ԱՐՑԱԽՈՒՄ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՂԴԱՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(Սկիզբը՝ «ԱԱ» թիվ 27)
Նոր ծավալներ ու չափեր ընդունող, ինչպես նաև արդիական զինատեսակների կիրառմամբ ընթացող պատերազմի տրամաբանությունը գալիս էր փաստելու, որ Ադրբեջանի տենդագին նախապատրաստությունները, սպառազինության ու կենդանի ուժի բազմապատկումը նպատակաուղղված էին ԼՂՀ-ի դեմ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսմանը, հետևաբար` անհրաժեշտ էր հակառակորդին նախօրոք զրկել այնպիսի կարևոր ռազմավարական հենադաշտից, ինչպիսին Աղդամն էր, ինչը հնարավորություն կընձեռեր գոնե Ասկերան-Ստեփանակերտ ուղղությունում սահմանափակելու ադրբեջանցիների դիրքային առավելությունը, ի դերև հանելու ամենակարճ ճանապարհով հանրապետության մայրաքաղաք հասնելու հակառակորդի հույսերը։ ԻՊՈՒ ռազմավարական և օպերատիվ-մարտավարական խնդիրները թելադրում էին իրականացնել Աղդամի հենադաշտի վնասազերծումը, ինչը կարող էր վճռական բեկում մտցնել Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։
Բնականաբար, լավ հասկանալով այդ ռազմագործողության կարևորությունը, Ինքնապաշտպանության կոմիտեն (ԻՊԿ) լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացրեց ինչպես կազմակերպահաստիքային բարելավումների, այնպես էլ զորքերի խմբավորման ու լրահամալրման, սպառազինման ու նպաստավոր բնագծերի տիրելու առումներով։
1993թ. հուլիսի 4-ին սկսված ռազմական օպերացիան պսակվեց հաջողությամբ և հուլիսի 23-ին Աղդամն անցավ ԼՂՀ ԻՊՈՒ-ի վերահսկողության տակ՝ շնորհիվ հարավից Մարտունու ՊՇ-ի, հարավ-արևմուտքից Ասկերանի ՊՇ-ի և հյուսիս-արևմուտքից Կենտրոնական պաշտպանական շրջանի, ինչպես նաև այլ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունների։ Արդյունքում վերացավ Ստեփանակերտի գլխին դամոկլյան սրի պես կախված մահացու վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն, ի վերջո, ազատ շունչ քաշեցին։ Հակառակորդին հասցվեց ռազմական ու բարոյահոգեբանական ծանր հարված։
Աղդամը հաղորդակցության ուղիների կարևոր հանգույց էր, որից հակառակորդին զրկելը կաթվածահար արեց ոչ միայն ԼՂՀ արևելյան, այլև հարավային սահմանների երկայնքով կենտրոնացված խմբավորումների նախահարձակ գործողությունները և նրանց թիկունքային ապահովումը։ Պատահական չէր, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես տեղի տվեց և դիմեց ԼՂՀ ղեկավարությանը՝ կրակի դադարեցման խնդրանքով, ինչը հնարավորություն տվեց շշմեցուցիչ հարվածից ու խայտառակ պարտությունից ուշքի գալ և լուծել Աղդամի հենադաշտի կորստին անխուսափելիորեն հետևած բազմաթիվ հիմնախնդիրներ։ Արցախի ինքնապաշտպանության ուժերը տիրեցին նպաստավոր բնագծերի ու ռազմավարական առումով շահավետ դիրքերի՝ ստեղծելով ԼՂՀ-ի շուրջ, մանավանդ՝ նրա կենտրոնի համար, կենսականորեն անհրաժեշտ անվտանգության գոտի։ Միով բանիվ, Աղդամի ազատագրումը, որով խորտակվեց Ադրբեջանի բարոյահոգեբանական ամրոցը, պատմական անհրաժեշտություն էր և թելադրված էր ԻՊՈՒ-ի ռազմավարական ու օպերատիվ-մարտավարական խնդիրներից։ Արցախի ազգաբնակչությունը Շուշիից հետո, թերևս, մեկ էլ Աղդամի պարագայում այլընտրանք չուներ, բացի ագրեսիայի այդ մշտական աղբյուրը վերացնելուց։
Աղդամի ռազմագործողության ժամանակ ԻՊՈՒ ստորաբաժանումների ու զորատեսակների հրամանատարների մասնագիտական աճի և զորքերի ղեկավարման ու մարտավարության կատարելագործման փաստը նշվել է նաև հրամանատարության կողմից։ Ինչպես Պաշտպանության բանակի հրամանատարի՝ ՙ1993թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ինքնապաշտպանության ուժերի մարտական գործողությունների արդյունքների մասին՚ հրամանում է արձանագրված՝ Աղդամի ռազմագործողության նախապատրաստման ու անցկացման գործում մեծ ավանդ ունեցան Ասկերանի, Մարտունու և Կենտրոնական ՊՇ-ների, ինչպես նաև կենտրոնական ենթակայության հրետանավորները, որոնք գործեցին հմտորեն ու գրագետ՝ դրանով իսկ նպաստելով հաջողությանը։ Մշտապես զգալով ռազմամթերքի պակաս՝ հրետանավորները կարողացան հասնել առավելագույնին, շնորհիվ ճշգրիտ հասցված կրակային հարվածների և առկա միջոցների արդյունավետ օգտագործման։ Հրամանատարների և շտաբների կազմակերպչական մեծ աշխատանքի, մարտական գործողությունների փորձի կուտակման, մարտիկների զանգվածային հերոսության և անձնվիրության շնորհիվ Աղդամի ռազմագործողությունը հաջողվեց անցկացնել նվազագույն կարճ ժամկետում և ռազմաճակատի այս հատվածում ավարտել հակառակորդի լրիվ ջախջախումը։
Աղդամի ռազմագործողությունը ոգևորիչ ազդեցություն ունեցավ Արցախի ԻՊՈՒ մարտիկների վրա՝ բարձրացնելով նրանց մարտական ոգին և ամրապնդելով հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Հրամանատարները ձեռք բերեցին մարտավարական հմտություններ և զորքերը ղեկավարելու փորձ։ Հակառակորդից առգրավված մեծաքանակ սպառազինությունը և տեխնիկան նշանակալիորեն համալրեցին ԻՊՈՒ զինանոցը։ Այս ամենը, եթե հավելենք նաև Աղդամի վնասազերծումից ու ներքաղաքական հերթական լարվածությունից հետո Ադրբեջանին թեկուզ և կարճատև հրադադարի պարտադրումը, բնականաբար, բարենպաստ պայմաններ ստեղծեցին անհետաձգելի քայլեր ձեռնարկելու զորքերի մարտունակության, կարգապահության և, իհարկե, նոր վերահսկողության տակ առնված բնագծերում ամրապնդվելու ուղղությամբ։
Մասնավորապես, ինչպես նշված է վերոհիշյալ հրամանում, հուլիս-օգոստոսյան մարտական գործողություններում, ընդհանուր առմամբ, բոլոր ծառայություններն ու զորատեսակները հանդես բերեցին բավականին բարձր մակարդակ։ Նկատելի էր շտաբներում աշխատանքի ոճի ու մեթոդների կատարելագործման միտում, շտաբայինների բարձր պատասխանատվություն և իրենց մասնագիտության մեջ հմտանալու ձգտում։ Մեծ առաջընթաց է նկատվել մարտական գործողությունների առավել հիմնավոր նախապատրաստման ու պլանավորման ուղղությամբ։
Այսպիսով, Աղդամի ռազմահենադաշտի վնասազերծումն ունեցավ ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև դրականորեն ազդեց Արցախում ռազմական շինարարության գործընթացի վրա՝ նպաստելով ինքնապաշտպանության ուժերը ժամանակակից բանակային կառուցվածքի փոխակերպելուն, ինչը կանխորոշեց 1993-1994 թթ. ձմեռային ռազմարշավի ծանր պաշտպանական մարտերի, ապա և ՊԲ հակահարձակողական գործողությունների հաջողությունը։
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պ. գ. թ., դոցենտ
Լուսանկարները՝
Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ