ԱՌԱՆՑ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ...
«Ազատ Արցախ» թերթն իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես իր անդավաճան ընթերցողները, թղթակիցներն ու բաժանորդներն է ունեցել... Այդ շարքում է նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սոկրատ Խանյանը, որը շուրջ ութ տասնամյակ հանդիսանում է Մայր թերթի անդավաճան թղթակիցը, բաժանորդն ու ընթերցողը։ Հանրապետական թերթը՝ պրոֆեսորի դիտանկյունից. ունկնդրենք նրան ու ամենքս ունենանք Մայր թերթի մեր տեսլականը...
- Ժողովուրդների պատմության մեջ, սերնդեսերունդ, անցյալը որպես պատմություն ներկայացնելու առումով մամուլի դերը անչափ կարևոր է։ Ողջ կյանքում «Խորհրդային Ղարաբաղ» /«Ազատ Արցախ»/ թերթը եղել է իմ անդավաճան ուղեկիցը, ես էլ համեստություն չանեմ՝ նրա ուղեկիցն էի դեռևս պատանեկան-դպրոցական տարիներից, երբ սովորում էի Հադրութի շրջանի հայրենի Ակնաղբյուր /Աղբուլաղ/ գյուղի միջնակարգ դպրոցում։ Այսօրվա պես հիշում եմ՝ մեր դպրոցի կուսկազմակերպության քարտուղարը /մի շատ կարդացած ու գրագետ անձնավորություն/ տնետուն էր գնում, բոլորին ստիպում-հորդորում, որ «Կոմունիստ» ու «Սովետական Ղարաբաղ» թերթերին բաժանորդագրվեն... Ամբողջ գյուղն այդ երկու թերթերը պարտադիր ստանում էր։ Մեր ընտանիքում թերթ, գիրք ընթերցելը հարգի էր։ Դեպքերից առաջ ընկնելով ասեմ, որ ես 15 տարի աշխատել եմ «Կոմունիստ» թերթում՝ որպես բաժնի վարիչ։ Այդ տարիներին «Կոմունիստ» թերթը 150 հազար տիրաժ ուներ, իսկ կար ժամանակ, երբ «Սովետական Ղարաբաղը» 100 հազար տպաքանակով էր լույս տեսնում։ Ես ամբողջ կյանքում «Սովետական Ղարաբաղ»-ի մշտական ընթերցողն եմ եղել, ու ոչ միայն ընթերցել եմ, այլև մասնակիցն եմ եղել նրա ստեղծմանը... Դեռևս դպրոցական տարիներից բանաստեղծություններ էի ուղարկում։ 7-րդ դասարանում էի սովորում, երբ տպագրվեց առաջին բանաստեղծությունս։ Այդ տարիներին թերթի գլուխ կանգնած էր Բագրատ Ուլուբաբյանը, քիչ է ասել, թե ոգևորվեցի, թևեր առա, ու այսպես սկսվեց թերթի հետ իմ մեծ բարեկամությունը։ Առաջին խորհրդատու ուսուցիչներս եղել են հենց Բագրատ Ուլուբաբյանն ու Բոգդան Ջանյանը։ Թերթը ոչ միայն ընթերցանության գործոն էր, այլև մեծապես նպաստել է իմ ստեղծագործական աճին։ Երբ այսօր, այս պատկառելի տարիքում հետ եմ նայում, մեկ առ մեկ հիշում եմ այն բոլոր երախտավորներին, որոնք հանրապետության /այն տարիներին մարզի/ գլխավոր թերթին դեմք ու դիմագիծ են հաղորդել, շունչ ու ոգի ներարկել... Կրկին պիտի հիշեմ Բագրատ Ուլուբաբյանին ու Բոգդան Ջանյանին, հրաշալի առակագիր Իսրայել Պետրոսյանին /Իսպետ/, Արտաշես Գասպարյանին, թերթը նվիրյալ խմբագիրներ է ունեցել, որոնց հետ մշտական շփման մեջ եմ եղել... Հովհաննես Արզումանյանն իր ուշադրության կենտրոնում էր պահում երիտասարդ ստեղծագործողներին, տպագրում ու ճանապարհ տալիս նրանց, Եղիշե Սարգսյանը՝ հրաշալի ղարաբաղցի, մարդամոտ, գործի էությունը հասկացող, Մաքսիմ Հովհաննիսյանը՝ նրա օրոք թերթի նշաձողը, պիտի ասենք, ամենաբարձրն էր, նա նաև տաղանդավոր արձակագիր էր, մեզ միշտ հորդորում էր ակտիվ լինել, ու չմոռանանք ասել, որ մեծ ուշադրություն էր դարձնում նյութերի որակին։ Մեր Կոմիտասը /Դանիելյան/, ով իմ ուսանողն է եղել, երբեք չմոռացավ, որ իր ուսուցիչն եմ եղել, ես նրան որդուս պես էի վերաբերվում... Առանց չափազանցության թերթի խմբագրությունն ինձ համար մշտապես եղել է հարազատ ընտանիք։ Մարդկային երախտագիտության զգացումը երբեք չպետք է մթագնի, միշտ պետք է երախտագիտությամբ հիշել այն օջախը, որը քեզ թևեր է տվել, նպաստել է քո հոգեմտավոր զարգացմանը։ Իմ կապը Մայր թերթի հետ երբեք չի կտրվել, նույնիսկ, երբ ապրել ու աշխատել եմ Բաքվում։ Ես շատ ու շատ հանդեսներում, հայտնի պարբերականներում եմ տպագրվել տարիներ շարունակ, սակայն ուրիշ էր ինձ համար իմ Ղարաբաղի թերթը... Այն իմ հարազատն է, ինչպես հայրենի Ակնաղբյուրս, ինչպես իմ Խաչի պապը, Մեծ Հայրենականում զոհված, բանաստեղծ Սուրեն եղբայրս, իմ կրտսեր, պատմաբան Արտաշես եղբայրս, ով երկար տարիներ Էդիլլու, Բլութան գյուղերում դպրոցի տնօրեն է եղել... ահա այդչափ հարազատ է ինձ համար մեր հանրապետական թերթը։ Տարիներ շարունակ, երբ ապրում էի Ղարաբաղից հեռու, թերթի միջոցով էր կապը հայրենիքիս հետ, նրա էջերից էի տեղեկանում, թե ինչ է կատարվում իմ գյուղում ու շրջանում, ինչով և ինչպես է ապրում իմ երկրի ժողովուրդը։ Այսօր էլ թերթը ինֆորմացիայի մեծ աղբյուր է և շատ տեղեկություններ ինձ համար քաղում եմ նրա էջերից, հետևում տեղի ունեցող իրադարձություններին ու զարգացման ընթացքին։ «Ազատ Արցախ»-ը մեզ համար ոչ միայն մամուլ է, մեր ապրումները՝ հարազատ Արցախի հետ կապող հզոր գործոններից մեկն է, այն հիմնական միջոցներից մեկը, որը տեղեկատվության անսպառ աղբյուր է հանդիսանում մեզ՝ ընթերցողներիս համար։ Մայր թերթը հանապազօրյա հացի պես է ինձ համար, առանց որի իմ կյանքից մի շատ կարևոր բան պակաս կլիներ, կրկնեմ ասածս՝ ամբողջ կյանքում բաժանորդ եմ եղել, նույնիսկ այն տարիներին, երբ թերթում էի աշխատում, և այդպես շուրջ 80 տարի։ Իմ անձնական արխիվում տարբեր տարիների նրա բազմաթիվ համարներ պահում եմ և այն ինձ համար կարևոր տեղեկատվության աղբյուր է հանդիսանում և ոչ մեկ անգամ։
Ես շատ եմ կարևորում թերթի կապը հատկապես հեռավոր գյուղերի հետ, ցանկալի է, որ մեր լրագրողները հաճախ լինեն տեղերում և ճշմարտացի լուսաբանեն հեռավոր, հաճախ էլ մոռացված գյուղերի կյանքը։ Ես դա շատ եմ կարևորում, որովհետև թերթը ոչ միայն մտորումների առումով է կարևոր, այլև թերթը այն հայելին է, որը ապագա սերունդներին ներկայացնում է երկիրը, ներկայացնում է սերունդների կատարած գործը, նրա ձեռքը միշտ կյանքի զարկերակին է ու այդպես էլ պիտի լինի։ Այսօր էլ Մայր թերթը լուրջ աշխատանք է կատարում։ Ամենայն ուշադրությամբ հետևում եմ թերթի որակին, ու գոհ եմ։ Միայն մի բան կցանկանայի, որ տեղական հեղինակները շատ լինեին ու տեղերից որակյալ, սրտացավ ու բարձր կարգի վերլուծական նյութեր ուղարկեին։ Ինչքան ստորագրությունները շատ են, մտածումները, մատուցման ձևերը՝ տարբեր, այնքան թերթն ավելի հետաքրքիր ու կարդացվող է։ Հուսանք՝ դա էլ կլինի, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք պիտի լինի թերթի տեսադաշտում։ Այն կարծիքին եմ, որ պիտի մեկընդմիշտ ականջներիս օղ անենք ու փաստենք, որ առանց տպագիր մամուլի պատմություն չի ստեղծվում։
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ