ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆ…

 

Հուլիսի 31-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արցախի պահեստազորի սպաների միության հաշվետու համաժողովը: Ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, կառավարության անդամներ, ՊԲ և ՆԳՆ բարձրաստիճան սպաներ, պահեստազորի սպաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱՊՍՄ աշխատակազմի ղեկավար Շիրակ Զաքարյանը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց միության երկամյա աշխատանքի նպատակային հիմնադրույթներին, այն առանցքային ուղղություններին, որոնք հասարակական կազմակերպության համար ուղենշային են եղել հաշվետու ժամանակաշրջանում՝ աջակցել հայրենի երկրի զորացմանը, անհրաժեշտության դեպքում մասնակցել հայոց պետականության պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը, նպաստել հասարակության մեջ Հայոց Բանակի, սպաների հանդեպ հարգանքի և արժանիքների գիտակցության նոր մակարդակի ձևավորմանն ու պահպանմանը, խթանել երիտասարդների ռազմահայրենասիրական-ռազմամշակութային դաստիարակությանը, աջակցել զորացրվող սպաներին՝ քաղաքացիական հասարակությանն ինտեգրվելու գործընթացում, սատարել սպայական ընտանիքներին:

Հաշվետու ելույթում «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Կարմեն Ասլանյանը նշել է, որ հիմնական նպատակներին հետամուտ՝ հանրապետության բոլոր շրջաններում ձևավորել են ԱՊՍՄ մասնաճյուղեր, անց են կացրել հանրապետական նշանակության միջոցառումներ, կատարել են պարգևատրումներ, պահեստազորի սպաների համար պետական աջակցությամբ բազմաբնույթ ծրագրեր իրականացրել։ Համախմբված ու ակտիվորեն մասնակցել են 44-օրյա պատերազմին, միության շարքերում ընդգրկված ռազմական հարուստ կենսափորձ, մասնագիտական կարողություններ ունեցող պահեստազորի սպաները պատրաստակամորեն ներառվել են Արցախի զարգացմանն ուղղված աշխատանքներին: Մասնակցել ու կազմակերպել են հարյուրավոր միջոցառումներ: Հատկանշական են հանդիպումները 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված պահեստազորի սպաների ընտանիքների, Խնապատ, Փառուխ, Խրամորթ, Շուշիի շրջանի Մեծ ՇԵՆ, Հին Շեն, Եղծահող համայնքների բնակիչների հետ: Գյուղական համայնքներում ներկա են գտնվել բազմաթիվ ռազմահայրենասիրական միջոցառումների, հուշարձանների ու հուշաղբյուրների բացման արարողություններին: Զորամասերում մասնակցել են հանդիսավոր միջոցառումների, հանդիպել խաղաղապահների հետ: Միության խրախուսանքին են արժանացել հարյուրավոր դպրոցականներ, «Արծվիկ» ռազմամարզական խաղերի մասնակիցներ: Ֆինանսական օգնություն են տրամադրել զոհվածների ընտանիքներին: Ասկերանի շրջանում հանդիպել են պահեստազորի և հաշմանդամության կարգով զորացրված սպաների հետ, Խնձրիստանում, համայնքի երիտասարդների հետ համատեղ ջանքերով, 44-օրյա պատերազմում խնձրիստանցի զոհված քաջորդիների հիշատակին նվիրված խաչքար են կանգնեցրել: Երկու տասնյակի հասնող միջոցառումներ են նախաձեռնել մայրաքաղաք Ստեփանակերտում: ԱՊՍՄ անմիջական միջամտությամբ ամենամսյա ֆինանսական աջակցություն է տրամադրվում պահեստազորի բոլոր սպաներին, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի հետ մասնակցում են նրանց բնակարանների վիճակահանությանն ու տրամադրմանը: Ստեղծման օրվանից կազմակերպության շուրջը համախմբված պահեստազորի սպաները մշտապես ծառայել են հայրենիքին, գործել ի բարօրություն Արցախի ժողովրդի, ամենօրյա գործունեությամբ նպաստել երկրի անվտանգությանը, իսկ գործունեության բոլոր ոլորտներում՝ արդարության սկզբունքի պահպանմանը: ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի դիտարկմամբ՝ պահեստազորի սպաներն այս երկու տարիների ընթացքում ակտիվ գործունեություն են ծավալել և կայացել որպես կազմակերպություն: Կարողացել են բազմաթիվ հարցեր լուծել պետական մարմինների և հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Նրա գնահատմամբ՝ պահեստազորի սպաները մեր հասարակության ամենակազմակերպված խավերից են, որոնց ներուժն օգտագործվելու է հանուն մեր պետականության, հանուն հայրենիքի: «Շնորհակալություն ձեր տասնամյակների ծառայության համար, շնորհակալություն ձեր գաղափարական նվիրումի համար, անվտանգային և քաղաքացիական ոլորտում ձեր ծառայության համար, շնորհակալություն և ի գործ»,- իր խոսքը եզրափակեց պետնախարարը: Արցախյան 3-րդ պատերազմի զոհված և անհետ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանի գնահատմամբ՝ ԱՊՍՄ երկամյա գործունեությունը պետականանպաստ է, իսկ իրենց կազմակերպության հետ նրանց համագործակցությունը շարունակական ու արդյունավետ:

Հրապարակվեց նաև ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի շնորհավորական խոսքը: Կազմակերպության հետ սերտ ու արգասաբեր համագործակցության համար ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանը ԱՊՍՄ նախագահ Կարմեն Ասլանյանին պարգևատրեց պատվոգրով՝ բարձր գնահատելով կազմակերպության երկամյա աշխատանքը: ԱՊՍՄ-ի հետ սերտ ու արգասաբեր համագործակցության համար մի խումբ պահեստազորի սպաներ ու կազմակերպության աջակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով ու հուշանվերներով:

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ