Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Տա՛ Աստված` 100-ամյակդ դիմավորես մելիքանիստ Ավետարանոցում…

 

Օրերս ծննդյան 99-ամյակն է նշել Ասկերանի շրջանի ամենաերկարակյաց բնակչուհի Արաքսյա Խաչատրյանը` Ավետարանոց համայնքից։ Ճակատագրի բերումով  հարյուրամյակի շեմին Արաքսյա տատիկը հայտնվել է կյանքի, թերևս ամենադառը ու ամենադաժան  հորձանուտում։ Հայրենական, ապա նաև Արցախյան առաջին ազատամարտը պատվով հաղթահարած Արաքսյա Խաչատրյանն այսօր առավել, քան երբևէ փափագում է կրկին շրջել հայրենի գյուղի հարազատ փողոցներով… Առայժմ նրա մտքերն են թևեր առած ճախրում հարազատ բնօրրանում, որտեղ ամեն ինչ անփոփոխ է…

Վիշտը հաճախ ստիպում է մարդուն լինել ավելի տոկուն ու դիմացկուն։ Այդպիսին է նաև իմ հերոսուհին։ Նրա ապրելու ցանկությունը մեծ է առավել, քան երբևէ… Կիսատ  գործեր շատ մնացին, մելիքանիստ ծննդավայրի համ ու հոտից չի կշտացել…

-18 տարիս դեռ չէր բոլորել, երբ զորակոչվեցի խորհրդային բանակ` ֆաշիստական Գերմանիայի դեմ կռվելու։ Կռվելով հասել եմ մինչև Բեռլին։ Պարգևատրվել գերատեսչական ամենատարբեր մեդալներով, շնորհակալագրերով, պատվոգրերով։ Թվում էր՝ Մեծ հայրենականի հաղթանակում բազմաթիվ արցախցիների ներդրումն ըստ արժանվույնի կգնահատվի, սակայն այդպես չեղավ…,- մի պահ կտրվում է Արաքսյա տատիկի մտքի թելը, ով գիտե` այդ պահին ուր հասան նրա հիշողությունները… Ապա, դառնալով զրուցակիցներին, հարցնում է` ե՞րբ ենք մեր գյուղ վերադառնալու…

Կյանքի ոլորանները որքան հեռու են տարել Արաքսյա Խաչատրյանին, այնքան սերն առ հայրենիք սաստկացել է… Այդպես էր, երբ ապրում էր հայակերտ Բաքու քաղաքում, հետո կյանքի անիվը տարավ հեռավոր ռուսաստաններ, սակայն Հայրենիքի կարոտը նրան կրկին բերեց ծննդավայր։ Այստեղ էլ խոր արմատներ ձգեց, ընտանիք կազմեց` ապրեց հային վայել…

100-ամյակը հատած Արաքսյա տատիկի միտքը պայծառ է, հոգեպես առույգ, ձգտումներն ու նպատակները միմիայն ծննդավայր Ավետարանոցի հետ են կապված։

-Ողջ կյանքս ապրել եմ խղճիս թելադրանքով, բարություն եմ արել, եթե չեմ կարողացել օգնել գործով, օգնել եմ բարի խոսքով։ Ու այսօր իմ արած բարությունն ինձ է վերադառնում։ Տարվա բոլոր օրերը ծննդյան տոն է ինձ համար, շրջապատված եմ երեխաներիս, թոռներիս, ծոռներիս սիրով, հոգատարությամբ ու ջերմությամբ,- ասում է Արաքսյա տատիկը:

Ասկերանի շրջանի Հայրենական մեծ պատերազմի միակ վետերանը ծննդյան հերթական տարեդարձի կապացությամբ շնորհավորանքներ և նվերներ է ստացել Արցախի Հանրապետության նախագահի կողմից։ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը Ավետարանոցի համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Արաքսյա Խաչատրյանին, հավաստիացրել, որ նրանց հոգսերը գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։

Մխիթարանքի խոսք գտնելը դժվար է, առավել դժվար ստույգ պատասխանել բազմիցս կրկնվող հարցին` ե՞րբ ենք վերադառնալու Ավետարանոց…

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ