Logo
Print this page

«ԱՆՆԱ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ՝ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՄԱՅՐԵՐԻՆ ՈՒ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ

 

 «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը, «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի շրջանակներում, 2022թ․ հունիսի 1-ից սկսած Մարտունու շրջանային հիվանդանոցի Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում առաջին անհրաժեշտության պարագաներով նվեր-տուփ է տրամադրում յուրաքանչյուր նորածնի:

«Դու այս աշխարհ կյանք ես բերել և թախիծի, կորստի ու անորոշության մեջ ընտրել ես Արցախում մնալն ու հայերեն ապրել շարունակելը։ Քո անձնուրաց նվիրումը մեր ժողովրդին արժանի է խոնարհման»,- նշված է նվերի արկղիկում։

Հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Տիրուհի Հարությունյանի հավաստմամբ՝ արդեն շրջանի երեք երեխա ստացել է նվեր-տուփը։ Մենք ներկա գտնվեցինք հերթական նորածնի դուրսգրմանը։ Շնորհակալություն հայտնելով նվերի համար, մայրը՝ Անժելա Սարգսյանը, ով Մարտունու շրջանի Սոս գյուղից է, հայտնեց, որ նորածին դուստրը 4-րդ զավակն է, տանը նրան սպասում են երեք եղբայրները։ Նրա հորդորն է Արցախի մայրերին՝ շատ երեխաներ լույս աշխարհ բերել, զգալ մայրանալու բերկրանքը։ Առաջիկա ամիսների ընթացքում ծրագիրը շարունակական կլինի և հիվանդանոցից դուրս գրվող յուրաքանչյուր նորածնի ընտանիք կստանա իր նվեր-տուփը։

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահը Աննա Աստվածատուրյան Թերքոթն է, ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ։

Լուսինե ԴԱՇՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.