[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՆ ԻՆՔՆԸՍՏԻՆՔՅԱՆ ՉԵՆ ՍԿՍՎՈՒՄ. ՍԿՍՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ

 

Մեր պատմության մեջ կան իրադարձություններ, որոնց վրա իշխանություն չունեն ո՛չ ժամանակը, ո՛չ մարդկային փոփոխական հիշողությունը, ո՛չ առօրյա ունայնությունը… Ամեն գարնան հետ կրկնում ենք՝ «Մայիսը հայոց հաղթանակների ամիսն է», և, հնարավոր է, հաճախակի կրկնվելու պատճառով ժամանակի հետ այս արտահայտությունը կորցրել է իր վսեմությունը` միաժամանակ չդադարելով ճշմարտություն լինելուց։ Ճակատագրի կամոք բազմաթիվ բախտորոշ իրադարձություններ, որոնցից մեր ժողովուրդը պատվով է դուրս եկել, տեղի ունեցան հենց մայիսին, ուստի Հայաստանում և Արցախում այն ընդունված է անվանել հաղթանակների ամիս։

1918թ. մայիսի 21-28-ը հայկական զինված ստորաբաժանումները դիմագրավեցին թուրքական բանակի հարձակումը Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում։ Մայիսյան հաղթանակների արդյունքը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումն էր 1918թ. մայիսի 28-ին։ Գրեթե յոթ հարյուրամյակ անց պատմական Հայաստանի տարածքների մի մասի վրա վերածնվեց հայկական անկախ պետականությունը։ Երբեմնի Մեծ Հայքը կորցնելու պատճառներին այսօր չենք անդրադառնա, ցանկության դեպքում այդ մասին կարելի է իմանալ հայոց պատմության էջերից, իսկ հայկական պետականությունը մոխիրներից կարողացավ վեր հառնել Սարդարապատի ճակատամարտում ունեցած փառապանծ հաղթանակի շնորհիվ։ «Եթե Սարդարապատում հայերը պարտություն կրեին, «Հայաստան» բառը սոսկ աշխարհագրական տեղանուն կմնար…»,- այս խոսքի հեղինակն անգլիացի պատմաբան Քրիստոֆեր Ուոքերն է։ 1945թ. մայիսի 9-ին ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը։ Ֆաշիզմի դեմ պայքարի տարբեր ճակատներում կռվում էին ավելի քան 600 հազար հայազգի մարտիկներ, որոնցից 200 հազարը չվերադարձան։ Պատերազմի տարիներին հայերը կազմավորեցին 7 ազգային դիվիզիա, Խորհրդային Միության Հերոսի բարձր կոչման արժանացավ 101 հայ, այդ թվում՝ մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը և ծովակալ Իվան Իսակովը։
Պատերազմից առաջ Արցախի բնակչությունը կազմում էր 150 հազար մարդ, 133 հազարը, այսինքն՝ 90 տոկոսը, հայեր էին։ Արցախից 44 հազար հայ մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին: Նրանցից մոտ 2 հազարը կանայք էին։ Պատերազմին մասնակից արցախցիների գրեթե կեսը՝ ավելի քան 20 հազարը, հերոսաբար զոհվեցին։
1992թ. մայիսի 9-ին Արցախի պաշտպանության բանակն ավարտեց «Հարսանիք լեռներում» փայլուն ռազմագործողությունը, որի արդյունքում ազատագրվեց հայկական հինավուրց քաղաքներից մեկը՝ Շուշին։ Այդ օրը համարվում է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օր։
Այո, հայոց պատմությանը ոչ քիչ փառավոր հաղթանակներ են հայտնի, որոնց նշանակությունը ճակատագրական էր։
Մայիսի 9-ն արցախցիների համար առանձնահատուկ օր է՝ ԵՌԱՏՈՆ՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օր։ Արդեն 2 տարի է՝ այդ օրը երկակի զգացումներ են համակում մեզ՝ հպարտություն մեծ հաղթանակների, անկոտրում ոգու և տրտմություն ներկա իրականության համար… Պատճառն Արցախյան վերջին պատերազմն է…
Մեր սիրելի հինավուրց քաղաքն այժմ գերված է։ Այն ժամանակավորապես բռնազավթված է։ Ժամանակավորապես։ Քանի որ յուրաքանչյուր արցախցի ապրում է այն օրվա երազով, երբ դարձյալ կայցելի Սուրբ Ղազանչեցոց, փառք կտա Աստծուն և կխնդրի նրանից, որ մեր սրբազան հողի վրա, ինչպես և ողջ աշխարհում, այլևս երբեք, երբեք պատերազմ չլինի։
Դժբախտաբար, պատերազմները երկրի վրա չեն դադարում` հին օրերից մինչև օրս։ Հակառակը՝ դրանք ավելի դաժան են դարձել, մարդկությունը նետ ու նիզակից անցել է ամենասարսափելի և ավերիչ զենքին՝ ատոմային ռումբին։
Եվ պատերազմներն սկսում են մարդիկ։ Իշխանություն ունեցող խմբերը որոշում են ժողովուրդների ճակատագիրը։ Ուժով և իշխանությամբ արբեցած այդ քաղաքական գործիչները ձգտում են համաշխարհային գերիշխանության` չհասկանալով ամենապարզ ու գլխավոր ճշմարտությունը՝ երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ՝ անկախ ազգությունից ու մաշկի գույնից, ունի ապրելու իրավունք…
Յուրաքանչյուրն ունի ծնվելու, սիրված լինելու, մեծանալու, սովորելու, իր ժողովրդի բարօրության համար աշխատելու, երեխաներ ծնելու և դաստիարակելու իրավունք։ Եվ թող յուրաքանչյուրը, ով կցանկանա զենք վերցնել, հարցնի երեխայից՝ ուզո՞ւմ է նա պատերազմ։ Աշխարհի բոլոր երեխաները կպատասխանեն՝ «Ո՛չ պատերազմին։ Ո՛չ զինված հակամարտություններին։ Մեզ պետք է խաղաղությո՜ւն։ Մեզ պետք է խաղաղ, երջանիկ մանկություն»։

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ