ԱՐՑԱԽՈՒՄ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՂԴԱՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արցախում ռազմարվեստի զարգացման գործում նշանակալի է Աղդամի օպերացիայի նշանակությունը։
Հայտնի է, որ ժամանակակից Ակնայի տարածքը, ընդհուպ մինչև XVIII դարի երկրորդ կեսը, անբնակ էր։ Ճանապարհորդ Ի. Սեգալն Աղդամ քաղաքի հիմնադրումը թվագրում է XVIII դարի երկրորդ կեսին և կապում է Ղարաբաղի խանության գոյության հետ։ Հիմք ընդունելով մահմեդական բնակչության պատմությունները՝ նա նշել է, որ այդ տարածքը եղել է Փանահ խանի սիրելի որսավայրը և հարուստ է եղել վայրի կենդանիներով։ Իբր, նույն խանը իր ժամանակավոր կեցության համար քարե տուն է կառուցել, իսկ նրա մոտ, որսի կարիքների համար՝ փոքր հյուղակ, որը ներկվել է կրաջրով։ Դրանից էլ տեղանքը իբր կոչվել է աղ-դամ (սպիտակ հյուղակ)։ Սակայն այս պարզունակ հորինվածքը, ինչպես Արցախի մյուս բնակավայրերի անունների խեղաթյուրման պարագայում, որևէ հավատ չի ներշնչում։ Տարածքը բնակեցնելու համար Փանահ խանը Ղարադաղից իր մոտ ծառայության է հրավիրել մի քանի ընտանիքների՝ հարկադրելով զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։ Ժամանակի ընթացքում Աղդամն ընդարձակվեց Պարսկաստանից նորանոր եկվորների հաշվին՝ վերածվելով խոշոր գյուղի՝ բաժանված մեծ տարածության վրա իրարից հեռու գյուղակների։ Դա, թերևս, վերաբերում է 1805 թ., երբ Աղդամն արդեն հիշատակվում է որպես «մեծ գյուղ»։
Նույն Սեգալի վկայությամբ՝ Աղդամի հռչակավոր շուկան, որտեղ մեծ դերակատարություն ունեին շուշեցի վաճառականներն ու արհեստավորները, գույություն ուներ 1867 թվականից։
1886թ. Աղդամի բնակչությունը կազմել է 99 տուն (458 շունչ), իսկ 1914-ին՝ 260 շունչ։ Խորհրդային իշխանության օրոք Աղդամը՝ որպես համանուն շրջանի կենտրոն, վերածվել է քաղաքատիպ ավանի (1930 թվականից)։
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշել է, որ 1980-ական թվականներին քաղաքի կենտրոնական մասում՝ մարզադաշտի հարևանությամբ, տեղի իշխանությունների կողմից հիմնադրվել է թանգարան, որտեղ շրջանի պատմական վայրերից հավաքվել են ամենատարբեր հնություններ և, մեծամասամբ, հայ բնակչության գործունեության և ստեղծած մշակութային արժեքների նմուշներ։ Այդ թվում հուշարձանագետը հատկանշել է Վանքասարի եկեղեցուց բերված գեղեցիկ սպիտակ խաչքարը, որի գոյության մասին վկայել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը։
XX դարում Աղդամը հաճախակի էր դառնում հակահայկական գործողությունների ու բռնարարքների կենտրոն։ Իսկ 1918-20 և 1988-1993թթ. վերածվել էր Արցախի դեմ ագրեսիայի բացահայտ կենտրոնի։
Արդեն առիթներ ունեցել ենք հատկանշելու, որ Աղդամի կրակակետերի ճնշումն անհրաժեշտ էր մեր ժողովրդի պատմական հիշողության, ապա և Արցախի ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) ռազմավարական ու օպերատիվ-մարտավարական խնդիրների թելադրանքով։
Հիրավի, Աղդամն Արցախի դեմ հակառակորդի ռազմական գլխավոր ու ամենավտանգավոր պլացդարմն էր, որտեղից մշտական սպառնալիքի տակ էին պահվում ԼՂՀ-ի արևելյան եզրերը, սահմանամերձ բնակավայրերը, այդ թվում՝ Ասկերանը, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ադրբեջանցի ռազմավարները (ստրատեգոսները) Աղդամը համարել են Ստեփանակերտ ներխուժելու ամենակարճ ճանապարհը։ Պատահական չէ, որ Արցախի դեմ առաջին բացահայտ ագրեսիվ գործողությունը 1988թ. փետրվարի 22-ին ձեռնարկվել է հենց Աղդամից՝ Ասկերանի վրա բազմահազարանոց ամբոխի հարձակումներով։ Իսկ դրանից յոթ տասնամյակ առաջ՝ 1918թ. սեպտեմբերին, Աղդամից, տեղի մահմեդականների անկանոն զինված կազմավորումների աջակցությամբ, թուրքական բանակը ներխուժել է Արցախ և առանձնահատուկ բարբարոսությամբ ավերել Խաչենի ու Վարանդայի շրջանների սահմանամերձ բնակավայրերը, ապա նաև՝ մտել Շուշի քաղաքը։ Իսկ 1920թ. մարտ-ապրիլ ամիսներին մուսավաթական Ադրբեջանի զինված ուժերը և զինված խառնամբոխը հենց Աղդամից Ասկերանի վրայով ներխուժեցին Արցախ՝ երկրամասի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը հաստատելու նպատակով։ 20-րդ դարի 60-ական թվականների հայտնի դեպքերի ժամանակ ևս աղդամցիները փորձեցին «պատժել» հայերին... Ինչպես հայտնի է՝ խորհրդային իշխանության տարիներին Աղդամը երբեք բաց չի թողել հակահայկականությամբ ու ագրեսիվությամբ առանձնանալու առիթը։
1991թ. վերջերին և 1992թ. ամբողջ ընթացքում ադրբեջանական զինված կազմավորումներն Աղդամից բազմիցս փորձեցին ճեղքել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի արևելյան բնագծերը, բայց ամեն անգամ հետ շպրտվեցին՝ անգամ ժամանակավոր հաջողություններից հետո։ Հնարավոր չէ առանց սոսկումի հիշել Աղդամում տեղակայված կրակակետերից ԼՂՀ խաղաղ բնակավայրերի և Ստեփանակերտի վրա բարբարոսական հրթիռակոծությունները։ Թվում էր՝ Աղդամի թշնամական ռազմահենադաշտի պատճառով ստեղծված դժոխքին վերջ չկա, սակայն Արցախի անձնվեր պաշտպանները գնացին շատերին աննախադեպ թվացող համարձակ քայլի՝ վնասազերծեցին Աղդամի կրակակետերը և ռազմական հենակետը։
(Շարունակելի)
Մհեր Հարությունյան
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պ. գ. թ. , դոցենտ
Լուսանկարները՝
Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ