Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

…ՄԻ ՊՏՂՈՒՆՑ ՍԵՐ ՈՒ ՄԻ ՄԵԾ ՆՎԻՐՈՒՄ

Հոբելյան

Հոբելյանները լավագույն առիթ են արժևորելու մարդ-անհատի անցած ճանապարհը, մի հարկի տակ ժողովելու, իրար կողքի դնելու նրա հաջողություններն ու ձեռքբերումնները... Իսկ երբ այդ անցած ճանապարհը նաև հետագիծ է թողնում, երբ քո մատնահետքերը, քո ձեռագիրը տասնամյակներ շարունակ դրոշմվում է Երկրիդ Մայր Թերթի էջերին, ուրեմն ապրածդ տարիները իզուր չեն եղել...

«Ազատ Արցախ» թերթի պատասխանատու քարտուղար Մնացական Ազիզյանը նվիրյալների այն փաղանգից է, որոնք բացի պատասխանատվությունից, նաև ողջ կյանքի ընթացքում իրենց խղճի հետ ապրում են հաշտ ու համերաշխ, ազնիվ են ոչ միայն մղումները, այլև ապրած տարիներն, իրավամբ, ազնվության չափանիշ ու խորհրդանիշ են: Մեր գործընկերը ոչ միայն Քուչակի սիրտ ունի, այլև կորուսյալ հայրենիքի համար լուռ տառապելու «մենաշնորհ»... Լրագրող Էվիկա Բաբայանի հետ իր հարցազրույցներից մեկում նա ցավով ու ափսոսանքով է հիշում իր ընտանիքի գլխով անցածը. «Անտանելի պայմանները, հայերի հանդեպ խտրականությունը տիրում էր անխտիր կյանքի բոլոր բնագավառներում, մենք գյուղը լքեցինք 1968թ., ես ընդամենը 15 տարեկան էի...»: Եվ մի զարմանահրաշ նկատառում. «Ես երազումս շարունակ տեսնում եմ հայրենի վայրերը, և ինձ հետ կատարվող բոլոր իրադարձությունները տեղի են ունենում հենց այնտեղ: Տարիներ անց այցելեցի գյուղ, այնտեղ հատուկենտ հայեր էին մնացել: Գերեզմանատան հարևանությամբ եկեղեցի կար... Աչքերիս առաջ կիսավեր սրբավայրն էր՝ ցաքուցրիվ եղած քարերով... Մեր գյուղից ներքև, Սիսիան-Նախիջևան մայրուղու կողքին սրբավայր ունեինք՝ Հազարան Փրկիչ, որտեղ ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կիրակին հավաքվում էր երկրամասի ողջ հայությունը՝ նշելու սրբի օրը: Երբ գյուղ էի այցելել, ինձ ասացին, որ ազերիները տեխնիկայի օգնությամբ սրբավայրն այնպես են հիմնահատակ ոչնչացրել, որ հետք անգամ չի մնացել: Ոչնչացվել են Գժաձորի, Առինջի, Նորսի և Շահբուզի շրջանի բոլոր հայկական գյուղերի եկեղեցիներն ու սրբավայրերը: Ոչնչացվել են Ջուղայի հանրահռչակ խաչքարերը... Ցավ եմ զգում աշխարհի անարդարության համար...»:

Նրա տան դուռը միշտ բաց է ընկերների, հարևանների ու հարազատների առջև, սակայն փակ ու ծածուկ են նրա տառապանքների տարածքները, ինչ էլ որ լինի, ինչքան էլ դժվար լինի՝ նրա Խաչը տղամարդու արժանապատվությունն է, նա այս օրերին էլ մեծին վայելող արժանապատվությամբ է տանում որդու կորուստը... Բարությունը, ազնվությունն ու կամեցողությունը նրա մարդկային նկարագրի հիմնական խոսույթներն են...Պատանեկան տարիքից հայրենի Գյոմուր գյուղից /Նախիջևանի ինքնավար հանրապետություն/ դուրս եկած պատանին, հարաբերվելով աշխարհի հետ, մնաց նույն Մեծ Մանուկը, ու միայն իրեն հասու և իրեն հայտնի կենսակերպի շնորհիվ չչարացավ աշխարհի վրա, չխռովեց սեփական բախտից, անգամ այն դեպքում, երբ հարված հարվածի հետևից էր ստանում:

Մեր գործընկերը, մեր պատասխանատու քարտուղարը, որին հաճախ կատակով անպատասխանատու քարտուղար ենք անվանում, այնքան պատասխանատու է, որ կարող է տուն չգնալ, երբ խմբագրությունում իր կարիքը կա... Արցախյան շարժման ու պատերազմի տարիներին, երբ թերթի խմբագրությունը մի յուրօրինակ շտաբի էր վերածվել, Մ. Ազիզյանն իր համերաշխ կոլեկտիվի առաջամարտիկների առաջին շարքերում էր: Մենք զարմանում էինք, թե նա ոնց էր մի քանի բաժակ սուրճով ողջ օրը քաշում իր բաժին լուծը ու այն էլ լուռումունջ, առանց բողոքելու ու տրտնջալու և այդպես գրեթե երեքուկես տասնամյակ:

1968թ. ընտանիքով Նախիջևանի Շահբուզի շրջանի Գյոմուր գյուղից տեղափոխվել են Բաքու, որտեղ էլ 1970թ. ավարտել է թիվ 152 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին աշխատանքի է անցել «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագրությունում՝ որպես սրբագրիչ: 1971-72թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է նույն հանդեսի խմբագրությունում՝ տարբեր պաշտոններում: 1973-1979թթ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1985-86թթ. աշխատել է «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում՝ որպես թղթակից, ապա՝ «Կոմունիստ» հրատարակչությունում՝ որպես գրաշար, իսկ 1987-88թթ. Բաքվի հեռուստառադիոկոմիտեի ռադիոյի հայկական հաղորդումների բաժնում՝ որպես խմբագիր: 1988թ. մայիսին ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ: Աշխատել է ԼՂ հեռուստառադիոկոմիտեում /1988-89թթ./, «Արցախ» հանդեսի խմբագրությունում /1989-1994թթ./: Մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին' որպես շարքային ծառայելով ԼՂՀ Պաշտպանության բանակում: 1994 թվականից առայսօր տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Ազատ Արցախ» թերթում՝ «Պոլիգրաֆ» ՊՓԸԲ-ում՝ որպես տնօրենի տեղակալ, հրատարակչական կենտրոնի պետ, հրատարակչության տնօրեն... 

Կենսագրական սուղ ու համեստ տվյալները չեն կարող արտահայտել այն ամենը, որով ողջ կյանքում ապրել և շարունակում է ապրել ու ստեղծագործել մեր հեբելյարը, մեր գործընկերը՝ կերտելով ու ուրվագծելով ոչ միայն հանրապետության գլխավոր տպագիր լրատվամիջոցի դեմքն ու դիմագիծը /հատ-հատ ընտրելով Երկրի ու նրա բազմագույն ու բազմադեմ ներկապնակի գույները/, այլև իր հարուստ կենսագրությանը խառնելով մի պտղունց Սեր ու մի մեծ Նվիրում...

Սիրվարդ Մարգարյան