ՈՎՔԵՐ ԷԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԹԵՐԹԸ...
Տարիների ընթացքում /մեր պարագայում արդեն՝ գրեթե դարի/ փոխվում է ոչ միայն թերթի գաղափարական ուղղվածությունը. փոխվում են նաև լուսաբանման օբյեկտներն ու սուբյեկտները, թերթի տեխնիկական ողջ գործընթացն ու համակարգչային-դիզայներական ձևավորումը։ Տեխնիկական նորարարությունները հնարավորություն են տալիս րոպեների ընթացքում թերթի էլեկտրոնային տարբերակը հասու դարձնել աշխարհի չորս ծագերում ապրող մեր հայրենակիցներին /և ոչ միայն/... Մի պահ հետ դառնանք, տեսնենք, թե որտեղից ո՞ւր ենք հասել, գնանք-հասնենք 60-ական թվականներ, երբ թերթը թերթ էր դառնում գրաշարերի ջանքերով...
1963թ., ապրիլի 7, թ. 83
Խմբագրությունը տպարան է ուղարկել «Սովետական Ղարաբաղ»-ի հերթական համարի նյութերը և էջերի մակետները։ Սակայն դրանք դեռ թերթ չեն ճիշտ այնպես, ինչպես կառույց չեն շինհարթակում թափված շինանյութերը և ունեցած նախագիծը։
Տպարան ուղարկված նյութերն առաջին հերթին հանձնվում են գրաշարերին։ Նրանք շարում են նյութերը՝ տառերից ստեղծում բառեր, բառերից՝ նախադասություններ, նախադասություններից՝ սյունակներ... և այդպես՝ թերթ։ Պարզ է, քառասուն տարում միևնույն մարդիկ չեն «Սովետական Ղարաբաղ»-ի գրաշարերը։ Նրանք շարունակ փոխվում են, տարիքն առածը գնում է հանգստանալու, երիտասարդը գալիս, փոխարինում է նրան։ Թերթի լույսընծայման առաջին տարիներին նրա շարողներն էին Ռուբեն Արզանյանը, Մուշեղ Գրիգորյանը, որոնց հաջորդեցին Հրանտ Բեգլարյանը, Սիմոն Մելքումյանը, Իսահակ Հովհաննիսյանը, Արշավիր Հարությունյանը, Զավեն Սահակյանը, Իշխան Մկրտչյանը և ուրիշներ։ Նրանք այն մարդիկ էին, որոնք աշխատում էին դժվար պայմաններում, երբ չկային պահանջվող սարքավորումներ, բացակայում էր կանոնավոր էլեկտրաէներգիան։ Հին տպագրիչներից են Իշխան Կնյազչյանը, Միրզա Մինասյանը, Արամ և Արմենակ Տեր-Սահակովները, Հրաչիկ Ղազարյանը, Ռուբեն Առստամյանը, Վաչագան Հակոբյանը և ուրիշներ։ Այժմ էլ մեր քաղաքում ապրում են մարդիկ, որոնք մինչև քաղաքի էլեկտրաֆիկացումը ձեռքով աշխատեցրել են տպագրական մեքենան։
1937 թիվ։ Տպարան մտավ առաջին գրաշար մեքենան /լինոտիպը/, որը փոխարինեց ձեռքով աշխատող 6 մարդու։ Ապա ավելացան նորերը։ Միայն մեկ լինոտիպը, որի վրա հերթով աշխատում են Անյա Գուրջյանն ու Վաչագան Սարգսյանը, ապահովում է թերթի շարվածքը։
...Շարվածքը պատրաստ է։ Սկսվում է թերթի ձևավորումը, էջադրումը։ Այդ աշխատանքը հերթով կատարել են Ի. Հովհաննիսյանը, Զ. Սահակյանը, Գ. Բարխուդարյանը, Փ. Գրիգորյանը, իսկ այժմ՝ Լ. Գասպարյանն ու Վ. Զաքարյանը։ Տպարանը նորագույն տեխնիկայով զինելը հնարավորություն ընձեռեց ստացված նկարները տեղում վերարտադրել ցինկի վրա ու տպագրել թերթում։ Այդ բարդ աշխատանքը կատարում է ցինկոգրաֆիայի վարպետ Ալեք Միրզաբեկյանը։
1960 թվականին տպարանը ստացավ հարմարավետ շենք։ Փոխվեցին և աշխատանքի պայմանները՝ ստացվեց ռոտացիոն մեքենա, ստերեոտիպ ագրեգատ, մատրիցավորման մամլակ։ Եթե առաջներում թերթի մեկ համարը, այն էլ փոքր տպաքանակով, տպագրվում էր մի ամբողջ գիշեր, ապա այժմ ռոտացիոն մեքենան մեկ ժամում կարող է տպագրել 40 հազար օրինակ։ Տպագրման և մատրիցավորման գործը կազմակերպում են Ա. Աբրահամյանը և Հ. Մխիթարյանը։
Այժմ առավոտյան, ինչքան էլ վաղ արթնանաս քնից, «Սովետական Ղարաբաղ»-ի հերթական համարն արդեն պատրաստ է...
Պատրաստեց
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ