Logo
Print this page

ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

 

 ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Նունե Կույումջյանը և Թամարա Ավետիսյանը մայիսի 16-20-ը Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման մանկական պոլիկլինիկական բաժանմունքում իրականացրեցին խորհրդատվություններ և հետազոտություններ։ Քանի որ մանկական պոլիկլինիկայում դեռևս չունեն մանկական նյարդաբան, «Բժիշկներ Արցախի համար» ծրագրով պարբերաբար Արցախ են այցելում մասնագետներ Երևանից՝ տեղում մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարի մանկական նյարդաբանության գծով խորհրդատու Նունե Կույումջյանն Արցախում արդեն երկրորդ անգամն է ցուցաբերում նյարդաբանական բուժօգնություն։ Նրա խոսքով՝ վեց ամիս առաջ և ներկայում, զննումների արդյունքներով՝ նյարդաբանական խնդիրների ու հիվանդությունների սպեկտորը նույնն է։ Մայիսի 19-ի դրությամբ հետազոտել  են նյարդաբանական տարբեր խնդիրներով 216 երեխա, այդ թվում զննել են նաև մինչև 6 տարեկան այն մանուկներին, որոնք, ըստ սահմանված ժամանակացույցի, պետք է հետազոտվեն նյարդաբանի կողմից։

«Դիսպանսեր վերահսկողության ներքո գտնվող էպիլեպսիայով տառապող հիվանդ երեխաներից որոշներն էլ  կարիք ունեին դեղաչափի բարձրացման կամ իջեցման, դեղորայքի փոփոխման կամ այլ խորհուրդների։ Բացի դրանից, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նորածնային պաթոլոգիայի բաժանմունքում զննել ենք զարգացման արատով և կասկածելի գենետիկ հիվանդությամբ երկու երեխայի։ Կան գենետիկ մի շարք հիվանդություններ, որոնց մի մասը հետազոտված չէ։ Զննումների ժամանակ հիվանդների մեծ մասը գանգատվում էր հիմնականում առաջնային գլխացավերից.  նրանք կարիք ունեին հետագա հետազոտությունների, որպեսզի ճշտվի ցավերի հիմնական պատճառը»,- նշեց մանկական նյարդաբանը։ Ընդհանուր առմամբ, խորհրդատվության դիմած բոլոր երեխաներին մասնագետները ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, տվել հետագա բուժման և վարման ցուցումներ։ Մասնագետների կարծիքով՝ առաջնային գլխացավերի մեծ մասը ժառանգական բնույթ ունեն, իսկ երկրորդային գլխացավերն առաջանում են գլխուղեղի, անոթային, ուռուցքների և այլ հիվանդությունների հետևանքով։ Եթե ծնողը գանգատվում է, որ երեխան գլխացավի պատճառով արթնանում է քնից և ունենում փսխումներ, դա արդեն կարմիր գիծ է մասնագետի համար, ու երեխան անհապաղ պետք է հիմնավոր հետազոտվի։ Ելնելով ախտանշաններից, նյարդաբանները նշանակում են համապատասխան դեղորայքային բուժում կամ ուղղորդում հոգեբանի մոտ խորհրդատվություն ստանալու համար: Նյարդաբանական ծառայությունը սերտ համագործակցում է հոգեբանի, լոգոպետի, էրգոթերապիստի, քիթ-կոկորդ-ականջաբանի և ակնաբույժի հետ։ Հիվանդների մոտ առկա վարքային խնդիրներով զբաղվում են հոգեբույժները, իսկ ավելի օրգանական՝ էպիլեպսիա, ինսուլտ, պարալիչ ու նյարդային համակարգի ինֆեկցիոն էնցեֆալիտ, մինինգիտ հիվանդությունների և այլ հիվանդագին երևույթների դեպքում՝ նյարդաբանները։

«Նյարդաբանական ծառայությունն «Արևիկ»-ում լավ հիմքեր ունի։ Նյարդաբանական կաբինետի բուժքույր Կարինե Առուստամյանը լավագույնս կարգավորում ու համակարգում է անհրաժեշտ աշխատանքները՝ սկսած դեղորայքի դուրսգրումից, դրանք հիվանդներին բաշխումից մինչև երեխաների հեռավար բուժման կազմակերպելը։ Մենք էլ, իհարկե, Երևանից կարողանում ենք առցանց եղանակով հսկել ծանր ու քրոնիկ հիվանդների բուժման ընթացքը և տալ համապատասխան ցուցումներ»,-նշեց Ն. Կույումջյանը։ Զննումների ընթացքում  մասնագետներն էպիլեպսիայի կասկածով երկու հիվանդի ուղեգրել են Երևան՝ հավելյալ ու ճշգրիտ հետազոտությունների համար։ Պատերազմից հետո որոշ պատանիների մոտ ի հայտ են եկել տագնապային գրոհներ, շարժողական և նյարդային տիկեր, որոնք էլ առաջացնում են հոգեբանական բարդույթներ։ Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս երեխայի մոտ նկատվող ավելորդ շարժումների դեպքում որոշ ժամանակ սպասել և հոգեբանական զրույցների, հաճելի միջավայրի ու զբաղմունքի՝ լողի, կավագործության, նկարչության, մարզաձևերի միջոցով շեղել նրանց միտքը, ու եթե ժամանակի ընթացքում առկա խնդիրները չանցնեն, արդեն պետք է դիմեն նյարդաբանի։ Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական նյարդաբան Թամարա Ավետիսյանի պարզաբանմամբ՝ իր կողմից զննված երեխաների գրեթե 80%-ն ունեցել են ժառանգական առաջնային գլխացավեր՝ միգրենի տիպի։ Գլխացավերը երեխայի տարիքային փուլերում տարբեր ձևերով են դրսևորվում։ Եթե հետազոտությունների և կլինիկական դրսևորումների հիման վրա պարզվում է, որ երեխայի գլխացավերի պատճառը միգրենն է, մասնագետները խորհուրդ են տալիս երկարատև օգտագործել մագնեզիումի դեղեր, իսկ գրոհները հաճախակի դառնալու դեպքում նշանակում են հիվանդին սուր փուլից հանող դեղամիջոցներ, որովհետև գենետիկական հիմքով հիվանդությունները չեն բուժվում։ Մասնագետները հավելեցին, որ նյարդաբանական խնդիրներն ի հայտ են գալիս ոչ թե տարիքի հետ, այլ ի ծնե։ Երբեմն ընտանիքի առաջին երեխան ծնվում է պաթոլոգիայով, և կարևոր է իմանալ, թե որ գենն է պատասխանատու այդ հիվանդության համար։ Ճշտելով գենի անվանումը, հետագայում հնարավոր է դառնում կանխարգելել նման գենետիկ հիվանդությունով ծնվելու հավանականությունը։ Ամեն դեպքում ծնողները պետք է լինեն զգոն, որ առկա խնդիրների դեպքում ժամանակին դիմեն մասնագետի։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.