«ՓԱՅՏԸ, ՈՐ ԵՐԿՈՒ ԾԱՅՐ ՈՒՆԻ»
Ավագ սերունդը հաճախ է դժգոհում՝ «Այսօրվա երիտասարդությունը բոլորովին ուրիշ է, մենք այդպիսին չէինք. նրանք սովոր են հարմարավետության, գռեհիկ են, քամահրում են հեղինակություններին, չեն հարգում մեծերին, վիճում են, հունից հանում ուսուցիչներին...»։ Անգամ փոքր երեխաները չեն լսում մեծերին։ Նրանք չեն հավատում, որ եթե վազեն ու ոտքի տակ չնայեն՝ կընկնեն ու կվնասվեն, ամեն ինչ փորձում են ինքնուրույն անել և թույլ չեն տալիս, որ ուղղորդես իրենց։ Նույնը կարելի է ասել և քիչ ավելի մեծերի մասին։ Իսկ դեռահասնե՞րը։ Նրանք, ընդհանրապես, չեն ուզում որևէ խորհուրդ լսել ծնողներից, ավագներից։
Դեռ մանկուց մեզ սովորեցնում էին՝ մեծերին պետք է լսել։ Իսկ մեծերը մի՞շտ են ճիշտ։ Շատերը կշտապեն պատասխանել՝ «իհարկե, նրանք վատ խորհուրդ չեն տա»։ Չեմ վիճում, սակայն...
Եկավ և օգոստոսը՝ ամռան վերջին ամիսը։ Հանրակրթական դպրոցի շրջանավարտներն արդեն հանձնել են քննությունները և պատրաստվում են սեպտեմբերին։ Նրանցից յուրաքանչյուրը մտովի պատկերացնում է՝ ինչպես է առաջին անգամ ոտք դնելու բուհի կամ ուսումնարանի շեմին։ Արդյո՞ք բոլոր շրջանավարտներն են գոհ ընտրած մասնագիտությունից, ուզում եմ ասել՝ այդ ընտրությունն ինքնուրո՞ւյն են կատարել, հոգու կանչո՞վ, թե՞ ծնողների խորհրդով (ճնշմամբ)։ Մի քանի պատանիների հետ շփվելով՝ եկա այն եզրակացության, որ ոչ բոլոր շրջանավարտներն են դպրոցն ավարտելուց հետո կողմնորոշվել մասնագիտության հարցում։
Երիտասարդի համար դժվար է գտնել իր ճանապարհը։ Կզարմանաք, բայց բոլորը չէ, որ ընդունակ են ճիշտ ընտրություն կատարել։ Պատճառը, կարծում եմ, ծնողների չափազանց մեծ հոգատարությունն է։ Զրուցակիցներիս մեծ մասը խոստովանեց, որ ապագա մասնագիտության հարցում նրանք լուրջ դեր են խաղացել։ Եվ դա բնական է։ Չէ՞ որ հաճախ հենց ծնողների աջակցության շնորհիվ է, որ նրանք հնարավորություն են ունենում այս կամ այն ուսումնական հաստատություն ընդունվել. ծնողները վճարում են կրկնուսույցներին, ստեղծում հարմարավետ պայմաններ ուսման համար։ Հենց նրանք են երեխային օգնում որոշում կայացնել՝ որտեղ հանձնել փաստաթղթերը։ Նրանք համոզված են, որ 16-17 տարեկան երիտասարդը միշտ չէ ընդունակ սթափ գնահատել՝ ո՞րն է լավ, ո՞րը՝ վատ։
Գաղտնիք չէ, որ ծնողները հաճախ մեծ սխալ են թույլ տալիս՝ երեխաներին խորհուրդ տալով ընտրել այնպիսի մասնագիտություն, որը նրանց հակումներին բոլորովին չի համապատասխանում, սակայն, կարծում են, որ պահանջված է ու եկամտաբեր։ Սովորաբար նրանք հետևյալ փաստարկն են բերում՝ «... այդ աշխատանքը բարեկեցիկ ապրելու հնարավորություն կտա» և այլն։ Արդեն վաղուց Արցախում ամենամեծ թվով դիմորդներ ենք ունենում բժշկական համալսարանի համար։ Այս տարին նույնպես բացառություն չէր։ Բայց արդյո՞ք բոլորն են այս մասնագիտությունն ընտրում սրտի թելադրանքով, սիրո՞ւմ են այդ գործը։ Բնականաբար՝ ոչ։ Շատերը չեն թաքցնում, որ ընտրությունն արել են ծնողների թելադրանքով։ Իսկ եթե չես սիրում աշխատանքդ, գործդ, երբեք չես դառնա լավ մասնագետ, առավել ևս՝ լավ բժիշկ։ Աղջիկներից մեկը խոստովանեց, որ բժշկական համալսարան ընդունվել է մոր խնդրանքով։ Վերջինս ողջ կյանքում երազում էր աղջկան տեսնել ճերմակ խալաթով։ Նրան այնքան էլ չէր հետաքրքրում՝ ինչպիսի մասնագետ կդառնա աղջիկը, միայն թե նրան տեսներ ճերմակ խալաթով ու ֆոնենդոսկոպով։ ՙԱրդեն 3-րդ կուրսից սկսեցի գիտակցել, որ չեմ ուզում բժիշկ դառնալ։ Այդ մասնագիտության նկատմամբ տհաճության զգացումը տարեցտարի խորանում էր, և ուսման վերջում հասկացա, որ բժշկությունն իմը չէ։ Ծնողներիս ասացի, որ ուսումս կավարտեմ միայն նրանց չվիրավորելու համար, բայց ինտերնատուրա չեմ դիմի... բայց… փաստաթղթերս հանձնեցի և ընդունվեցի ինտերնատուրա... Իսկ մանկուց երազում էի դառնալ դիզայներ, ինչը ծնողներս լուրջ զբաղմունք չէին համարում՚,- անկեղծանում է զրուցակիցս։
Պատահում է նաև այնպես, որ ծնողները երազում են իրենց երեխաներին տեսնել այն ոլորտում, որտեղ իրենք են աշխատում։ Այդ դեպքում նրանք կկարողանան ասպարեզը փոխանցել երեխային, օգնել նրան ուսման և գործի մեջ։ Եվ, իսկապես, բժիշկների, գիտնականների, ուսուցիչների, իրավաբանների, տնտեսագետների և այլ մասնագետների ոչ քիչ «սերունդներ» ունենք, որոնք իրենց գործի իսկական վարպետներ են։ Բայց, արդյո՞ք, զավակը ուզում է դա։
«Հետևե՞լ ծնողների խորհրդին» հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել։ Չէ՞ որ երեկվա դպրոցականը շատ հաճախ չգիտի՝ ո՞ւր դիմել, այսպես ասած, մասնագիտության հարցում կողնորոշվել չի հասցրել։ Նման անորոշության մեջ ծնողի խորհուրդը, թերևս, տեղին կլիներ։
Ճիշտ է, կան նաև երիտասարդներ, ովքեր համարում են, որ ամենակարևորը ճիշտ ճանապարհ ընտրելն է։ Յուրաքանչյուրը պետք է իր առջև նպատակ դնի ու գնա այդ ուղղությամբ, իսկ նպատակին հասնելը, որպես կանոն, սկսվում է ուսումնական հաստատության ճիշտ ընտրությունից։ Ուստի չպետք է հետևել ուրիշի խորհրդին, այլ գնալ սեփական երազանքի հետևից։ «Այդ ժամանակ անպայման կկայանաս որպես մասնագետ»,- վստահորեն ասում է պատանիներից մեկը։
Այո, ծնողներն իրավունք ունեն խորհուրդ տալ, սակայն ընտրությունը պետք է թողնել երեխային, նրան ազատություն տալ, հնարավորություն տալ զգալու, որ ինքն արդեն հասուն է և իր քայլերի համար պետք է պատասխանատվություն ստանձնի։ Ի վերջո, նույն մեծերը, որ մի ժամանակ երիտասարդ էին, հետևո՞ւմ էին ավագների խորհրդին։ Համոզված եմ, հիմնականում՝ ոչ։ Չէ՞ որ երիտասարդը միշտ կարծում է, որ ինքն ավելի խելացի է, սեփական կարծիքն ընդունում է որպես վերին ատյանի ճշմարտություն։ Իսկ ավագներին, ովքեր կյանքի ավելի մեծ փորձ ունեն, համարում է հետադեմ... Հանուն արդարության նշենք, որ, հասակ առնելով, գրեթե բոլորն են ափսոսանքի պահեր ունեցել ավագների խորհուրդներին չանսալու համար։
Ավագ և կրտսեր սերնդի փոխհարաբերությունների ճգնաժամն այսօր էլ ակնհայտ է։ Այո, այո։ Հայրերի ու որդիների տուրգենեևյան հավերժական խնդիրը սերնդեսերունդ նորանոր երանգներ է ստանում։ Սա այն դեպքն է, երբ «փայտը երկու ծայր ունի»։
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ