ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ
Մեր օրերի մարդու հոգեկերտվածքի փոփոխության մասին մտքերը տանում են այն ժամանակներ, երբ ազնվությունը, պատիվն ու հարգանքը, արհեստավարժությունը կարևոր արժեքներ էին։
Մեր ժողովրդին բնորոշող այս արժեքների կրողն է Նորշենում մեզ հանդիպած թոշակառու ուսուցչուհի Օֆելյա Հակոբյանը։
Հիշում է, երբ ավարտել է Նորշենի 7-րդ դասարանը, Բաքվից եկած քեռին առաջարկեց՝ որպես լավ սովորողի, Օֆելյային իր հետ տանել ուսումն այնտեղ շարունակելու։ Ծնողները համաձայնեցին, և աղջնակը կրթությունը շարունակեց Բաքվում՝ Հ. Թումանյանի անվան օրիորդաց դպրոցում։
Շատ էր կարոտում հայրենի գյուղը, մտքով անընդհատ վերադառնում էր հարազատ ծննդավայր։ Որոշ ժամանակ անց քեռին որոշում է տեղափոխվել Մոսկվա և իր հետ տանել նաև զարմուհուն։ Օֆելյան ընդդիմանում է՝ բարձրաձայնելով տուն վերադառնալու իր երազանքի մասին։ Կարողացավ վերադառնալ միայն մեկ տարի հետո՝ իր նախաձեռնությամբ։ Միջնակարգի 10-րդ դասարանն ավարտեց հարևան Աշան գյուղում և բարձրագույն ուսում ստանալու համար կրկին մեկնեց Բաքու՝ ընդունվելով մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության բաժինը։
Ավարտելուց հետո, չնայած ուղեգրով պետք է գնար Նախիջևանում աշխատելու, նա համառեց, եկավ և մնաց հարազատ ծննդավայրում։ Ի վերջո, նրան առաջարկեցին աշխարհագրություն և կենսաբանություն դասավանդել Ավդուռ գյուղում, իսկ երկու տարի անց՝ Նորշենի դպրոցում, որտեղ աշխատեց մոտ 50 տարի։
Դպրոցի մասին խոսելիս տիկին Օֆելյայի աչքերում տեսնում ես անվերջ սեր ու կարոտ։ Նա կոչումով ուսուցիչ է։ Դրանում համոզվեցի, երբ իմ հարցին, թե ինչպե՞ս կարողացավ 23 տարեկան գեղեցիկ ուսուցչուհին այնպես կազմակերպել դասընթացը, որ երեխաները չաղմկեն, չարություններ չանեն, ասաց, որ երեխաների հոգնածությունը զգալով՝ հայտարարում էր 1-3 րոպեանոց ընդմիջում, որն ուղեկցվում էր կամ վարժություններով, կամ երգի կատարմամբ (ինչպես չսիրես, չհարգես նման ուսուցչուհուն)։
Նրա խոստովանությամբ՝ բազում թերթերից և ամսագրերից նոթատետրում գրառում էր հետաքրքիր բացահայտումներ, նորություններ և դասի մի կարճ ժամանակահատված տրամադրում դրանց ընթերցմանը։ Անշուշտ, դասը նման մոտեցմամբ կազմակերպելու արդյունքը նկատելի էր՝ տված գիտելիքները բավականին արդյունավետ էին յուրացվում երեխաների կողմից։
Վաստակաշատ մանկավարժը հարգանք ու սեր էր վայելում ամբողջ ենթաշրջանի դպրոցականների, ծնողների կողմից։ Դրա մասին է վկայում գյուղի ավագ ու միջին սերնդի հարգալից մոտեցումը տիկին Օֆելյայի նկատմամբ նաև այսօր։
Նվիրյալ ուսուցչուհին հաճախ էր էքսկուրսիաներ կազմակերպում դեպի Նորշենի հին գյուղատեղի՝ ավագ դասարանցիների շրջանում հետաքրքրություն բորբոքելով բնօրրանի պատմության ու անցած ուղու հանդեպ։
Արշավների ժամանակ դպրոցականների ուժերով նաև պեղումներ էին կազմակերպվում։ Արդյունքները գոհացուցիչ էին՝ հայտնաբերվում էին տարբեր չափերի գտածոներ, որոնք խնամքով պահվում էին թանգարան դարձրած դասասենյակում։
Համապատասխան նյութերով նաև վերարտադրում էին պապերի կողմից օգտագործվող կենցաղային և վար ու ցանքսի գործիքներն ու գործընթացը։ Ասել է թե՝ թանգարանում փորձում էին վերարտադրել պապերի ապրելակերպը՝ հետաքրքրություն ու հարգանք ներշնչելով նրանցից ստացած ժառանգության ու նախնյաց հանդեպ։ Անշուշտ, ուսուցչուհու համբավն աննկատ չի մնացել և գնահատանքի է արժանացել նաև վերադասի կողմից։ Դեռևս խորհրդային տարիներին նա արժանացել է «Գերազանցիկ ուսուցիչ», «Ավագ ուսուցիչ» պատվավոր կոչումներին։
Տիկին Օֆելյան, երկար տարիներ ապրելով գյուղում և տեսնելով սերնդեսերունդ տեղի ունեցող փոփոխությունները, զարմանքով նկատում է, որ ներկայում անտեսվում են այնպիսի արժեքներ, որոնցով ապրում, շնչում էր իր սերունդը։ Նրա մաղթանքն է բոլորին՝ ջանք ներդնել և ձգտել, որպեսզի պահպանվեն լավագույն ավանդույթները և չխաթարվի սերունդների միջև դարերով ստեղծված կապը։
Էմմա ԲԱԼԱՅԱՆ