ԿԱՆԱՅՔ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Պատերազմներում կանայք ներկայացվում են կա՛մ անպաշտպան ու թույլ զոհի կարգավիճակով, կա՛մ կռվողների, որոնց մեջ կանացիությունն այնքան էլ շատ չէ։
Այն բոլոր պատերազմները, որոնց մասին ես գիտեմ, պատմում են տղամարդկանց մասին՝ տղամարդկանց լեզվով։ Աշխարհի որ ծայրում էլ դրանք եղած լինեն՝ տղամարդկանց աշխարհի մասին են։
Իսկ կանայք այդ պատերազմներում կան տղամարդկանց ուզածի չափով միայն։
Պատերազմի սկսվելու օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան արդեն, Գորիս էի հասել. Երեւանից Գորիս՝ ոչ Ստեփանակերտից։ Շատերի նման ճանապարհային մի կանգառի մոտ մենք էլ կանգնեցինք՝ շունչ քաշելու։ Ասեղ գցելու տեղ չկար, մի քանի տասնյակ երեխաներն աղմկում էին, կանայք՝ լաց լինում, տղամարդիկ՝ խոսում, անընդհատ պատմում մի քանի ժամ առաջ սկսված պատերազմի մասին։
Ստեփանակերտից Գորիս 90-կիլոմետրանոց ճանապարհը մի մեծ խցանման էր նման. հարյուրավոր, հազարավոր մեքենաներ... իսկ այնտեղ տղամարդիկ էին, որոնք կանանց ու երեխաներին դուրս էին բերում պատերազմից՝ վստահեցնելով, որ իրենք վերադառնալու են։
Երեւանից Ստեփանակերտ ամբողջ ճանապարհին ես համոզված էի, որ գնում եմ դեպի տղամարդկանց աշխարհ, գնում եմ մի տեղ, որտեղ որոշումներ կայացնողը միայն տղամարդիկ են։ Մտածում էի նաեւ՝ ո՞ւր եմ գնում ու ինչի՞ համար։
Իսկ ես գնում էի այնտեղ, որովհետեւ ղեկավարում էի Արցախի հանրային ռադիոն։
Նկար 2 Արցախի ռադիոյում մութն ընկնելուն պես աշխատում էինք լույսերն անջատած. այդպես ավելի ապահով էր։ Նկարն արվել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։
Ռադիոյի ամբողջ անձնակազմից մենք երեքով էինք՝ երկու կին, մեկ տղամարդ։Կանանց հեռացրել էին վտանգից, իսկ տղամարդկանց՝ տարել կռիվ։ Բայց ռադիոյին ՙտղամարդու ձայն՚ էր պետք։ Աշոտը՝ հեռուստատեսության աշխատողը, ասաց, որ կարող է նաև ռադիոյի համար աշխատել։ Այնպես ստացվեց, որ պատերազմի ընթացքում ռադիոյի համար որոշում կայացնողը, փաստորեն, կին էր՝ ի դեմս ինձ:
Պատերազմի սկզբից մի քանի օր էլ չէր անցել, Ստեփանակերտում ապրող սիրիահայ ամուսիններ Ասմարյանների ռեստորան «Սամրա»-ում սովորական ուտելիքը սպառվեց։
Բայց Իզաբելը որոշեց, որ Ստեփանակերտին պիտի անվճար կերակրի։
Իզաբելն ամեն օր ձեռքի տակ եղած խիստ սահմանափակ ու իրար հետ երբեմն «կապ չունեցող» մթերքներով մոտ 200 հոգու համար տաք ապուր էր պատրաստում։Ամեն օր հարյուրավոր անծանոթ մարդիկ էլ «Սամրա»-ում էին սնվում։Նկար 3 Պատերազմի օրերին Իզաբելը ճաշ էր պատրաստում առանց բաղադրատոմսերի գրքի, «Սամրա»-ի մենյուում մեկ բան կար՝ տաք սուպ։Լուսանկարն արվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին։
Պատերազմի ամբողջ ընթացքում նրանց տունը տուն էր հարյուրավոր անծանոթների համար։
Հոկտեմբերի վերջին էր, երբ պատերազմն արդեն պիտի ավարտվեր, Իզաբելը հիվանդացավ։Շտապ Երեւան ճանապարհվել էր պետք։Եվ պատերազմի վերջին օրերին, Ստեփանակերտում մնացած մարդկանց մեծ մասն էլ տաք ապուր չկերավ։
Պատերազմը, ասում են, տղամարդկանց գործն է ու այնտեղ՝ պատերազմներում, կանայք անելիք չունեն։ Ու տղամարդիկ, սովորաբար, պատմում են իրենց պատերազմի մասին, որտեղ ո՛չ կանայք կան, ո՛չ էլ՝ կանացիություն։ Ու քանի տղամարդկանց պատերազմի աշխարհում կանայք չկան, պատմող էլ չի լինի, որ կանայք բնության բոլոր օրենքներով, հաճախ իրենց կամքից անկախ, պատերազմում, մեկ է, կին են մնում։
Բժիշկ Սարգսյանը պատերազմի օրերին իր խալաթի գրպաններում առաջին օգնության բժշկական պարագաներ, ուժեղ ցավազրկողներ ու շոկոլադներ ուներ՝ բոլորն էլ՝ վիրավոր զինվորների համար:
Նկար 4 Բժիշկ Նարե Սարգսյանը աշխատանքի կարճ ընդմիջումների ընթացքում սիրում էր հիվանդանոցի բակում սրճել։ Լուսանկարն արվել է 2020 թվականի նոյեմբերի 4-ին։
Լուսանկարը՝ Նարե Սարգսյանի անձնական արխիվից։
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ռադիոլոգ Նարե Սարգսյանի 28 տարեկանը պատերազմի ժամանակ է լրացել, սովորաբար վառ գույնի շորերով ու կոշիկներով էր, մազերը, եղունգներն ու դեմքը հարդարված։
Նարեն այդ օրերին մեկ անգամ, մեկ օրով է Երեւան եկել՝ նաեւ եղունգները հարդարելու։Եղունգներն աճել էին, դրանց անխնամ մնալուց սթրեսային հոգեվիճակն ավելի էր ծանրանում։ Նարեն կնոջը հատուկ բոլոր նրբերանգներն ունի իր մեջ՝ և՛ պատերազմում, և՛ պատերազմի մեջ՝ մի ձեռքով պինդ արել է իր գործը, մյուսով՝ կին մնացել։
Անժելայի խնդիրները սկսվեցին, երբ Ստեփանակերտում ոչ մի բաց խանութ չկար, իսկ ձեռքի տակ՝ անձնական հիգիենայի պարագաներ։Մի քանի օր ստիպված էր կիրառել վաղուց մոռացված մեթոդներ, մինչեւ «օգնությունը» Երեւանից տեղ կհասներ։
Անժելան 44-օրյա պատերազմը վավերագրողներից մեկն էր՝ լավագույններից մեկը։
Պատերազմում կին մնալու ու այդ պատերազմը տանելու համար անհրաժեշտ է կրկնակի ջանք։ Որովհետեւ մեզ պատմում են, որ կանայք ու պատերազմն իրար հակասում են, կանայք չկան այնտեղ, որտեղ կա կռիվ, մահ, սարսափ ու դժվարություն։ Իրականում պատերազմն, ընդհանուր առմամբ, հակասում է մարդկային էությանը։ Այն սպանում ու խեղում է մարդկային մարմիններն ու հոգիները, խեղաթյուրում է ճակատագրերն ու փոխում կյանքի ընթացքը։Այն կանանց, որոնց ես հանդիպել եմ պատերազմի ժամանակ, տղամարդկանց թիկունքում սպասողներ չէին։ Այդ կանայք պատերազմն իրենց ուսերին կրողներ են եղել, որոշումներ կայացնողներ ու իրենց որոշումներով ընթացք փոխողներ են եղել, այդ կանայք չեն կորցրել իրենց, եւ կռվի, սարսափի, մահվան ու դժվարության մեջ, անգամ, կին են մնացել:
Պատերազմները նաեւ կանանց են դիպչում։ Դրանց մասին պատմել է պետք՝ կնոջ լեզվով։
Անի ՄԻՆԱՍՅԱՆ