսեցին շարունակում է երկիր կառուցել, ապրել, ստեղծել ու արարել, քանզի նրանցից յուրաքանչյուրի մոտ սկզբունքն այսպիսինն է՝ ո՞վ, եթե ոչ սոսեցին։
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ