ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՅԼ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Անդրեյ ՏԿԱՉՈՎ
Ավագ քահանա
Մարդու կամ հասարակության դեմ պայքարում բավական է միայն բարոյապես քայքայել նրան։ Մնացածն իր բարոյազրկվածության բերումով մարդն ինքը կանի։
Այս հանճարեղորեն պարզ սկզբունքը հասկանում էին հրեաների թշնամիները, երբ Աստծո առաջնորդությամբ հրեա ժողովուրդը Եգիպտոսից շարժվում էր դեպի Ավետյաց երկիր։ ՙԱստված նրանց հետ է, քանի դեռ նրանք չեն մեղանչում,- որոշեցին նրանք։ -Սովորեցնենք նրանց մեղանչել, և նրանց հաղթելը դժվարություն չի ներկայացնի՚։ Անգամ չենք ՙսովորեցնի՚։ Պետք է մարդկանց մղել մեղանչելու, խթանել, մեղքը դարձնել հասանելի, ՙդյուրավ պաշարող՚, ինչպես կասեր Պողոս առաքյալը (Եբր. 12։1)։ Մեր իրականության մեջ դա հետևյալ կերպ է հնչում. ՙԿասենք, որ դրանում մեղք չկա, կան նոր նորմեր, որոնք մի ժամանակ մերժում էին միջնադարյան կրոնամոլները՚։ Հավանաբար, ծանոթ եք այս խոսակցություններին։ Եվ այդժամ մարդը (հասարակությունը) զրկվում է Աստծո օգնությունից, ում համար մեղքը նողկալի է։ Եվ դա, իսկապես, վերջն է։ Բառացիորեն վերջը։ Այդ ժամանակ արդեն ինքդ անարժեք բաների դիմաց թշնամուդ կտաս ամենաարժեքավորը։ Նաև կկորցնես բանականությունդ, հիշողությունդ և ուժերդ, կապրես վախի ու շփոթության մեջ, ինքդ քեզ նվաստ ու, համապատասխանաբար, անպիտան կզգաս։ Դեռևս Թվոց գրքում (Հին կտակարան) հիշատակված այս մարտավարությունը միայն մադիամացիները (հրեա ժողովրդի թշնամիները) չէ, որ փորձել են։
Խորհրդային բարոյականությունը, որն արգելում էր մեղանչել, արգելում էր նաև աղոթել։ Սահմանափակում էր շնորհի աղբյուրներից (Աստվածաշնչից ու եկեղեցու խորհուրդներից) օգտվելու հնարավորությունը։ Նշանակում է՝ սերմանում էր կեղծավորություն, սիրում էր մեղանչել ծածուկ և բարոյական մակարդակը հսկում էր լոկ արգելքների միջոցով։ Ապա արգելքների ժամանակներն անցան, և մարդիկ սկսեցին մեղանչել բացեիբաց, ասես շղթայից արձակված։
Ապրելու համար բարոյականությունը նույնքան կարևոր է, որքան հացը։ Ե՜վ խիղճն է պետք, և՜ Աստծո վախը, և՜ համակեցության համընդհանուր նորմերը։ Շնորհի աղբյուրներն արդեն բաց են. Աստվածաշունչը չեն թաքցնում, տաճարները չեն ավերում։ Բայց ժողովուրդը դատապարտված է դեռ երկար վարժեցնելու իր ընդարմացած բնության բարոյական մկանները, որպեսզի սպիտակն իր աչքին կրկին սպիտակ լինի, իսկ սևը՝ սև։
Այսպես է և ՙքաղաքացիական ամուսնություն՚ կոչվածը։ Այն վաղուց իր կայուն տեղն է զբաղեցրել մեր կյանքում և ի հայտ գալուց ի վեր արդեն հասցրել է փոխվել դեպի վատը։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից սկսած այսպես էր կոչվում տեղական իշխանության մարմիններում գրանցված, բայց առանց եկեղեցու օրհնության ամուսնությունը։ Այժմ արդեն այդ անունով կոչում են պարզապես երկու անձանց համակեցությունը՝ առանց որևէ օրինականացման ու գրանցման, այլ ոչ թե ամուսնությունը՝ առանց պսակի արարողության։ ՙԴե՞մ չես ինձ հետ ապրելու, քնելու և այլն։ Եթե ոչ, ես նույնպես դեմ չեմ: Միայն առանց պարտավորությունների, կնիքի, երդումների ու ստորագրության։ Ով առաջինը հոգնեց, միանգամից կհեռանա, իսկ մյուսը՝ հանգիստ կընդունի դա։ Մենք ազատ մարդիկ ենք։ Իհարկե՝ ոչ մի երեխա։ Այլապես հեշտությամբ հեռանալ չի լինի՚։ Եթե կինն ասում է. ՙՀամաձայն եմ՚, ահա և քեզ ՙքաղաքացիական ամուսնություն՚՝ ժամանակակից իմաստով։
Եվ ոչ ոք չի նկատել, որ սա դավադրություն է կնոջ դեմ։ Բանը նույնիսկ նրանում չէ, որ կինը գենետիկորեն, ֆիզիոլոգիապես ու իր ողջ էությամբ ձգտում է ունենալ ընտանիք, երեխաներ, կայունություն և տաքուկ անկյուն։ Որքան էլ որ անարգեն նրան ժամանակակից սոցիոլոգները, նա շարունակում է ցանկանալ նույնը` Աստծո ստեղծած բնության շրջանակներում։ Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ այն, որ կինն ավելի շուտ է ծերանում ու կորցնում գրավչությունը։ Նրան հակացուցված է իր կյանքի լավագույն տարիները քամուն տալ։ Մեկը նրա հետ մի քանի տարի կապրի (19-22 տարեկանում)։ Հետո կասի. ՙՀոգնել եմ քեզնից, հաջողություն՚։ Հետո մի ուրիշը կապրի այդպես (առանց երեխաների ու պարտավորությունների)։ Սա արդեն կլինի, ասենք, 22-25 տարեկանում։ Հետո մի երկու տարի դեպրեսիայի ու հարկադիր դադարի շրջան կլինի (որքան էլ գեղեցիկ լինես, զույգ գտնելն այսօր հեշտ չէ)։ 26-30 տարեկանում նմանատիպ ևս մի փորձ կարվի նույն բեմագրով՝ առանց երեխաների, առանց ստորագրության, վարձված բնակարաններում։ Բացատրելու կարիք կա՞, որ կինը տարեցտարի կորցնում է իր երիտասարդությունն ու ուժերը, թարմությունն ու գեղեցկությունը։ Բացատրելու կարիք կա՞, որ իր 30 տարեկանում նա նույնը չի լինի, ինչ 19-ում։ Իսկ սիրտը չի դադարի երջանկություն փնտրելուց, երջանկության հույսերն էլ գնալով կմարեն, ինչպես ձյունանուշն արևի շողերի տակ։ Եվ նրանից կհոսեն ոչ թե ջրի կաթիլներ, այլ արցունքներ։ Եվ ժամանակի հետ ապագան հորիզոնում կուրվագծի ՙծերություն՚ բառը՝ ոչ պակաս սարսափազդու մակդիրներով՝ ՙմիայնակ, դաժան, անօգուտ՚։ ՙԴաժան՚, որովհետև անհնար է չչարանալ ողջ աշխարհի վրա՝ գտնվելով կյանքի լուսանցքում՝ թող որ սեփական մեղքով։ Այնպես որ, աղջիկներ, երբ ձեզ առաջարկում են ազատ հարաբերություններ, ձեզ ուղիղ տեքստով առաջարկում են դժբախտություն։ Եվ այն, որ ժամանակակից ճղճիմ հասարակությունը հանդուրժում է դա, ոչ մի կերպ չի մեղմում այս երևույթի չարանենգ բնույթը։
Իսկ տղամարդուն ի՞նչ։ Նրա համար հեշտ է։ Զորավոր բնազդը նրան չի թելադրում ծննդաբերել։ Ու եթե իր խղճմտանքի հետ ամեն ինչ կարգին չէ, ապա նա իր 35-40 տարեկանում էլ կգտնի 20 տարեկանի մի անխելքի, ով դավանում է ազատ հարաբերությունների սկզբունքները։ Մանավանդ եթե փող ունի։ Անգամ՝ ոչ այնքան շատ փող։ Բավական է ունենալ սեփական բնակարան ու կնոջը ռեստորան տանելու հնարավորություն։ Գուցե կասեք՝ այդպես էլ պետք է։ Իսկ ես այլ կարծիքի եմ։ Համաձայն չեմ նաև, եթե ասեք, որ կարելի է տղամարդուն իր ընտանիքից գողանալ, քանի որ տարիքդ անցնում է, և սկզբունքներն արդեն կարևոր չեն, որ տղամարդը կարող է երկու ընտանիք պահել և այլն։ Ու թեև համատարած կատարվում է դա, նման դեպքերի հաճախականությունն ինձ չի համոզում նորմ անվանել դա:
Սրանք բարոյական հիվանդություններ են՝ դատապարտված վերջին դատաստանի ահեղ կրակին։
Շփացած երեխաներ, ովքեր չգիտեն ՙոչ՚ բառը, անպատկառ երիտասարդներ, որ չգիտեն` ինչի համար ապրել, անմիտ ծերեր, ովքեր որոշել են շվայտությամբ լրացնել երիտասարդ օրերին բաց թողածը` նույն շարքից են, նույն կրակի համար։ Իսկ ժողովուրդը, որը հաշտվել է նմանօրինակ խնդիրների այս կույտի հետ, որը համաձայն է այս ամենը ճանաչել որպես բնականոն երևույթ փոխված աշխարհում, շատ թույլ ժողովուրդ է։ Գուցե նա մի ժամանակ ուժեղ էր, բայց հիմա թույլ է։ Աշխատասիրությունը նրանում անխուսափելիորեն կփոխարինվի ձրիակերությամբ։ Հայրենասիրությունը կփոխարինվի պրագմատիկ լկտիությամբ։ Հավատարմությունը կհամարվի ժամանակավրեպ։ Անգամ գիտությունն ու կրթությունը կկաղեն, քանի որ բարոյազրկված մարդկանց հատուկ չեն ժրաջանությունն ու իմաստնության ձգտումը։ Հիվանդություններն էլ կհաճախանան։ Մարմնի նվաղկոտությունն անբարոյականության ուղղակի հետևանքն է։ Նման ժողովրդի հետ պատերազմելու կարիք էլ չկա։ Նրան հաղթելը մեկ անգամ մեկ է: Դանդաղ ու անիմաստ սողում է նա դեպի պատմության գերեզմանը, և այդ գերեզմանին աղոթող անգամ չի լինի։
Ամեն ինչ, իհարկե, այդքան վատ չէ, որ ատելով ատես կյանքը, թքես ամեն ինչի վրա ու երես թեքես։ Բայց ամեն ինչ բավականաչափ լուրջ է, անհանգստանալու համար անձնական ու հասարակական խնդիրներով։ Ներդրումներն անհրաժեշտ են, տեխնոլոգիական առաջընթացը նույնպես, պատշաճ թոշակները պետք են, առողջապահությունը, բնակարանաշինությունը և այլն։ Ո՞վ է առարկում։ Բայց այդ ամենի մասին առնվազն խոսում են։ Սակայն այն մասին, որ աղը կորցնում է իր համը, որ եթե ժողովուրդը լիակատար բարոյազրկման հասնի, ոչ մի բանի պիտանի չի լինի, ոչ ոք անգամ չի էլ խոսում։
Համեստ առաջարկս է վերընթերցել հինկտակարանյան Իսրայելի պատմությունը։ Դա ողջ Հին ուխտն է։ Թագավորաց գրքերը և հատկապես մարգարեները։ Այնտեղ կապը, մի կողմից, հզորության, կենսունակության ու արդարության, մյուս կողմից՝ անկման, խայտառակության ու բարոյական սանձարձակության միջև ներկայացված է ամենայն ակնհայտությամբ։ Քրիստոնյա ժողովուրդը՝ նոր Իսրայելը, այդ պատմության կենդանի էջերից սովորելու շատ բան ունի։