ԱՐՑԱԽԸ, ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋՍ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Սոցիալական ձեռներեց, գործարար ու հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ «Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում է կայացրել»։
Այս որոշումը ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում, միանշանակ, չի կայացվել, բայց վերջին օրերին շարունակում է քննարկման հիմնական թեման լինել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։
Գործընկերներիցս մեկը, ով համոզված է, որ արցախյան խնդրի լավագույն լուծումն այնտեղ ապրելու մեջ է, սակայն անձամբ Արցախում չի եղել եւ չի էլ պատրաստվում գնալ ու այնտեղ ապրել։ Արդարանալու համար, գուցե, ինքն ասում է, որ այդ քայլն առաջին հերթին պետք է անեն Հայաստանի ու Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարները, պաշտոնյաները, գործարարները, ինչու ոչ, նաեւ Հայաստանից դուրս բնակվող ու քաղաքական կամ հասարակական մեծ ազդեցություն ունեցող հայերը։
Նրա կարծիքով՝ բոլոր նրանք, ովքեր այս չափորոշիչներին չեն համապատասխանում, Արցախ տեղափոխվելու որոշմամբ դառնում են այնտեղ բնակվողներից հերթականն ու ոչ ավելին։ Գործընկերս էլ իր «սահմանած» չափորոշիչներին չի համապատասխանում եւ հերթականը չլինելու համար Արցախ չի տեղափոխվում։
Չէ, գործընկերս բարձր պաշտոն չի զբաղեցրել, գործարարությամբ չի զբաղվել եւ Հայաստանից դուրս էլ ազդեցություն չի ունեցել։
Պատմում եմ գործընկերոջս մասին, որովհետեւ վերջին օրերին հենց նրա հետ էի խոսում Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշման մասին։ Հարցրի՝ նա համապատասխանո՞ւմ է այս չափորոշիչներին. գործընկերս պատասխանեց՝ այո, բայց Տնջրի ծառի տակ կանգնած հայտարարություն անելը քիչ է։ Պետք են գործողություններ, որոնք կօգնեն ավելի որոշակի դարձնել ապագան։
Կամ, կարելի է ասել, որ հայտարարությունը պետք է դիտարկել միայն որպես առաջին քայլ։ Տեսնենք՝ ինչ է հետեւելու սրան։ Այս ամենի մեջ, իհարկե, դեռ կա անորոշություն։
Իսկ անորոշությունն Արցախում այսօր ամենամեծ խնդիրն է։ Եվ լքված ու մոռացված լինելու զգացողությունը, որն այնքան խորացել է հատկապես պատերազմից հետո։ Այս վերջին երկու տարում Արցախում տեղի են ունեցել լայնամասշտաբ միջոցառումներ, մշակութային իրադարձություններ։ Այս ամենից բացի, Արցախ են այցելել բազմաթիվ հայտնիներ, քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ։ Նրանցից ոմանք Արցախում անգամ զբաղեցրել են պաշտոններ, բայց որոշ ժամանակ անց լքել իրենց զբաղեցրած աթոռներն ու վերադարձել այնտեղ, որտեղից գնացել էին Արցախ։ Որպես կանոն՝ Երեւան։
Այո, Ռուբեն Վարդանյանն առաջինը չէ, ով որոշել է տեղափոխվել Արցախ, բայց առաջինն է, որի որոշումը թողել է հոգեբանական մեծ ազդեցություն. արցախցիներից շատերն ասում են՝ դե, եթե ինքն ա որոշալ կյա, ուրեմն վիճակը էդքան էլ փիս չի…
Հոգեբանական դրական ազդեցությունը, սակայն, չի նվազեցրել այս որոշման հետ կապված հարցերի թիվը, որոնց պատասխանները ո՛չ Արցախում եւ ո՛չ էլ Հայաստանում դեռ հստակ չեն։ Սակայն վստահ եմ՝ Ռուբեն Վարդանյանը դրանք գիտի։
Ի՞նչ է անելու նա Արցախում. զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, թե՞ գործարարությամբ, որեւէ պաշտո՞ն է զբաղեցնելու, աշխատատեղե՞ր է ստեղծելու, թե՞ տարվա մեջ Արցախում լինելու է մի քանի անգամ ընդամենը... սրանք հարցեր են, որոնց պատասխանները միայն ժամանակը ցույց կտա։
Իսկ ինչ էլ որ ժամանակը ցույց չտա, Արցախում վստահ են, որ տեղափոխվելու որոշում կայացնելն ամենադժվարը չէ, ամենադժվարն Արցախում, իսկապես, ապրելն է...
Ես 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից առաջ էի կայացրել դժվար որոշում ու տեղափոխվել Արցախ՝ ղեկավարելու հանրային ռադիոն։ Բայց ես գիտեի, թե որ օրվանից է սկսվելու իմ աշխատանքը եւ երբ է այն ավարտվելու։
Ու միայն Ստեփանակերտում ապրելով հասկացա, որ որոշում կայացնելը գուցե կարեւոր է, բայց այն ամենադժվարը չէ։ Արցախցիներն այս հարցում ճիշտ են. կարեւորը` կայացրած որոշմամբ հասարակ արցախցիների կյանքում փոփոխություն ու դրական տեղաշարժ բերելն է։
Ինքս չգիտեմ՝ իմ որոշումը բերե՞լ է փոփոխություն ու դրական տեղաշարժ արցախցիների կյանքում, թե՞ ես Արցախում բնակվողներից հերթականն եմ եղել, ինչպես չգիտեմ, թե ինչ կբերի իր հետ սոցիալական ձեռներեց, գործարար ու հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանի կայացրած դժվարին որոշումը։
Միայն գիտեմ, որ գործընկերս էլ չգիտի։
Անի ՄԻՆԱՍՅԱՆ