Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆ ԿԱՄ ՄԻ ՔԻՉ ԱՆՑՅԱԼ, ՄԻ ՔԻՉ ՆԵՐԿԱ

  Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ  

 Չգիտեմ ինչու՞, իսկապես` չգիտեմ ինչու, մենք ամեն օր մեր քաղաքին սեր ենք խոստովանում, առիթ-անառիթ, սեղանների շուրջ, մշակութային միջոցառումներին, հարցազրույցներում ու նույնիսկ դպրոցական շարադրություններում...

 Հուզված, լացակումած...ավելի շատ՝ հեռուներում... Մենք ուղղակի գժվում ենք մեր եզակի, մեր անփոխարինելի, մեր ամենաքաղաքի համար։ Եվ ամենևին էլ պարտադիր չէ ասել Ստեփանակերտ։ Պարտադիր չէ, որովհետև կարող ենք նաև ասել քաղաք։ Իսկ երբ ասում ենք քաղաք, այդ քաղաքը միայն ու միայն Ստեփանակերտը կարող է լինել։ Ուզում եմ ասել` Ստեփանակերտն ու քաղաքը համարյա հոմանիշներ են։ Ուրեմն, մենք, ավելի ճիշտ կլիներ ասել՝ բոլորս (խոսքը, բնականաբար, ստեփանակերտցիների մասին է) այդ Ստեփանակերտ քաղաքի համար պատրաստ ենք ամեն ինչի։ Եսակենտրոն մոտեցումներով ընդգծվում են հատկապես Ստեփանակերտում ծնված-մեծացածները՝ բուն ստեփանակերտցիները։ Այդ նրանք են, որ Ստեփանակերտից բացի ուրիշ քաղաք չեն ընդունում։ ։ Եվ նրանց կարծիքով աշխարհի ամենահյուրասեր մարդիկ Ստեփանակերտում են ապրում, ամենախելոք մարդիկ էլ, ամենաքաջ, ամենաժամանակակից... Եվ դրա բացատրությունը մեկն է, որովհետև ուրիշ տեղ չեն կարող ապրել։ Հենց այդպես։ Պարզ ու հասարակ։

Հա, աշխարհի ամենամաքուր քաղաքն էլ է Ստեփանակերտը, ամենախաղաղն էլ, ամենաանվտանգը։ Փորձեք հակաճառել։ Չի ստացվի։ Կհամոզեն։ Մի բան էլ ասեմ, հանգիստ ընդունեք, տարիներ առաջ, երբ ընդամենը մեկ փողոց ուներ քաղաքը, մեկ-երկու ինքնաշարժ, ուզում եմ ասել` ավտոմեքենա, բոլորին գիտեին անուն առ անուն, խանութներն էլ մատների վրա հանգիստ կարելի էր հաշվել, փողոցներից բարձրացող փոշին էլ հաճախ ծանր վարագույրի նման նստում էր փոքրիկ տների վրա, Ստեփանակերտն էլի մեծ քաղաք էր, իսկական քաղաքին հատուկ մտածողությամբ, բնավորությամբ ու փիլիսոփայությամբ։ Եթե փողոցում հանդիպած տղամարդու կոշիկները չէին փայլում, հաստատ, ստեփանակերտցի չէր, եթե թատրոնի ճեմասրահում տեսած կանանց հագուկապից չէր երևում, որ առնվազն մի երկու ժամ կանգնել են հայելու առաջ, էլի քաղաքից չէին... Եվ, քիչ էր մնում մոռանայի, ամենագլխավորը, եթե արտաբերած մեկ նախադասության մեջ չկար, ռուսերեն գոնե մի քանի բառ, կնշանակի այդ մարդը բացարձակապես կապ չուներ Ստեփանակերտի հետ։
Ավելի անկեղծ, չնայած ես բուն ստեփանակերտցի չեմ, ինձ թույլ եմ տալիս ասել, որ Ստեփանակերտը իրեն հարգող քաղաք է, արժանապատվության տեղն իմացող, ինքն իրեն չափի մեջ գնահատող, ուրիշների կողքին չխեղճացող։
Բայց քանի որ ես բուն ստեփանակերտցի չեմ, այսինքն` համարձակվել եմ ծնվել, Ստեփանակերտից քիչ հեռու մի ուրիշ բնակավայրում, ինձ թույլ եմ տալիս խոսել նաև քաղաքի ոչ այնքան հաճելի բաների մասին։ Օրինակ, քաղաքը կեղտոտելը։ Չհակաճառեք, համոզելու եմ։ Եթե, անհարմար էլ է ասել, հա, եթե ամեն օր մեր փողոցներն ու բակերը անընդհատ մաքրող, մեր ետևից հավաքող այդ հիսուն, վաթսուն, յոթանասուն տարեկան կանայք ու տղամարդիկ չլինեին, եթե աղբահավաք մեքենաները ամեն օր չդատարկեին աղբամանները, եթե այդ տարիքն առած մարդիկ այդպես ծաղիկներով չզարդարեին մեր քաղաքը, շնչելը դժվար կլիներ, քայլելն էլ... արդարանալն էլ...
Մի օրինակ էլ, չասեմ, չի լինի։ Ինչո՞ւ ենք անխնա կեղտոտում ՙՄենք ենք, մեր լեռները՚ խորհրդանիշ- հուշարձանի ամբողջ տարածքը, հենց հուշարձանին էլ փորագրում մեր անունն ու սիրո խոստովանությունը, ինչո՞ւ ենք այդպես չարչարում մեր պապիկին ու տատիկին, ի՞նչ է կատարվում մեզ հետ...

Ասեմ, չեք հավատա, ես չեմ զարմանա, եթե վաղը մենք այդ նույն տարածքում խնձոր ու տանձ վաճառենք, կարտոֆիլ, կանաչեղեն, ինչ պատահի...Գիտե՞ք ինչու եմ այսպես խոսում։ Ասեմ, որովհետև, մի ժամանակ այնտեղ վաճառվող մի քանի հուշանվերների կողքին հաճույքով հայտնվել են տարբեր ոճի ու ձևի զարդեղեն, սփռոցներ, վերնաշապիկներ, դրոշներ, հազար ու մի բան...և այնքան են շատացել կարմիր-կապույտ, գունավոր տաղավարները, որ ներքևից մեր տատն ու պապը արդեն չեն երևում... Եվ տարօրինակն այն է, որ ոչ մեկը չի փորձում այդ լավ էլ շուկա հիշեցնող միջավայրը տեղափոխել, ասենք, քիչ ներքև, որպեսզի կարգավորվի մեր նախնիների շնչառությունը...
Հետո էլ ՝ թե մենք սիրում ենք մեր քաղաքը, խելքահան ենք լինում, առանց Ստեփանակերտի չենք կարող... Ասում ենք ու մեր, այսպես ասած, թեթև դուքանները շարում հենց մայթերին՝ զավթելով ինչ հնարավոր է, ինչ չի կարելի... համաձայն եմ, մարդիկ գործ են անում, տուն ու երեխա են պահում, բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին...Եվ այդպես շենքերի առաջ հայտնվում են նոր շենքեր, դուքանների առաջ` նոր դուքաններ, տների առաջ` նոր տներ...խորովածանոցներ, կրպակներ։ Եվ Ստեփանակերտը չի տեղավորվում իր փողոցներում...Ստեփանակերտը շնչահեղձ է լինում...
Դե, եթե կարող եք, ինձ համոզեք, որ սխալ եմ, որ, եթե բուն ստեփանակերտցի լինեի, այսպես չէի բարբաջի, տեսեք ինչ է կատարվում ՙՀաղթանակի՚ հրապարակի հարակից տարածքում նույնիսկ բարեկարգման կարգին աշխատանքներից հետ...ոչ մի գեղեցիկ պատկեր, և ասֆալտի վրա Ստեփանակերտցի՝ փոշոտ ու ցեխոտ կոշիկներով, փնթի, անտարբեր...
Ճիշտ է, ես Ստեփանակերտում չեմ ծնվել, բայց ամեն ինչ այստեղ իմն եմ համարում և դրա իրավունքն էլ ունեմ, ինչպես ստեփանակերտցիներից յուրաքանչյուրը։
Այստեղ ոճս մի քիչ փոխեմ ու ասեմ. տեսեք մի քանի տարում ինչեր ունեցանք՝ էլ գերժամանակակից հիվանդանոցներ, էլ դպրոցներ ու մանկապարտեզներ, բա մշտական ջուրը (ո՞վ էր հավատում), բա լուսավորված ու ասֆալտապատված փողոցներն ու բակերը...հուշահամալիրն ու համարյա ավարտկական տեսքի եկած տաճարը, ամբողջությամբ վերանորոգված մարզադաշտը, նոր թաղամասերն ու խաղահրապարակները...Լավ է, չէ՞, իհարկե, լավ է, հրաշալի է, գերազանց, բայց... դուքաններն էլ գրավում են մայթերը, շենքերը՝ փողոցներն ու խաղահրապարակները...
Նորից փոխեմ ոճս ու մեկ-երկու նախադասություն էլ մեր բակից ասեմ։ Այն համարձակվում են, անհարմար էլ է ասել, կեղտոտել միայն ծառերը և միայն աշնանը` իրենց դեղնակարմիրը ամբողջությամբ ցրելով բակով մեկ։ Օրինակ, ինձ համար բակն այդպես ավելի էր գեղեցկանում։ Բայց, ամեն առավոտ, երբ արևը գաղտագողի մտնում է բակ, ոչ մի տերև այնտեղ չի տեսնում։ Ես ինչքան փորձում էի ՙբռնել՚ հանցագործին, չէր ստացվում։ Եվ ստիպված միայն երեկայան ժամերին էի հասցնում վայելել այդ դեղնակարմիր համանվագը։
Բայց մի օր ՙբռնվեց հանցագործը՚։ Յոթանասունին մոտ տղամարդ էր։ Նախանձելի մաքուր կոշիկներով, ժպիտը` դեմքը ողողած։ Հսկայական, հատուկ պատրաստած դույլ ուներ, ցախավել ....
Եվ, պատկերացնո՞ւմ եք, ինչ ասաց այդ յոթանասունամյա տղամարդը, ոչինչ, ուղղակի, չգիտեմ ինչու, ներողություն խնդրեց, որ մի քիչ ուշացել է... Ես միայն հետո իմացա, որ մարդը հիվանդ պառկած էր և, երևի ամենակարևորը, նա բուն ստեփանակերտցի չէր...