ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԹԵՎՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՌԱԶՄԱՐՇԱՎԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(Սկիզբը՝ «ԱԱ» թիվ 30)
Հակահարձակում Հադրութի շրջանի հարավում
ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումների ընդհանուր հակահարձակումը Հադրութի շրջանի հարավում սկսվեց 1993թ. օգոստոսի 15-ին։ Ադրբեջանցի ռազմական փորձագետը, ջանալով ԼՂՀ ԻՊՈՒ հակազդեցությունը ներկայացնել որպես նախահարձակում, այն դրել է օգոստոսի 11-ի տակ։ Հրետանային նախապատրաստությունից հետո, ԻՊՈՒ զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակման անցան օպերացիայում ներգրավված ստորաբաժանումները։ Հետախուզական և 11-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակների համահավաք խմբի նախապես անցկացրած դիվերսիոն արտագրոհը Քարագլուխ գյուղում տեղակայված հակառակորդի վաշտի հենակետի ուղղությամբ, պսակվեց հաջողությամբ։ Ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի կորուստներ կրած հակառակորդը ստիպված էր ճողոպրել Քարագլուխ գյուղից։ Սակայն, ազատագրված բնագծերը պահելու և ամրապնդելու համար ուղարկված 11-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը (ԱՄՀԳ) թողեց պահակակետերը, ինչից անմիջապես օգտվեց հակառակորդը և զբաղեցրեց նախկին դիրքերը։ Կենտրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ) ստորաբաժանումները տիրեցին Բանազուր (Բանաձոր) գյուղից հյուսիս ընկած 1042,0, 1139,4, 1008,5, 1004,0, 1064,0 նիշերով բարձունքներին։ Դրանից ընդամենը 20 րոպե անց 12-րդ ԱՄՀԳ դուրս եկավ 805,4 նիշով բարձունքի բնագիծը։ 14-րդ և 15-րդ ԱՄՀԳ-ները գրագետ տարաշարժով շրջանցելով Մենգելենաթա (նիշ 720,3) բարձունքը՝ դուրս եկան հակառակորդի թիկունքը՝ 467,5 ու 467,0 նիշերով բարձունքների բնագիծը։ 6-րդ ՊՇ ստորաբաժանումները Շիշդաղ լեռան (նիշ 1314.4) ելման բնագծից օգոստոսի 15-ին առաջխաղացում սկսեցին Ցոր, Բանաձոր, Առաքել գյուղերի ուղղությամբ։ Մարտերի առաջին օրը նրանց հաջողվեց ազատագրել Ցոր գյուղը և Բանաձորից հյուսիս ընկած մի քանի բարձունքներ։ Հաջորդ օրը հաջողվեց ազատագրել Բանաձոր գյուղը և ճնշել հակառակորդի մի քանի կրակակետ։
ԻՊՈՒ հակահարձակման ձախ թևում Մարտունու ՊՇ 21-րդ և 22-րդ ԱՄՀԳ-ները մարտերով առաջացան Վերին Յաղլավենդ բնակավայրի ուղղությամբ, որի շուրջ, բարձունքներում հարկադրված խոր պաշտպանության էր անցել ադրբեջանական 831-րդ ԱՄՀԳ-ը։ Օգոստոսի 15-ին Մարտունու ՊՇ մոտոհրաձգային ստորաբաժանումները մտան Վերին Յաղլավենդ և Կարամամեդլի գյուղերում սարքավորված ադրբեջանական բանակի հենակետերը, ինչպես նաև տիրեցին Դովլաթյարլը բնակավայրի վրա գերիշխող բարձունքներին։ Մարտունու ՊՇ 23-րդ և 24-րդ ԱՄՀԳ-ները միաժամանակ հակահարձակում ձեռնարկեցին Ներքին Վեյսալու գյուղի ռազմական հենակետի ուղղությամբ և վերահսկողություն հաստատեցին այնտեղ։ Այնուհետև, շարունակելով առաջխաղացումը, հայ մարտիկները տիրեցին Նամազչալա լեռանը (նիշ 348,5) ու Կոբու Դիլաղարդա գյուղի կաթնապրանքային ֆերմային (ԿԱՖ)։ Իսկ այդ գյուղում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, հայտնվելով 23-րդ և 24-րդ գումարտակների և աջից գրոհող 21-րդ և 22-րդ գումարտակների արանքում, առանց լուրջ դիմադրության փախուստի դիմեցին։ Հայ մարտիկները տիրեցին նաև Քարվենդի մոտակա՝ 318,0 նիշով բարձունքին։
Հետախուզական տվյալների վերլուծությունից հայտնի դարձավ, որ հայկական զորամասերի առաջխաղացումը կանգնեցնելու նպատակով, հակառակորդը մարտական տագնապով ոտքի է հանել Ջաբրայիլի (Ջրական), Ֆիզուլու (Վարանդա), Կուբաթլուի, (Որոտան) Զանգելանի (Կովսական) հենադաշտերում կենտրոնացված բոլոր զինված ուժերը։ Իրացնելով այդ օպերատիվ տեղեկույթը և վերադասավորելով կենդանի ուժն ու միջոցները՝ ԻՊՈՒ հրամանատարությունը շարունակեց զարգացնել հաջողությունը նշված օպերացիոն ուղղություններում։ Մասնավորապես, Հադրութի ՊՇ ստորաբաժանումները մարտական գործողություններ սկսեցին Սուլեյմանլուի ուղղությամբ, իսկ Մարտունու և Շուշիի ՊՇ ստորաբաժանումները համապատասխանաբար ձախ և աջ թևերում նպաստավոր բնագծեր էին զբաղեցնում հարձակման անցնելու համար։ Թերևս այդ վերախմբավորումներով պայմանավորված՝ ընդհանուր առմամբ, մարտերի թափն օրվա ընթացքում նկատելիորեն թուլացավ։ Հայ մարտիկների հաջողություններն ստիպեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերստին հրադադար աղերսել, ինչը, սակայն թելադրված էր ոչ թե ադրբեջանական կողմի խաղաղասիրական ձգտումներով, այլ ուժերի վերախմբավորում կատարելու և ադրբեջանական բանակում առաջացած խուճապը վերացնելու անհրաժեշտությամբ։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ հրադադարի վերաբերյալ առաջարկությունից շատ չանցած, օգոստոսի լույս 17-ի գիշերը հակառակորդը հարձակում սկսեց Հադրութի շրջանի սահմանամերձ բնակավայրերից (Ուխտաձոր) Էդիլլուի ուղղությամբ։ Մյուս կողմից սխալ կլիներ հնարավորություն տալ պայմանավորվածությունները մշտապես խախտող ագրեսիվ հակառակորդին վերախմբավորելու տեղ հասցված ուժերն ու միջոցները և հարձակման անցնելու ճակատային գծի ամբողջ երկայնքով, ուստի ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումները, առանց ժամանակ կորցնելու, մի քանի ուղղություններով հակահարձակման անցան։
Հարավային ճակատում հաջողությանը նպաստելու, ինչպես նաև հիմնական խնդիրներից մեկը՝ Լաչինի (Քաշաթաղի շրջան) միջանցքի անվտանգությունն ապահովելու նպատակով Լաչինի շրջանում հայ զինվորները մարտեր ծավալեցին «Կոբրա» կոչվող բարձունքից մինչև Ուխտասար և թշնամուց մաքրեցին այդ տարածքը՝ հասնելով Ներքին Ֆարաջան գյուղին։ Իսկ Հադրութի ՊՇ մարտիկները տիրեցին Վերին Կարակոյունլու բնակավայրի և 805,4 նիշով բարձունքի միջև ընկած հակառակորդի կարևոր դիրքերին։ Վերահսկողության տակ առնվեցին նաև Վերին Ռաֆադինլիի շրջակայքը, 660,5, 539,5 և 493,3 նիշերով բարձունքները։ Նույն օրը գրավվեց նաև Դաշքեսան գյուղի թռչնապրանքային ֆերման (ԹԱՖ)։ Երեկոյան հակառակորդը երեք տանկի և հրետանային կրակի աջակցությամբ հարձակում ձեռնարկեց Դաշքեսան լեռան (նիշ 602,1) կողմից։ Հայ մարտիկները, հետ շպրտելով թշնամուն, անցան հակահարձակման և տիրեցին այդ կարևոր բարձունքին։ Ժամը 21.25-ին հայ մարտիկները հաստատվեցին նաև համանուն գյուղում։ Այսպիսով, սահմանված հնգօրյա հրադադարը խախտած ադրբեջանական կողմը, փաստորեն, ստացավ արժանի հակահարված։
ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
պահեստազորի մայոր,
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար
(շարունակելի)